ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ ԻԻՀ արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով հունվարի 20-21-ին այցելել էր Իրան: Հանդիպումներ են եղել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Երեկ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռ. Քոչարյանի գրասենյակը: «ԻԻՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ անցած տարիներին նախանշված բոլոր համատեղ նախագծերը հաջողությամբ իրագործվելու են: «Որպես պաշտոնաթող նախագահ այսօր էլ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել հայ-իրանական բարեկամության ամրապնդմանը եւ գործակցության խորացմանը»,- նշել է Ռ. Քոչարյանը»: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է այցի մասին մամուլում տեղ գտած որոշ տեղեկություններ. «Այցի օրերին տպագիր եւ էլեկտրոնային մամուլում «Tehran Times» պարբերականի եւ իրանական այլ ԶԼՄ-ների վրա կատարած հղումներով հայտնվել են Քոչարյանի հանդիպումների մանրամասները ներկայացնող ոչ հավաստի տեղեկություններ, մասնավորապես` ԻԻՀ նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի կողմից իբր արված հայտարարություններ: Իրականում, ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, ինչպես նաեւ նշված հանդիպումների ընթացքում Ռ. Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել: Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է»: