Սերժ Թանգյանի հայրը` Խաչատուր Թանգյանը, դեկտեմբերի 29-ին թողարկեց իր առաջին` «Ինչպես մոռանանք» ձայնասկավառակը, որտեղ ներկայացնում է իր սիրած հայկական երգերը: Պատկառելի տարիքի հասած ու միշտ իր հայ լինելը շեշտող Խաչատուր Թանգյանը նշում է, որ ձայնասկավառակի անվանումը Հայոց եղեռնի ժամանակ մեր զոհերի ու կորցրած մշակույթի նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության արտահայտումն է: Սկավառակում ընդգրկված երգերի շարքում կա նաեւ երկու նոր երգ, որոնք նվիրված են Հրանտ Դինքի հիշատակին: «Ինչպես մոռանանք» սկավառակն իրականացվել է Սերժ Թանգյանի մասնակցությամբ, իսկ երաժշտության գործիքավորման հեղինակն է կոմպոզիտոր Անդրանիկ Մարգարյանը: Սերժ եւ Խաչատուր Թանգյաններն առաջին անգամ միասին ելույթ ունեցան մի բեմում Հայաստանի համահայկական հեռուստամարաթոնի օրը, եւ այդ փաստը շատ ոգեւորեց իրենց:
– Պարոն Խաչատուր, հետաքրքիր է իմանալ` ինչո՞վ եք զբաղվել Միջին Ասիայում ապրելու տարիների ընթացքում, մինչ Միացյալ Նահանգներ տեղափոխվելը:
– Առաջին բանը, որը հիշում եմ, երգն է: Երբ 6 տարեկան էի, իմ ծննդավայր Հալեպում ինձ ներկայացնում էին հայրենիքից եկած հյուրերին, որոնց համար էլ ես հայկական երգեր էի երգում: Երգն ինձ հետ է ծնվել: Բայց այդ ժամանակ երաժշտությամբ ապրուստ ապահովելը հնարավոր չէր, եւ ես երգելու մասին չկարողացա մտածել: Ստիպված արվեստը արհեստի վերածեցի: Երբ Լիբանան եկա, ծանոթացա մի նվագախմբի հետ եւ սկսեցինք միասին հարսանիքներին նվագել: Սովորաբար, երբ երգ ու երաժշտություն ես սիրում, ամեն տեղ էլ փորձում ես քեզ հարազատ ու քեզ պես մտածող մարդկանց գտնել: Որպես նվագախումբ՝ մենք պրոֆեսիոնալ չէինք, բայց բավականին լայն ճանաչում ստացանք: Իսկ երբ 1956 թվականին ստեղծվեց «Քնար» երգի ու պարի անսամբլը, ես այդ անսամբլի առաջին անդամներից մեկը դարձա: Իմ տիկնոջ հետ էլ հենց այդտեղ եմ ծանոթացել, նա պարուհի էր: 1959-ին Ֆրանսիայում` Մարսելում մասնակցեցի Դաշնակցության 60-ամյակին նվիրված տոնակատարությանը: Ես որպես հյուր էի մեկնել Մարսել, բայց անակնկալ կերպով 2-3 երգ կատարեցի, հետո էլ տարբեր հրավերներ ստացա: Երգը միշտ իմ մտերիմ ընկերն է եղել: Սակայն որպես ապրուստ չէի կարող գործածել մինչ այս վերջին տարիները, երբ դադարեցի աշխատել ու վերադարձա իմ երազանքին:
– Ինչպե՞ս է կատարվել «Ինչպես մոռանանք» ձայներիզի երգերի ընտրությունը:
– Որոշեցինք ձայներիզի մեջ տարբեր ոճերի երգեր ընդգրկել: Կան ազգային, ընկերային, աշուղական, սիրային երգեր: Անշուշտ, ամենահարազատ երգը «Ինչպես մոռանանքն» է, որովհետեւ այդ երգում մեր ճակատագիրն է, մեր պատմությունը: Կարծում եմ, որ այդ երգը մեր ազգային պատմությունը մոռացած մարդուն արթնացնող երգ է: Որպես հայ ու անհատ` կարող եմ ասել, որ շատ կարեւոր եմ համարում Հրանտ Դինքին նվիրված երգերը:
– Մտածո՞ւմ եք հաջորդ ձայնասկավառակը ձայնագրելու մասին:
– Գիտեմ, որ միշտ կուզեմ երգել: Եվ եթե հնարավորություն լինի, սիրով կշարունակեմ այդ գործը:
– Պարոն Խաչատուր, երբ տեսաք Ձեր տղայի աստղային հաջողությունները, ակնկալո՞ւմ էիք, որ մի օր հենց նա կհասկանա Ձեր երազանքը, եւ Դուք ձայներիզ կթողարկեք:
– Դա իմ առաջին երազանքներից էր: Իմ որդին հարմար գտավ այն իրականացնել, տիկինս էլ միշտ ասում էր` հիշատակ է պետք, այդչափ երգել ես, մի բան պետք է թողնես: Տղաս էլ ինձ քաջալերեց: Շատ ուրախ ու հպարտ եմ, որ Սերժն իրականացրեց իմ երազանքը, դա ինձ նոր կյանք տվեց:
ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆ – Ձայներիզ թողարկելն ավելի շուտ մայրիկիս գաղափարն էր: Մի օր նստած խոսում էինք, եւ մայրիկն ասաց, որ լավ կլինի հայրիկը ձայնագրություններ ունենա: Ասացի` հիանալի գաղափար է: Եվ գործի անցանք: Ես տարիներ շարունակ զբաղվում եմ երաժշտությամբ, եւ միշտ ցանկացել եմ ընտանիքիս օգտակար լինել: Երաժիշտ դառնալու իմ որոշման հարցում հայրիկս մեծ ազդեցություն է ունեցել, նա միշտ ասել է ինձ` ինչ որ անես, միշտ երազանքիդ հետեւիր, իսկ ես միշտ կօգնեմ քեզ, եւ եթե պետք լինի՝ երկրորդ աշխատանքը կվերցնեմ` քեզ օգտակար լինելու համար: Նրա այդ ոգեւորումը շատ թանկ էր ինձ համար, որովհետեւ հաջողության հասնելը դյուրին չէ, եւ իմ հայրիկի խոսքերը իմ կյանքի ուղենիշները դարձան: Հիմա էլ եկել է օգտակար լինելու իմ ժամանակը: Ես ասացի նրան` հիմա դու ցատկիր:
– Հայտնի է, որ Սերժ Թանգյանը միշտ անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման հարցին: Երգը օգնո՞ւմ է այդ գործին:
– Երգը միջոց է բոլոր տեսակի մտածմունքների ու գաղափարների արտահայտման համար: Եվ ոչ միայն անձնական: Երգը խոսելու ամենաճշգրիտ ու իմաստուն ձեւերից է: Լինի Ցեղասպանության, սիրային կամ այլ թեմա, միեւնույն է, երգը մնում է ամենահետաքրքիր ու զորավոր միջոցը` այդ թեմաները բարձրացնելու համար:
– Այսինքն` երգած երգերի թեմայից հնարավո՞ր է հասկանալ` թե երգիչն ինչպիսի մարդ է:
– Մասամբ: Կարիք չկա բոլոր զգացմունքները ի ցույց դնել ունկնդրին: Կարեւոր է, որ լսողն իր զգացածը նույնպես ներդնի կատարման մեջ:
– Իսկ որքանո՞վ է հայկական պատմությունն անդրադարձել Ձեր երգերի վրա: Կարող եմ ասել, որ Ձեր երգերը հայկական չեն, բայց ոգին է հայկական:
– Ժողովրդի մասին բավականին լայն կարծիք կարող ես կազմել ու սովորել` լսելով ֆոլք երգերը: Ես չգիտեմ՝ իմ երգերը որտեղ են սկսվում եւ որտեղից են ծնվում, երբեք էլ չեմ ուզի իմանալ դա: Երգ գրելն ինձ համար միստիկական բան է: Բոլորս էլ գրում ենք այն աշխարհի երգը, որտեղ ապրում ենք:
– Մասնակցելով Լոս Անջելեսում տեղի ունեցած Հայկական երաժշտական ու վիդեո մրցանակաբաշխությանը, ինչպիսի՞ տպավորություն կազմեցիք:
– Հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես են աշխատում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված երաժիշտները: Դա լավ առիթ էր հայկական երաժշտությանը ծանոթանալու համար: Ես կուզեմ դիմել բոլոր հայ երգիչներին եւ ասել` բավական է «reverb»-ը` արհեստական արձագանք օգտագործեք: Մեր գործում «reverb» օգտագործում են սխալները թաքցնելու համար, այլ ոչ թե ձայնը հզորացնելու կամ ազդեցիկ դարձնելու համար: Երգչի նկարագիրը հասկանալու համար պետք է նրա ձայնը լսես: Իսկ էֆեկտներ օգտագործելու դեպքում երգչի երաժշտական տվյալները անտեսվում են:
– Իսկ որո՞նք են Ձեր ապագա ծրագրերը:
– Հիմա միանգամից 3-4 նախագծերի վրա եմ աշխատում: Պատրաստում եմ երկրորդ սոլո ալբոմը եւ մյուզիքլի վրա եմ աշխատում: «Prometheus Bound» (որը կարելի է թարգմանել որպես «Պրոմեթեւսի սահման» կամ «Պրոմեթեւսի տարածք».- Ա.Թ.) անվանումն ունեցող մյուզիքլի հիմքում անտիկ Հունաստանի առաջին թատերախաղն է: Այդ նախագիծը կներկայացվի 2012 թվականին: Նաեւ աշխատում եմ Սթիվեն Սայթերի հետ, ով «Spring Awakening»` «Գարնանային զարթոնք» մյուզիքլի հեղինակն է: Գրում եմ նաեւ իմ առաջին սիմֆոնիկ գործն ու մի քանի ֆիլմերի համար կոմպոզիցիաներ ստեղծելու առաջարկների շուրջ եմ մտորում:
Հարցազրույցը`
Անի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Լոս Անջելես