Ամերիկյան «Heritage» հիմնադրամի եւ «Wall Street Journal» պարբերականի 2010թ.-ի զեկույցում Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով աշխարհի 179 պետությունների թվում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 31-րդի փոխարեն: Ամեն տարի հրապարակվող այս զեկույցում Հայաստանը սովորաբար տարածաշրջանի առաջատարն է եղել` իր հետեւում թողնելով Վրաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին ու ԱՊՀ բոլոր մյուս երկրներին: Մերձբալթյան երկրներից էլ Հայաստանից առաջ է եղել միայն Էստոնիան: Սակայն այս տարի հրապարակված զեկույցում, որը վերաբերում է 2009թ.-ին, բացի Էստոնիայից (16-րդ տեղ), մեզանից առաջ են գտնվում նաեւ Վրաստանը (26-րդ) ու Լիտվան (29-րդ): Տնտեսական ազատության ինդեքսի առավելագույն միավորը 100-ն է, այսինքն` որքան տվյալ երկրի ցուցանիշը մոտ է 100-ին, այնքան այդ երկրում տնտեսական ազատությունների մակարդակը բարձր է: Հայաստանի ինդեքսը 2009-ին կազմել է 69.2` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.7 կետով: Տնտեսական ազատության ընդհանուր ինդեքսը հաշվարկվում է որպես հետեւյալ տասը կատեգորիաների ինդեքսների միջին թվաբանական` բիզնեսի վարման ազատություն, առեւտրի ազատություն, հարկային ազատություն, պետական ծախսեր, մոնետար ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունք, կոռուպցիայից ազատություն եւ աշխատանքի ազատություն: Այս տասը կատեգորիաներից Հայաստանը հատկապես վատ վիճակում է գտնվում կոռուպցիայից ազատության (ինդեքսը 29 է` նախորդ տարվա 40.5-ի փոխարեն) եւ սեփականության իրավունքի պաշտպանվածության (ինդեքսը 30 է` նախորդ տարվա 43.8-ի փոխարեն) գծով: «Կոռուպցիան լայնորեն տարածված է բոլոր մակարդակներում եւ ոլորտներում: Կառավարական պաշտոնյաների կողմից կաշառքի պահանջները ընկալվում են որպես սովորական երեւույթ: Կառավարության հետ կապված գործարարները վերահսկում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ապրանքատեսակների ներկրումը: Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը 2008 թվականին 109-րդ տեղում է 179 երկրների շարքում` նահանջելով 2007թ.-ից»,- նշված է կոռուպցիայից ազատության ինդեքսի ՀՀ-ի վերաբերյալ պարզաբանման մեջ: Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի պաշտպանությանը, ապա զեկույցի հեղինակները նշում են, որ այդ ինդեքսով 2009 թվականին ՀՀ-ն աշխարհի 115 պետությունների թվում 98-րդ տեղում է գտնվում: «Մտավոր սեփականության պաշտպանության մակարդակով Հայաստանը աշխարհում ամենացածր ցուցանիշն ունի: Ստեղծված կացության պատճառներից մեկը դատական համակարգի թերզարգացած եւ կոռումպացված վիճակն է, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է կնքված գործարքների իրագործմանը»,- նշված է զեկույցում: Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով բավականին լավ տեղ է զբաղեցնում այդ 179 երկրների ցանկում` իր հետեւում թողնելով այնպիսի պետությունների, ինչպիսիք են Իսրայելը (44-րդ տեղ), Հունգարիան (51-րդ), Պորտուգալիան (62-րդ), Ռումինիան (63-րդ), Ֆրանսիան (64-րդ), Թուրքիան (67-րդ), Լեհաստանը (71-րդ), Հունաստանը (73-րդ), Իտալիան (74-րդ), Բուլղարիան (75-րդ): Ադրբեջանը 96-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 143-րդ, Իրանը` 168-րդ: Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ շուկայական տնտեսությունից բավականաչափ հեռու, կոռուպցիայի ու մոնոպոլիաների մեջ թաղված Հայաստանը սովորաբար ավելի բարենպաստ դիրքեր է գրավում այս ցուցակում, քան վերը նշված երկրները: «Կարեւորն այն է, թե նման ինդեքսներ կազմելիս ինֆորմացիոն բազան որտեղից են վերցնում: Ես բավականին մանրամասն ուսումնասիրել եմ «Heritage»-ի տնտեսական ազատության համաթվի հաշվարկման մեխանիզմները: Նրանք տեղեկություններ վերցնում են ՀՀ դեսպանատներից, ԿԲ-ից, ԱՎԾ-ից: Տեղում ուսումնասիրություններ չեն կատարում եւ մինչեւ վերջերս չէին օգտվում այնպիսի կազմակերպություններից, որոնք սեփական ուսումնասիրություններ են անում: Օրինակ` Transparency International-ը, երբ որ կոռուպցիայի ընկալման համաթիվ է հաշվում, երբեք պաշտոնական վիճակագրությունից չի օգտվում, սեփական հարցումներն ու ուսումնասիրություններն է անում: Նույն կերպ է աշխատում նաեւ Դավոսի համաժողովը, երբ երկրների մրցունակություն է հաշվարկում (որտեղ ՀՀ-ն վերջին տեղերից մեկում է)»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ երկու տարի առաջ է միայն տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման մեթոդների մեջ որոշակի փոփոխություններ կատարվել, եւ այժմ «Heritage»-ը հաշվի է առնում մի շարք այլ միջազգային կազմակերպությունների տվյալներ նման զեկույցներ կազմելիս: «Սակայն Հայաստանի ու նաեւ` Վրաստանի նման երկրները չեն կարող նույնիսկ առաջին 70 տեղերից որեւէ մեկը զբաղեցնել, քանի որ մեզ մոտ շուկայական ինստիտուտները չեն աշխատում, իշխանությունները ավտորիտար են եւ այլն: Ամեն դեպքում ինձ համար զարմանալի է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում «Heritage»-ը առաջին անգամ այդպիսի քննադատական տոնով է ներկայացնում Հայաստանը»,- նշեց Վ. Խաչատրյանը: