Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ այս տարվա առաջին
կիսամյակում գրանցված 655 ահազանգերից 552-ը հրդեհի դեպքեր են եղել,
որոնցից 7-ը՝ խոշոր չափերի: Հրդեհների հետեւանքով զոհվել է 15, տուժել 11
մարդ: Նյութական վնաս պատճառել են հրդեհի 452 դեպքեր: Դրանց հետեւանքով
ոչնչացել է 13 շինություն, 46 գլուխ անասուն, 245,5 տոննա հացահատիկ ու
անասնակեր: Հրդեհների 27 տոկոսը ծագել է բնակելի շինություններում:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՎ լրատվական կենտրոնը, վերջին շրջանում
հրշեջծառայությունների աշխատանքները խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ են
ի հայտ եկել: «Հրդեհաշիջման լուրջ խնդիր կա այս երկրում»,- ասում է ԱԻՎ
լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը: Նախկինում յուրաքանչյուր
շինություն ներսում կամ դրսում հատուկ խողովակաշար է ունեցել, որոնց
օգնությամբ անհրաժեշտության դեպքում ջուր են մատակարարել հրշեջներին:
«Ամբողջ աշխարհում ընդունված է շինարարական որեւէ կառույց նախաձեռնելիս
ապահովել նախ հակահրդեհային անվտանգությունը, մեզ մոտ այսօր այդ խնդիրները
հրշեջների հետ չեն համաձայնեցվում, բացի այդ՝ այսօր ընթացող շինարարական
այս շիլաշփոթի մեջ քարուավազի տակ են մնացել նախկինում հրդեհաշիջման
նպատակներով կառուցված խողովակաշարերի մեծ մասը եւ չեն գործում,-մտահոգված
է Ն. Գրիգորյանը,- խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների տարածքում
հրդեհաշիջման նպատակներով նախկինում կառուցվել են նաեւ ջրահավաք
ավազաններ, այսօր դատարկ են նաեւ այդ ավազանները»: Այս ամենին գումարվում
են նաեւ շենքերի հարեւանությամբ կառուցվող ապօրինի շինություններն ու
կցակառույցները, որոնք ընդհանրապես փակում են հրշեջ մեքենայի ճանապարհը:
Սրանց էլ գումարվում են բազմաթիվ այլ խնդիրները, որ կապված են բնագավառի
սուղ հնարավորությունների հետ, արդյունքում՝ հրշեջն իր գործից է
հիասթափվում, ժողովուրդն էլ հրշեջծառայություններին չի վստահում:
Միայն Երեւանում այսօր գործում է 13 հրշեջմաս: Տեխնիկական զինման եւ
հանդերձավորման առումով՝ մարզերի համեմատ երեւանյան հրշեջծառայությունների
վիճակն ավելի բարվոք է: «Մարզեր կան, որտեղ հրդեհները համեմատաբար քիչ թիվ
են կազմում, այժմ ուսումնասիրություններ են կատարվում, որպեսզի տեխնիկայի
եւ ուժերի նոր տեղաբաշխում արվի, համեմատաբար ուժեղ տեխնիկայով կզինվեն
այն շրջանների հրշեջմասերը, ուր հրդեհները հաճախադեպ են»,- տեղեկացնում է
Ն. Գրիգորյանը: Հրշեջ ծառայություններն առայսօր գործել են
Սովետմիությունից ժառանգած տեխնիկայով: «Բնականաբար, եւ
ավտոտնտեսությունը, եւ փողրակային համակարգը այլեւս պիտանի չեն»,- ասում է
Ն. Գրիգորյանը: Միայն վերջերս տասն օգտագործված հրշեջտեխնիկա մեզ
տրամադրել են ֆրանսիացիները, կառավարությունն էլ խոստացել է թարմացնել
փողրակային համակարգը: «Ես չեմ ուզում խոսել մեր հրշեջծառայությունների
աշխատանքային պայմաններից, որոնք բազմաթիվ վերանորոգչական աշխատանքներից
հետո էլ շարունակում են անբավարար լինել եւ չեն համապատասխանում այսօրվա
պահանջներին»,- ասում է պրն Գրիգորյանը: Իսկ իրենց ամենամեծ խնդիրը
հրշեջները շարունակում են համարել անտրամաբանական ցածր աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ այս պատճառով կազմակերպած բողոքի ցույցերի արդյունքում
քաղաքացիական հրշեջների 13.000 դրամ աշխատավարձն ավելացավ ընդամենը 4500
դրամով, իսկ ռազմականացված հրշեջծառայությունների աշխատակիցների համար
սահմանվեց նվազագույն 24.000 դրամ, ինչը սակայն իրավիճակը ոչնչով չփոխեց:
Հրշեջծառայություններն այսօր ոչ միայն փորձառու հրշեջների, այլեւ
վարորդների խնդիր ունեն: «Դեպքեր են լինում, երբ ահազանգ է լինում եւ
դեպքի վայր մեկնող հրշեջխումբը ամբողջական անձնակազմով չի լինում»,-
պատմում են հրշեջները: Այս մասնագիտությունը ռիսկային լինելու եւ ցածր
վարձատրության պատճառով այսօր քչերին է գրավում: «Պարզ չի՞, որ լավ
վարորդը չի գա այստեղ աշխատի 24.000 դրամով, այլ կգնա մարշրուտկա կքշի»,-
ասում են նրանք: ԱԻՎ լրատվական կենտրոնի տնօրենը հավաստիացնում է, որ
դեկտեմբերից, երբ գործողության մեջ դրվի Հայաստանի փրկարար ծառայության
մասին օրենքը, հրշեջների աշխատավարձերի նոր բարձրացում է ակնկալվում՝
35.000 դրամ եւ ավելի:
Ն.Ա.