Հիմա էլ օրենք են գրում

23/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել մի օրենսդրական նախագիծ, որը միջազգային պայմանագրերի նկատմամբ վերապահումներ անելու կամ դրանք միակողմանիորեն չեղյալ հայտարարելու իրավասություն կտա Ազգային ժողովին:

Գործող օրենսդրության համաձայն, միջազգային պայմանագրերի հետ կապված վերապահումներ անելու իրավասություն ունի միայն ՀՀ նախագահը: Բնականաբար, ԱԺ-ին նման լիազորություններ տալու գաղափարը կապված է հայ-թուրքական արձանագրությունների հետ: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ այդ վերապահումների մեջ նախ պետք է արտացոլվի արձանագրությունների մասին Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը: Պատգամավորի կարծիքով՝ վերապահումներ կիրառելն անհրաժեշտ է նաեւ միջազգային պայմանագրերի վիճարկելի դրույթները երկակի մեկնաբանություններից զերծ պահելու համար: Եվ, ի վերջո, միջազգային պայմանագրերի հետ կապված երկրներին վերապահումներ անելու իրավունք է տալիս Վիեննայի կոնվենցիան: Իսկ ՀՅԴ-ն այս օրենսդրական նախաձեռնությունը ձեռնարկել է զուտ հայ-թուրքական արձանագրությունների համար, որպեսզի, երբ դրանք քննարկվեն

ԱԺ-ում, վերջինս իրավունք ունենա վավերացման որոշմանը վերապահումներ կցել: Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն, երկկողմանի պայմանագրերի նկատմամբ վերապահումներ կիրառելը նպատակահարմար չի համարում: Նրա խոսքերով՝ դա շատ հազվադեպ է կիրառվում, եւ «միջազգային իրավունքի գերակշռող դոկտրինան չի էլ ընդունում նման հնարավորությունը»: «Դա շատ բնական է, որովհետեւ երկկողմանի պայմանագրի դեպքում բանակցող կողմերը պետք է համաձայնությունների գան բանակցությունների ժամանակ: Եթե իրենք ստորագրել են ինչ-որ մի տեքստ, դրանից վերապահում անելը նշանակում է, թե կողմերից մեկը փոխում է իր տեսակետը: Այդ ժամանակ մյուս կողմը իրավասու է ընդունել կամ մերժել այդ վերապահումները»,- մեկնաբանում է Վ.Պողոսյանը:

Նրա ասելով, միջազգային պրակտիկայում վերապահումներ կիրառելու օրինակ եղել է: Որպես հզոր պետություն՝ ԱՄՆ-ը կարողացել է դա անել: Սահմանադրագետը համաձայնեց այն եզրակացության հետ, թե ՀՀ-ի նման թույլ պետությանը դժվար թե հաջողվի վերապահումներ կիրառել: Բացի այդ, նա գտնում է, որ կոնկրետ այս դեպքում վերապահումներ ընդունելու անհրաժեշտություն չի տեսնում: Հատկապես, երբ Թուրքիան շատ բուռն արձագանքեց ՍԴ որոշմանը: «Թուրքական կողմը, փաստորեն, քաղաքական պատասխանատվություն է վերցնում իր վրա այս պրոցեսը ձախողելու համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ պիտի դրա համար ՀՀ-ն մեղքի ինչ-որ բաժին վերցնի իր վրա: Քաղաքական տեսակետից բացարձակապես աննպատակահարմար եմ համարում նման նախաձեռնությունը: Եվ վստահ եմ, որ ոչ ՀՀ նախագահը, ոչ էլ ԱԺ մեծամասնությունն այդ նախաձեռնությանն իր համաձայնությունը չի տա»,- ասում է Վ.Պողոսյանը:

«Վերապահումն անհրաժեշտ է, որ պայմանագիրն ընդունելիս եւ գործողության մեջ դնելիս այն դառնա դրա անբաժանելի մասը: Եթե որեւէ երրորդ երկիր վաղը հղում տա այս արձանագրություններին եւ ասի, որ հայկական կողմը պարտավոր է քննարկման առարկա դարձնել, օրինակ, ցեղասպանության իրողության հարցը, ապա առանց վերապահման նրանք իրավացի կլինեն: Իսկ վերապահում անելու դեպքում հայկական կողմը մշտապես կարող է դրանից խուսափել»,- ի պատասխան` ասում է Ա.Մինասյանը:

Պատգամավորն էլ իր հերթին կարճատես է համարում այն տեսակետը, թե Թուրքիան կարող է վերապահումների հանգամանքն օգտագործել, դուրս գալ հաշտեցման գործընթացից ու դրա մեղքը բարդել Հայաստանի վրա: «Դա նշանակում է, որ ի սկզբանե ՀՀ-ն մտել է մի պրոցեսի մեջ, որտեղ եղել են նախապայմաններ, եւ դրանք ընդունել է: Եթե այդպես է, ապա մենք ի սկզբանե դեմ ենք նախապայմանային քաղաքականությանը: Դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ գործընթացից շատ արագ կերպով»,- ավելացնում է պարոն Մինասյանը:

Արձանագրությունների դեպքում վերապահում անելը հավասարազոր է արդեն ՀՀ-ի կողմից նախապայմաններ առաջադրելու հետ, կարծում է Վ.Պողոսյանը: Պարզապես «վերապահում» բառը իրավական տերմին է եւ օգտագործվում է որպես միջազգային պայմանագրերի մաս: Իսկ արդյո՞ք վերապահում չէին ՍԴ որոշման մեջ նշված պարզաբանումները: «Ոչ, ՍԴ-ն վերապահում չի արել: Այդ կետերը հանրության համար էին մտահոգիչ, բայց դրանք մտահոգիչ չէին իրավական տեսակետից: ՍԴ-ն տվել է բացարձակապես իրավական հիմնավորումներ ու գնահատականներ: Ուրիշ բան է, որ դրանց շնորհիվ հանրության որոշակի հատվածի համար շատ ավելի պարզ ու հասկանալի դարձան արձանագրության դրույթները: Եվ շատ հատկանշական է, որ Թուրքիայի Արտգործնախարարության հունվարի 18-ի հայտարարությունը մերկապարանոց էր ու որեւէ կերպ ի վիճակի չի եղել ՍԴ որոշման մեջ իրենց հայտարարած նախապայմանները մատնանշել»,- ասում է Վ.Պողոսյանը: Վերջինս նաեւ ավելացնում է, թե ՍԴ որոշման պատճառով Թուրքիան աղմուկ է բարձրացրել` ցանկանալով ուժեղացնել ճնշումը ՀՀ-ի վրա` միջազգային հանրությանը համոզելով, որ ՀՀ-ն է խոչընդոտում վավերացման գործընթացին եւ դրա շնորհիվ ցանկանում է զիջումներ կորզել ՀՀ-ից: «Բայց ինձ համար բացարձակ պարզ չէ, թե մենք ինչո՞ւ ենք ցանկանում թուրքերի այդ գործողություններին աջակցել»,- հարցնում է մեր զրուցակիցը:

Վ.Պողոսյանի խոսքերով՝ արձանագրությունների վավերացմամբ այս պահին առավել շահագրգռված է ԱՄՆ-ը, որովհետեւ 3 ամիս հետո նորից ապրիլի 24 է գալու: Եվ Բարաք Օբաման նորից պետք է դիլեմայի առաջ կանգնի` ճանաչե՞լ Հայոց ցեղասպանությունը, թե՞ փորձել թուրքերի հետ լեզու գտնել: «Ակնհայտ է, որ այդ արձանագրություններից այլեւս հետ չի կանգնելու, եւ այդ տեքստը այն մինիմումն էր, որի շուրջ կողմերը եկել են համաձայնության: Դրանից ավելի փոխզիջումներ որեւէ երկիր չի կարող պահանջել ՀՀ-ից»,- համոզված է Վ.Պողոսյանը: Վ.Պողոսյանը նաեւ հարցնում է, թե վերապահումների ի՞նչ տարբերակ է ցանկանում ներկայացնել ՀՅԴ-ն: Միգուցե նրանք կետ մտցնեն, թե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կարելի է հաստատել միայն այն դեպքում, եթե այդ երկիրն ընդունի Հայոց ցեղասպանությունը: «Արդյո՞ք նման վերապահումն ընդհանրապես առարկայազուրկ չի դարձնի ամբողջ արձանագրությունները: Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունը բացարձակապես նպատակ ունի ձախողել վավերացման պրոցեսը: Իմ կարծիքով՝ այդ արձանագրությունները բխում են մեր ազգային շահերից: Հենց դա է պատճառը, որ Թուրքիան ամեն պատրվակ փորձում է օգտագործել, որպեսզի վիժեցնի վավերացումը»,- ավելացնում է սահմանադրագետը:

ՀՅԴ-ն դեռ չի առաջարկել վերապահման տեքստ, եւ դեռ հստակ չէ, թե ինչ պայմաններ են այնտեղ լինելու: Իսկ այդ նախագծով ՀՅԴ-ն նաեւ ցանկանում է ԱԺ-ին արտաքին քաղաքականությանը մասնակցելու հնարավորություն տալ: «Նախագիծը ներկայումս մշակման փուլում է: Օրենքները պետք է հնարավորություն տան, որ ԱԺ-ն կարողանա ինքն էլ վերապահում ձեւակերպել, եւ դա միայն չվերապահվի նախագահին: Ի վերջո, ԱԺ-ն ու նախագահը պետք է կարողանան փոխադարձ զսպումների եւ հակակշռման մեխանիզմներով իրացնել սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները: Տվյալ դեպքում մենք օրենսդրական նախաձեռնություն ենք անում՝ զարգացնելու համար մեր օրենսդրությունը, ինչը պետք է ոչ միայն այս, այլեւ ուրիշ դեպքերում: Մինչդեռ գործող օրենքները զրկում են ԱԺ-ին արտաքին քաղաքականության մեջ մասնակցություն ունենալու հնարավորությունից»,- ասում է պատգամավորը: ԱԺ-ում որեւէ նախագիծ նույնիսկ քննարկման դնելու համար հեղինակները պետք է կարողանան ստանալ պատգամավորների մեծ մասի «կողմ» քվեարկությունը, ինչը այս դեպքում քիչ հավանական է: Կան, իհարկե, այլ տարբերակներ, սակայն նույնիսկ քննարկվելու դեպքում էլ այդ օրինագծի ընդունման հավանականությունը շատ փոքր է, որովհետեւ դա չի ընդունի մեծամասնություն կազմող «Հանրապետական» կուսակցությունը: «Կգա օրը, բարին հետը»,- եզրափակեց Ա.Մինասյանը: