Պտույտ մը «Զվարթնոցի» մեջ

07/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Տղաս, ես նոր եմ իջել, թող շունչ քաշեմ,- չէր ուզում ենթարկվել պապիկը: -Թող կողքերս նայեմ, տեսնեմ ո՞ւր եմ եկել»:

«Էրգիր ես եկել, հայրիկ ջան, էրգիր,- վարորդը չէր ուզում պապիկին բաց
թողնել: -Նայելու բան էլ չկա, որ նայես: Քաղաք ես գնում, չէ՞: 10 դոլար
կտաս՝ կտանեմ: Ըստեղ ուրիշ տրանսպորտ չկա, մենք ենք ու «ՎԻՓ»-ի շիսոտները»:

«Պայուսակս տուր, տղա,- համառում էր պապիկը: -Ես ուզում եմ քայլել: Դուրս կգամ, հետո ինքս կորոշեմ ինչպես գնամ»:

«Է՛յ, բիձա, ո՞ւր ես գնում, բա վեշիդ փողը,- հետեւից վրա հասավ բեռնակիրը:- Կարող ա՞ գիտես մուֆտա կաշկա քշող ենք»:

Պապիկն այդպես էլ չհասցրեց հասկանալ, թե ո՞ւր է ընկել: Բեռնակիրը
պայուսակն արդեն տեղավորել էր ու պապիկի ձեռքից իր հասանելիքը թռցրել,
վարորդն էլ նրան հրեց, մտցրեց մեքենան ու գնացին: Բեռնակիրն ասաց, որ
պայուսակը սայլակով ընդամենը 15 մետր տանելու համար նրանից 5 դոլար է
վերցրել: Իսկ պապիկի ստացած առաջին տեղեկատվությունն այն էր, որ
օդանավակայանից Երեւան կարող ես հասնել միայն «Սիթի քաբ» եւ «ՎԻՓ» տաքսի
ծառայությունների մեքենաներով: Ու հարցնող էլ չի լինի՝ ուզո՞ւմ ես, թե՞ ոչ:

Հայաստան եկող յուրաքանչյուր ուղեւոր «Զվարթնոց» օդանավակայանում անպայման
դառնում է այսպիսի միջադեպի զոհ: Ընտրության հնարավորություն չկա: Կա
ներքին կարգ, որն օդանավակայանի տարածքում օրենքի ուժ է ստացել:
«Զվարթնոցում» բեռնասայլակների վճարովի ծառայությունն արգենտինյան
նորամուծություններից է: Մեկ սայլակն առանց բեռնակրի արժե 400 դրամ,
բեռնակրով՝ արդեն 1200 դրամ: Իսկ եթե սայլակը հասցնում են մինչեւ
ավտոմեքենան, արդեն արժե 2500 դրամ: Եթե բեռդ 3 պայուսակից ավելի է,
յուրաքանչյուր պայուսակի համար պետք է վճարես եւս 150 դրամ ու՝ քեզ բարի
ճանապարհ: Օդանավակայանի տարածքում առանձին տաքսիների գործունեությունը
խստիվ արգելված է:

«Օրական մեկիս տանում են տարածք, ծեծում են,- ասաց այդ խմբի վարորդներից մեկը: -Չեն թողնում, որ իրենց տաքսիների գործը լավ լինի»:

Տեղեկացրին նաեւ, որ վերոհիշյալ տաքսի ծառայություններից իր բաժինն ունի արդարադատության նախարարի եղբայրը:

Սայլակների ծառայության նման խճճված թվաբանություն ունի նաեւ ավտոկանգառի
վճարումների գնացուցակը: Ուրեմն, տարածք մոտք գործելիս վարորդը կտրոն է
ստանում, թե որ ժամին է հատել Հայաստան-«Զվարթնոց» սահմանը: Վարորդն
ընդամենը 10 րոպե իրավունք ունի իր մեքենան անվճար պահել օդանավակայանի
սահմաններից ներս: 1 ժամի համար կվճարի 400 դրամ, իսկ ամբողջ օրվա համար՝
2000: Եթե վարորդն ընդամենը 10 րոպե է անցկացրել ներսում, բայց կտրոնը
պատահմամբ կորցրել է, վճարելու է 2000 դրամ: Եթե վարորդը երկար է սպասել
ոչ իր «մեղքով», այլ թռիչքի կամ վայրէջքի հետաձգման պատճառով, միեւնույն
է, պիտի վճարի: Տեղեկացրին, որ ավտոկանգառը օդանավակայանի ինչ-որ
ծառայության պետի բիզնեսն է: Ավելի կոնկրետ չհաջողվեց ճշտել, բայց
իմացանք, որ տարածքում նրան «Սեւ թուղթ» են անվանում:

Օդանավակայանի շենքում ներքին կանոնները շատ ավելի դաժան են ու պարտադրող:
Ուզես թե չուզես, մի պայուսակդ պիտի փաթեթավորես 1200 դրամով, ծարավից
չխեղդվելու համար 0,5 լիտրանոց հանքային ջուրը պետք է գնես 500 դրամով:
Մեկ գավաթ սուրճն ու ծամոնն արդեն շռայլություն է: Եթե ուզենաս այդտեղից
գնել ինչ-որ հուշանվեր ու մի շիշ կոնյակ, արդեն պարզ կդառնա, որ դու
«հասարակ» մարդ չես, գրպանումդ կարգին փող ունես: Իսկ եթե սպասելու
ընթացքում նաեւ ճաշում ես, ուրեմն օլիգարխի կամ նախարարի բարեկամ ես:
Համենայնդեպս, այդպես բացատրեցին:

Իսկ գներն օդանավակայանում խիստ թանկացել են, որովհետեւ արգենտինացի
սեփականատեր Էռնեկյանը որոշել է սպասարկումը դարձնել միջազգային
չափանիշներին համապատասխան: Եվ, իհարկե, սկսել է գներից. տարածքում գործող
տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է շատ թանկ վարձավճար: Ավելի ճիշտ, նա
տարածքները ինչ-որ մի գումարով հանձնել է, ասում են, պատգամավոր Աշոտ
Աղաբաբյանին, վերջինս էլ սահմանել է իրեն հարմար գները՝ 1 քմ-ի համար՝
80-100 դոլար, ավիակասսաների ու փոխանակման կետերի համար կրկնակի ու եռակի
բարձր գներ: Բավական թանկ են նաեւ օդանավը սպասարկող ծառայությունների
գները՝ թռիչքի եւ վայրէջքի համար վճարվող գումարները ու էլի հազար ու մի
բան: Ավիավառելիքն արդեն թանկանում է՝ յուրաքանչյուր կիսամյակը մեկ: Այս
ամենի համար վճարում է միայն ուղեւորը: Սարսափելի թանկ է ավիասնունդը:
Մասնագետներն ասում են, որ տոմսի մեջ միայն սննդի բաժինը 25-30 դոլար է,
ուտես թե չուտես՝ պիտի վճարես: Թանկացումների այս շարանը, բնականաբար,
Էռնեկյանի ներկայացուցիչների հետ համաձայնեցվում է: Ի դեպ,
օդանավակայանում լայն մասշտաբներով գովազդվում է բջջային նոր օպերատորի՝
«Վիվա Սելլի» ծառայությունը: Օդանավակայանում տեղյակ չէին, որ քաղաքում
դոլարը թանկացել է, այնտեղ աշխատում էին հին կուրսով՝ առքը 452 դրամ էր,
վաճառք էլ չկար: Ուղեւորներից մեկը փոխանակման կետի աշխատողին փորձեց այդ
մասին տեղեկացնել:

«Գնա ընդեղ էլ փոխի, քուրո, ըստեղ սենց ա»,- պատասխանեց աշխատողը:

Իսկ մի կին հաշվառման (ռեգիստրացիայի) ժամանակ աշխատողին փորձում էր
հավատացնել, որ տանը իր պայուսակը 19 կգ էր, համոզվելու համար երկու անգամ
է կշռել՝ իր ու հարեւանի կշեռքներով: Օդանավակայանի կշեռքը կշռել էր 22
կգ, ու աշխատակիցը նրանից պահանջում էր վճարել 2 կգ ավելի բեռի համար:
Ուղեւորը ստիպված վճարեց, այդպես էլ չհասկանալով, թե իր ու հարեւանի
կշեռքներն ինչո՞ւ են իրեն խաբել:

Բայց տարածքում գործող դեղատան գները օդանավակայանի համար զարմանալի ցածր
էին, Երեւանի գներին հավասար, ցածր էին նաեւ վարսավիրանոցի
ծառայությունների գները: Վարսավիրներն ասացին, որ իրենց հաճախորդները տեղի
աշխատողներն են, որոնք ի վիճակի չեն թանկ վճարել: Ինչպես տեսաք, Էռնեկյանի
ծրագրած արդիականացումն այս մի քանի տարիներին արտահայտվել է միմիայն
թանկացումներով: Բայց կառուցվում է օդանավակայանի նոր համալիրը:
Կառուցողներն ասում են՝ դա Էռնեկյանի ներդրումն է: Իսկ մենք այն կարծիքին
ենք, որ դա արվում է «Զվարթնոցի» ուղեւորներից ստացած շահույթից: