«Հայաստանի Հանրապետությունը 30.000 քկմ-անոց բազար է»

26/01/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Նախ խոսենք քաղաքական մշակույթի մասին: Ի՞նչ է այն ենթադրում:

– Նախեւառաջ քաղաքական մշակույթը ենթադրում է մշակույթ: Քաղաքագիտության մեջ քաղաքական մշակույթ տերմինը հայտնվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, բայց որպես քաղաքական մշակույթ՝ ձեւավորվել է դեռեւս 16-րդ դարում: Մինչ 16-րդ դարը աշխարհի քաղաքական քարտեզում կարելի էր տեսնել միայն կայսրություններ` բյուզանդական, չինական, պարսկական, թուրքական եւ այլն: 16-րդ դարում իրավիճակը փոխվեց Եվրոպայում: Հռոմեական սրբազան կայսրությանը փոխարինելու եկան առանձին-առանձին պետություններ: Հենց այդ ժամանակ էլ պետությունաշինության մտածելակերպը խթանեց քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Ֆրանսիական պետությունը կայացավ շնորհիվ Կոռնելի եւ Ռասինի ողբերգությունների: Անգլիական պետությունը կայացավ Շեքսպիրի ստեղծագործությունների շնորհիվ: Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունում չափազանց միամիտ միապետը կործանեց իր երկիրը: Մինչդեռ «Համլետում» երկիրը կործանվեց միապետի խարդախության եւ դաժանության պատճառով: Շեքսպիրի մոտ արդեն կար քաղաքական ռացիոնալությունը, որը մեզ մոտ հաճախ թարգմանում են որպես ազգային շահ: Պետական շահը տարբերվում է իշխանությունների շահից: Դուք կարող եք տեսնել բազմաթիվ ծառեր, իսկ մյուսը` անտառ: Պետական շահը ծառերի ետեւում անտառ տեսնելու ունակությունն է: Եթե նախկինում պետության կրողը մարդն էր, այսինքն` պետությունը հանդիսանում էր իբրեւ նպատակ, այսօր իրավիճակը միանգամայն փոխվել է: Պետությունը դարձել է գործիք: Եթե դիտարկենք մեր երկրի խորհրդարանը, ապա այնտեղ կտեսնենք պատգամավորների, բայց խորհրդարան չենք տեսնի: Պատճառն այն է, որ այդ մարդիկ իրենց անձնական շահերի ետեւում չեն տեսնում անտառ: Սա արդեն քաղաքական մշակույթի բացարձակ բացակայություն է: Այսօր երկրներ կան, որոնք համարվում են փլուզված պետություններ` Աֆղանստանը, Սոմալին, Զաիրը, Կոնգոն, որտեղ որեւէ պետականություն չկա: Պետությունը կարող է տրոհվել, մասնատվել, բայց շարունակել գոյություն ունենալ: Այս պարագայում պետությունը եկեք չշփոթենք տարածքի ու սահմանների հետ: Պետությունը ենթադրում է պետական մտածելակերպ:

– Իսկ մենք ունե՞նք պետական մտածելակերպ:

– Մենք ունենք «Որոգայթ», «Կյանքի գինը» եւ այլն, որտեղ չկա պետականություն: Այնտեղ կան առանձին օլիգարխներ ու քրեականներ, որոնք հետապնդում են իրենց անձնական շահերը: Այդ ֆիլմերում բացակայում է պետությունը: Ահա սա է մեր քաղաքական մշակույթը, որի գաղափարը առաջնահերթ պետք է հասկանա մշակույթի գործիչը, ստեղծագործողը: 100 տարի առաջ Լեւոն Շանթը փորձում էր պետականության մտածողության խնդիրներ առաջ բերել: Այսօր մտավորականությունը դա չի հասկանում: Եթե հասկանա, ապա կարող է այն փոխանցել նաեւ պատգամավորներին:

– Մտավորականությունը չի հասկանում, որովհետեւ ինքն է՞լ է միայն ծառեր տեսնում:

– Այստեղ խնդիրը մտավորականության աշխարհայացքի լայնությունն է ու, ներեցեք, ինտելեկտի բացակայությունը: Մտավորականության մակարդակն այնքան ցածր է, որ նույնիսկ չեն հասկանում, թե ի՞նչ է պետականությունը: Գուցե կրկնվեմ, բայց պետականությունը, իսկապես, բարդ հասկացություն է: Մտածողություն ասելով՝ նկատի չունեմ կենցաղային խոսակցությունները կամ գողական, թույլ տվեք օգտագործել բառը` «ռազբիրատները»: Պետականությունը հիմնվում է փիլիսոփայական գաղափարների վրա: Օրինակ, Թուրքիայի պետականությունը հիմնված է Հեգելի փիլիսոփայական գաղափարների վրա:

– Բայց միեւնույն է, «Մենք նրանցից լավն» ենք կարգախոսը միշտ գործում է: Այդպես չէ՞:

– Մենք միշտ մոռանում ենք, որ Թուրքիան եղել է հիվանդ եվրոպացի, բայց, այնուհանդերձ, շարունակում է մնալ այդպիսին: Իսկ Հայաստանի մասին այդպիսի արտահայտություն երբեւէ հնչե՞լ է: Դժվար թե որեւէ մեկը մեզ համարի եվրոպացի:

– Լավ, մեզ մոտ «զոռբայության» մշակո՞ւյթն է ծաղկում:

– Խնդիրը դա չէ: Պետք է պարզապես կանգնել ու բարձրաձայն ասել` «Պարոնայք, դուք չեք կարող լինել պետականության կրողներ»: Մեր քաղաքական գործիչների 90%-ը չի հասկանում, թե ի՞նչ է պետությունը: Նրանցից շատերը բազմաթիվ ծառեր են տեսնում, բայց այդպես էլ չեն տեսնում անտառը: Եթե անգամ չլիներ Մարտի 1-ը, համոզված եմ, որ իշխանությունները մեկ այլ ողբերգություն կստեղծեին: Այդպես է լինում, երբ նրանց ասում ես ճշմարտությունը, որ մեզ մոտ պետականություն չկա: Իսկ պետականության բացակայության մասին վկայում են նաեւ օտարերկրացի սոցիոլոգների հետազոտությունները: Մի դեպքում հետազոտության արդյունքները փաստում են, որ Հայաստանում նեոֆեոդալիզմ է, մեկ այլ պարագայում` Հայաստանի պետականության կայացման մակարդակը համարում են այնպիսին, ինչպիսին 14-15-րդ դարերում եվրոպական իշխանություններն էին: Այսօր ունենք մի ազդեցիկ խավ, որը դեմ է պետականությանը: Եվրոպական պետություններում, օրինակ` Ֆրանսիայում, պետականությանը դեմ են միայն քրեականները: Բայց պետությունը ավելի ուժեղ է, քան նրանք: Մինչդեռ Հայաստանում հակառակ պատկերն է: Իշխանությունը ներգրավում է որոշ խավի մարդկանց, ովքեր հակասոցիալական տիպեր լինելով, պետականության թշնամիներն են: Խոսքը նույնիսկ բռնատիրության մասին չէ: Ես ինքս կերազեի, որ Ֆրանկոյի կամ Սալազարի նման ֆաշիստական դիկտատորներ լինեին: Նույնիսկ ամոթ է, որ մեր պետությունը չի հասնում անգամ ֆաշիստական դիկտատուրայի, որովհետեւ սա հակապետություն է: Դա այն է, որ քրեականն ավելի ուժեղ է, քան պետությունը: Այս ամենը կարելի է տեսնել հեռուստասերիալներում: Մեզ մոտ ամեն ինչ գնում է դեպի պետականության փոշիացում:

– Ո՞վ է մեղավոր:

– Մեղավորը այն մտավորականությունն է, որն այսօր գոյություն ունի: Եթե իրենք չունեն բարոյական տակտ, չեն հասկանում, թե իրենց առջեւ քրեական ինչպիսի հակումներով մարդիկ են նստած, այդ պարագայում փոշիացման պատճառները հասկանալի են: Ահարոն Ադիբեկյանը պատգամավորների շրջանում անցկացրել էր հոգեբանական թեստավորում: Նա հարցումների մի անկյունը բացեց հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ: Նրա ակնարկից հասկանալի էր այն, որ մեր խորհրդարանի մեծ մասն ուներ քրեական մտածողությամբ հոգեբանություն: Ժամանակակից ցանկացած տեսության մեջ ասվում է, որ սկզբից պետք է կառուցել պետություն, այնուհետ այն տանել դեմոկրատիայի ուղղությամբ: Իսպանիան 1970-ական թթ. բռնապետություն էր, 80-ական թթ. դարձավ Եվրոպայի ամենադեմոկրատական երկիրը: Կարեւորը` պետականությունն է: Մենք տարածքն ունենք, մնում է պետականության հիմնումը:

– Իսկ եթե քաղաքական գործիչների վարքի նորմերը շարունակում են մնալ խորովածանոցների ու այլ վայրերի էլիտարության շրջանակներում, ապա ինչպե՞ս պետք է պետականություն հիմնենք:

– Արեւմտյան երկրներում չես կարող քաղաքականությամբ զբաղվել, եթե չես ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մարդու ինտելեկտի ձեւավորումը սկսում է 5 տարեկանից: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական գործիչների բարձրագույն ուսումնական հաստատությունը եղել է փողոցը: Այստեղ, թերեւս, կարող ենք ասել, որ, այո՛, նրանք Գորկու պես ավարտել են «կյանքի» համալսարանը (ժպտում է.- Մ. Մ.):

– Դա՞ է պատճառը, որ մեզ մոտ «այբբենարանական» կրթությունը համարվում է բարձրագույն կրթության նշաձող:

– Քաղաքական մտածողություն ձեռք բերելն իրականում բարդ գործընթաց է: Ինչպես նշեցի քիչ առաջ, այն սկսում է 5 տարեկանից, երբ մարդու մոտ ձեւավորվում է քաղաքական մտածողությունը: Հակառակ դեպքում` մարդը չի հասկանում, թե ինչ է կատարվում, եւ սկսում է աչքերը բացուխուփ անել:

– Մեզ ժամանա՞կ է պետք:

– Կարծում եմ` ոչ: Դեռեւս դարասկզբին մենք ունեցել ենք քաղաքական մեծ գործիչներ: Նրանցից լավագույնը Ստեփան Շահումյանն էր: Նա ավարտել էր 4 համալսարան եւ քաղաքական փորձառություն ուներ: Երբ նա դարձավ Բաքվի կոմունայի կողմնակիցը եւ հայ բոլշեւիկների առաջնորդը, հանգիստ կարողանում էր բանակցություններ վարել դաշնակցականների հետ: Այս իմաստով Երեւանում քաղաքական մշակույթը շատ ավելի ցածր էր, քան Բաքվում: Դա արմատական խնդիր էր: Ստեփան Շահումյանի քաղաքական մտածելակերպը մինչ օրս Հայաստանում որեւէ մեկը չունի:

– Դուք նշեցիք «Լիր արքայի» մասին: Մեզ մոտ լիրարքայությո՞ւն է:

– Մեզ մոտ տնտեսական եւ քաղաքական շահերի միահյուսում է: Այսինքն` մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ է: Թեեւ որոշ իմաստով գուցե լիրարքայությունը գոյություն ունի:

– Ի՞նչ է խոսքի ազատությունը:

– Խոսքի ազատությունը բոլոր հարցերը քննարկելու ազատությունն է: Եվ այդ հարցերը քննարկել ոչ թե խոհանոցում, այլ ամենաբարձր հարթակներում: Մենք բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում լրագրողների հետ ինչպես են վարվում` լրագրողը քաղաքական համակարգի մասին կարող է ազատորեն գրել, բայց, Աստված չարասցե, որ լրագրողը ինչ-որ մեկի տնտեսական շահերին դիպչի:

– Ինչո՞ւ:

– Սա 30.00քկմ-անոց բազար է, այլ ոչ թե քաղաքական միավոր: Եվ քանի որ բազարում տնտեսական շահերն են կարեւոր, ուստի` դա դառնում է արգելված թեմա: Իսկ մնացյալ թեմաների քննարկումը ազատ է ու բաց:

– Պարոն Ջալոյան, ի վերջո, այս 30.000քկմ-անոց «բազարը» դեպի ո՞ւր է գնում:

– Շատ երկրներ ցանկություն չունեն երկիր կառուցելու: Դա է պատճառը, որ այդ երկրներում մարդիկ շարունակում են ապրել «յոլա գնալու» սկզբունքով:

– «Յոլա գնալ»` ապրելու մե՞ծ հույսերով:

– Դե իհարկե, հույսը երբեւէ պետք չէ կորցնել: