Խաբել են պաշտպաններին

23/01/2010

Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին, այն պահին, երբ «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանները նրան են փնտրել` ՍԴ դիմելու հայցի տակ ստորագրելու համար, Ն. Փաշինյանը դեռ գտնվել է «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, այսինքն` ԱԱԾ մեկուսարանում: Երեկ այդ մասին Փաշինյանի փաստաբաններին տեղեկացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը «Նուբարաշեն» ք/հ-ում տեսակցության ժամանակ: «Երեկ մենք ժամը 15։00-ին տեսակցություն ունեինք Նիկոլ Փաշինյանի հետ: Նշված ժամին, երբ մենք ներկայացանք «Երեւան» քրեակատարողական հիմնարկ, մեզ հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Իրականում այդ պահին Փաշինյանը «Երեւան» քրեակատարողական հիմնարկում էր: Այսինքն` մեզ խաբեցին եւ թույլ չտվեցին նրա հետ տեսակցել»,- «Ա1+»-ին ասել է Նիկոլ Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Հինգշաբթի օրը «Երեւան» ք/հ-ում հեռախոսազանգից օգտվելու իրավունք է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրան հնարավորություն չեն տվել զանգել իր փաստաբաններին կամ հարազատներին եւ հայտնել իր գտնվելու վայրը: «Իրականում «Երեւան» ք/հ-ից Ն. Փաշինյանին «Նուբարաշեն» են տեղափոխել ժամը 16։10-ի սահմաններում: Իսկ նրա գտնվելու վայրը չէին հայտնում, որպեսզի մենք չհասցնեինք նրա ստորագրությունը ստանալ` հունվարի 10-ի ընտրությունների արդյունքները ՍԴ բողոքարկելու համար»,- ասել է Ե. Վարոսյանը։ Հիշեցնենք, որ նրանք, այնուամենայնիվ, հասցրել են հայցը ներկայացնել ՍԴ: Փաշինյանի փաստաբանները երեկ նրան տեսակցել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Փաշինյանի փաստաբաններն այս պահին աշխատում են Կենտրոն- Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար: Ինչ վերաբերում է «Երեւան» քրեակատարողական հիմնարկից Ն. Փաշինյանին «Նուբարաշեն» տեղափոխելուն, ապա Երվանդ Վարոսյանը գտնում է, որ դա Փաշինյանի վրա հերթական անգամ ճնշումներ գործադրելու փորձ է: «Երեւան» քրեակատարողական հիմնարկը համարվում է ամենաանվտանգը: Մեզ որեւէ պատճառ չեն հայտնել, թե ինչու են Փաշինյանին տեղափոխել: Եթե ասում են` «Երեւան» ք/հ-ում տեղ չկա, այդ դեպքում թող տեղափոխեին նրանց, ում ավելի ուշ են ձերբակալել, քան Փաշինյանին: Մենք վստահեցնում ենք, որ տեղափոխումը որեւէ կերպ չի ազդել պայքարը շարունակելու Փաշինյանի վճռականության վրա»,- ասել է նա: