Ուղիղ եթերում «կախած զանգերը»

23/01/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ անցած դիվանագիտական տարին ամփոփելու համար։ Լրագրողներին, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում էին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ պնդելով, որ այն պարունակում է նախապայմաններ եւ հակասում է արձանագրությունների դրույթներին։ Այդ, ինչպես նաեւ այն պնդումները, որ հայկական կողմը արձանագրություններում ինչ-ինչ փոփոխություններ է արել, Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով, անհեթեթություններ են։ «Թուրքիայի այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Էդ. Նալբանդյանը՝ հավելելով, որ դրանց չի հավատում ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ հենց Թուրքիայի ներսում քիչ են հավատացողները։ Ըստ Էդ. Նալբանդյանի, Հայաստանը շարժվում է արձանագրություններին տառին եւ ոգուն համապատասխան, եւ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: «Հույս ունեմ, որ Թուրքիան էլ նույն կերպ կվարվի` առանց նախապայմանների ու ձգձգումների կգնա արձանագրությունների վավերացմանը»,- ասաց Էդ. Նալբանդյանը՝ միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքիան նախորդ տարվա հոկտեմբերից սառեցրել է վավերացման գործընթացը, իսկ Հայաստանում այն ընթանում է իր հունով: Փաստորեն, Էդ. Նալբանդյանը հետաքրքիր իրավիճակում է հայտնվել։ Եթե ժամանակին նա մեզ էր փորձում համոզել, որ «եզի տակ հորթ չկա», այժմ նույնը փորձելու է համոզել Թուրքիային եւ միջազգային հանրությանը։ Ընդ որում, եթե Թուրքիային չհաջողվի համոզել, ապա միջազգային հանրության հարցում ՀՀ ԱԳՆ ղեկավարը վստահ է։ «Եթե Թուրքիան փորձի ձախողել բանակցությունները եւ այդ պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա, ապա միջազգային հանրության կողմից այդ քայլը չի ընդունվի»,- ասաց Էդ. Նալբանդյանը: Իսկ հարցին՝ գործընթացի ձախողման հավանականություն կա՞, Նալբանդյանը պատասխանեց. «Եթե Թուրքիան շարունակի խոսել նախապայմանների լեզվով, ինչպես դա անում է հիմա, ապա… 100 տոկոսով որեւէ բան ասել չեմ կարող այս պահին»:

Իհարկե, խոսք գնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, հունվարի 25-ին Սոչիում սպասվող Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպման եւ ակնկալվող արդյունքների մասին։ Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին՝ կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար, Էդ. Նալբանդյանն ասաց. «Մենք հուսով ենք, որ այն դրական միտումները, որոշ դրական տեղաշարժը (որը, սակայն, բավարար չէր, որպեսզի բեկում արձանագրվեր 2009 թվականին), որը նկատվեց 2009 թվականին, եւ այն դրական դինամիկան, որը արձանագրվեց 2009 թվականին, մենք կպահպանենք նաեւ 2010 թվականին»: Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ պետք է արագացնել գործընթացը, նոր թափ հաղորդել դրան, ԱԳ նախարարի կարծիքով՝ արհեստական արագացմամբ կամ արհեստական դանդաղեցմամբ հնարավոր չէ օգուտ տալ գործընթացին: «Գործընթացը գնում է իր հունով, եւ այս բանակցությունները ցույց են տալիս, որ իսկապես, եթե դրական դինամիկա չլիներ, 9 անգամ նախագահները չէին հանդիպի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Միեւնույն ժամանակ՝ վերջինս այդքան էլ լավատես չէր առաջընթացի հարցում։ Ավելին՝ փորձում էր բացատրել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչու են պարբերաբար լավատեսություն արտահայտում՝ նշելով, որ 2010 թվականին կարող է ստորագրվել շրջանակային համաձայնագիր։ Էդվարդ Նալբանդյանը նրանց լավատեսությունը համարում է բնական, բայց ոչ այդքան իրատեսական: «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե եռանախագահներն ասեին՝ մենք հույս չունենք որեւէ տեղաշարժի եւ որեւէ բանի ստորագրմանը, անգամ միջանկյալ, ապագա 1 տարում, 2 տարում, 3 տարում: Ինչո՞ւ էին այդ ժամանակ վարում այդ բանակցություններըգ Իհարկե, ասել, թե 2010 թվականին ինչ կլինի, դժվար է այսօր։ Բայց եթե ադրբեջանական կողմն ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, այն ժամանակ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն: Բայց ասել, որ մոտակա ժամանակ ինչ-որ մի բեկում կարող է սպասվել, ես չէի ասի այդպիսի բան»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը։

Շատերն արդարացիորեն նշում են, որ Հայաստանը քարոզչական դաշտում տանուլ է տալիս Ադրբեջանին։ Լրագրողների դիտարկման հետ, որ Հայաստանը շատ հաճախ անպատասխան է թողնում Ադրբեջանի հայտարարությունները, Էդ. Նալբանդյանը համաձայն չէ: «Գիտեք, չեմ կարծում, որ մենք չենք արձագանքում: Շատ անգամ ադրբեջանցիներն են փորձում արձագանքել մեր հայտարարություններին, եւ չեն գտնում, թե ինչպես արձագանքել»,- ասաց նա` ավելացնելով, որ միշտ չէ, որ պետք է հայտարարությանը հայտարարությամբ պատասխանել: «Չնայած ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կարծում են, որ լեզվակռիվը, կամ, ներողություն, այսպես ասած, «պորտը տեղը դնելը» հերոսություն է: Կարծում եմ, որ եթե խոսքը գնում է ճառ ասելուն թե զանգ կախելուն, ես կնախընտրեի երկրորդը»,- տեղեկացրեց Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինիս խոսքերով, արտաքին գործերի նախարարի առաջին խնդիրներից մեկն այն է, որպեսզի աշխատի դրսի լրատվական միջոցների եւ քաղաքագիտական կենտրոնների հետ: Նալբանդյանը փորձում էր համոզել, որ իր ղեկավարած գերատեսչությունն այդ իմաստով աշխատել է, եւ լավ է աշխատել։ «Բազմաթիվ, գիտեք, ելույթներ են եղել ամենագլխավոր քաղաքագիտական կենտրոններում, միջազգային հարաբերությունների ինստիտուտներում, ամենահեղինակավոր լրատվական միջոցներին, տպվել են հարցազրույցներ, հոդվածներ են տպվել, ներդիրներ են տպվել: Հատուկ համարներ են թողարկվել»,- ասաց Էդ. Նալբանդյանը։

Դիվանագիտական տարին ամփոփող իր զեկույցում Էդ. Նալբանդյանը այլ տվյալներ էլ հաղորդեց։ Օրինակ՝ որ ՀՀ Նախագահը կատարել է 22 օտարերկրյա այցելություն, Հայաստան է այցելել այլ երկրների 8 ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 8 այցելություն, Հայաստան են այցելել երկու երկրի խորհրդարանի ղեկավարներ: Վարչապետն անցյալ տարվա ընթացքում կատարել է 8 այցելություն: ԱԳ նախարարը կատարել է 29 այցելություն, Երեւան են ժամանել 11 երկրների արտգործնախարարներ, 5 միջազգային կազմակերպության ղեկավար: Երեւանում եւ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 4 տասնյակ մամլո ասուլիսների,

20-ից ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին: ԱԳ նախարարության համակարգում 2009 թ. շրջանառվել է ավելի քան 100.000 փաստաթուղթ:

Մի խոսքով՝ ըստ Էդ. Նալբանդյանի, նախարարությունը հիանալի աշխատանք է կատարել 2009թ. ընթացքում, ինչի արդյունքում՝ «Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես կանխատեսելի եւ հուսալի գործընկեր, որի մոտեցումներն ընկալվում ու գնահատվում են: Միջազգային կարեւոր դերակատարներն ու կենտրոնները հարգանքով են վերաբերվում մեր երկրին»։ Իհարկե, այս վերջին պնդման հետ կապված՝ հայաստանցիների մի մասը բոլորովին այլ կարծիք ուներ։ Մանավանդ նրանք, ովքեր ուղիղ եթերում դիտում էին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, հատկապես՝ դրա վերջին մասը։