Անհրաժեշտ է «ոչ» ասելու ունակություն

23/01/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Հայաստանի Վերահսկիչ պալատի աշխատակազմի հետ: Եվ չնայած Ս.Սարգսյանի պատրաստակամությանը` պատասխանել նաեւ նրանց հարցերին, որեւէ հարց չհնչեց:

«Երբ հարցեր չեն լինում, դա երկու բան է նշանակում. կա՛մ ամեն ինչը լավ է, հասկանալի, կամ` ոչինչ հասկանալի չէ, եւ ամեն ինչ վատ է»,- նկատեց Ս. Սարգսյանը:

Հանդիպման սկզբում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը համառոտ ներկայացրեց 2008-2009թթ. ընթացքում կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները` ասելով, որ անցած տարիների ընթացքում իրենք վերահսկողություն են իրականացրել ԱԺ-ի կողմից, ինչպես նաեւ ՎՊ խորհրդի կողմից հաստատված շուրջ 63 ծրագրերի նկատմամբ: «Երկու տարվա ընթացքում վերահսկել ենք գրեթե բոլոր նախարարությունները, բացառությամբ երկու նախարարության եւ կառավարությանն առընթեր մարմինների, որոնք ընդգրկված են մեր այս տարվա ծրագրում: Պարբերաբար ՀՀ նախագահին զեկուցել եմ բոլոր թեմաների հետ կապված ուսումնասիրության արդյունքները, որի ընթացքում 21 գործ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ բազմաթիվ օրենքներում եւ կառավարության որոշումներում փոփոխություններ ենք առաջարկել: Սա շատ բնական է, քանի որ ՎՊ խորհուրդը ձեւավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով, եւ այդ իսկ պատճառով ՎՊ-ն առաջին հերթին հաշվետու է ՀՀ նախագահին»,- ասաց Ի. Զաքարյանը` հավելելով, որ 2010թ. իրենց աշխատանքների շուրջ 30 տոկոսը վերաբերելու են վարկային ծրագրերին: «ՎՊ երեք տարիների գործունեության ընթացքում մենք կարող ենք վստահաբար հայտարարել, որ ՎՊ-ն հասցրեց ամբողջապես ուսումնասիրել պետբյուջեից ստացված միջոցների օգտագործման արդյունավետության եւ նաեւ պետական գույքի հետ կապված բոլոր խնդիրները»,- հայտարարեց ՎՊ նախագահը` ավելացնելով, որ իր գլխավորած կոլեկտիվը կապացուցի, որ «վճռական ենք հայտնաբերելու բոլոր այն բացթողումները, որոնք այս կամ այն պատճառով բացասական երեւույթներ են առաջացնում տնտեսության մեջ»:

Պետբյուջեից ստացված գումարները ոչ արդյունավետ օգտագործելու հարցին անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանը` ասելով. «Բոլոր երկրներում պետական միջոցների նկատմամբ ոտնձգությունները հանցագործություն է: Մեր երկրում դա կրկնակի հանցագործություն է, որովհետեւ մենք չլուծված բազմաթիվ պրոբլեմներ ունենք: Եվ մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ ծախսել մեր հարկատուների միջոցները, պետք է կարողանանք առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել պետական միջոցներով: Եվ երբ պետական միջոցների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, այդ ոտնձգությունը մենք անպայման պետք է համարենք ոտնձգություն նաեւ մեր գալիք սերունդների նկատմամբ: Շատ բաներ կարելի է ներել պետական պաշտոնյաներին, շատ հարցերում կարելի է ներողամիտ լինել, բայց պետական միջոցին ձեռք գցած պաշտոնյան պետք է լինի ամենից զզվելի մարդը մեր հանրության մեջ: Իսկ այսպիսի մթնոլորտ ձեւավորելու գործում ձեր դերակատարությունը չափազանց մեծ է»: Ս. Սարգսյանը ՎՊ աշխատակազմին հորդորեց 2010թ. հանրությանն ավելի լավ ներկայացնել իրենց կատարած աշխատանքները, որպեսզի մատնանշած թվերն ու հայտնաբերած փաստերն առավել համոզիչ լինեն: Նաեւ խորհուրդ տվեց ավելի սերտորեն աշխատել իրավապահ մարմինների հետ. «Որովհետեւ մեր հանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում. ինչպե՞ս է պատահում, որ ՎՊ-ն վեր է հանում այս խնդիրները, չարաշահումները, վատնումների փաստերը, բայց լուրջ, աղմկահարույց գործեր չեն առաջանում, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն դատապարտվում, նրանց դեմ քրեական գործեր չեն հարուցվում: Իհարկե, այս հարցադրումներն օբյեկտիվ են: Այս առումով, ես կարծում եմ, որ 2010թ. նաեւ ձեր խնդիրը պետք է լինի շատ ակտիվ աշխատել նաեւ իրավապահ մարմինների հետ: Ակնհայտ է, որ բոլոր այն փաստերը, որոնք հնչում են եւ որոնք դառնում են մեր հանրության սեփականությունը, լինում են նաեւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, բայց մյուս կողմից էլ` միշտ չէ, որ թերությունը բավարար է, որպեսզի մարդուն քրեական պատասխանատվության կանչես,- ասաց Ս. Սարգսյանն` ավելացնելով,- Եվ այս առումով` կրկնում եմ, իմ ասածն այն չէ, որ ՎՊ-ն պետք է ցուցակ կազմի, թե պետական որ պաշտոնյաների նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցի եւ անմիջապես ուղարկի Դատախազություն: Պարզապես իմ ասածն այն է, որ մենք էլ խստապահանջ լինենք մեր ասածների նկատմամբ եւ հետեւողական լինենք մեր երեւան հանած թերությունները մինչեւ վերջ վերացնելու գործում: Սա չափազանց էական հանգամանք է»: «Մեր երկրում կան բազմաթիվ, հազարավոր պրոբլեմներ, եւ միայն միամիտներին կարող է թվալ, թե մեկ հարվածով կարելի է այդ բոլոր պրոբլեմները լուծել: Դրա մասին կարող են խոսել մարդիկ, ովքեր պատկերացում չունեն ընդհանրապես եւ՛ պրոբլեմների ծավալի, եւ՛ կառավարման մեթոդների, մարդկային հնարավորությունների մասին: Ուստի մենք պետք է տրամադրվենք տեւական, նպատակասլաց, համառ աշխատանքի: Անշուշտ, այդ տեւական, նպատակասլաց եւ համառ աշխատանքը չի կարող պատրվակ լինել, որպեսզի մենք մեր հանրությանը, մեր ժողովրդին ասենք, որ` սպասեք, 5, 10 տարի հետո լավ է լինելու: Մենք պետք է կարողանանք պրոբլեմներից տարբերակել կարեւորները, եւ նպատակաուղղված քայլեր կատարել այդ պրոբլեմները լուծելու համար: Իմ համոզմամբ, ՎՊ դերակատարությունը կայանում է նաեւ նրանում, որպեսզի կարողանա նկատել եղած պրոբլեմները, թերությունները առաջին հերթին կառավարման ոլորտում եւ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Եվ ոչ միայն նկատել այդ թերությունները, վեր հանել պրոբլեմները, այլ նաեւ ակտիվ մասնակցություն ունենա այդ թերությունների վերացման եւ պրոբլեմների լուծման գործում: Իհարկե, այս գործունեությունն իր մեջ պետք է նաեւ ներառի պետական միջոցների արդյունավետ կառավարման խնդիրը: Իհարկե, սա միակ խնդիրը չէ, որ պետք է ՎՊ-ն լուծի, բայց սա կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս առումով ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ ՎՊ 2009թ. գործունեությունից ես ունեմ գոհունակության զգացում, բայց ասածս չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են եւ զարգանալու տեղ չկա: Ընդհակառակը` իմ ասածը նշանակում է, որ դուք սկսել եք աշխատել նորմալ, եւ անպայման մենք պետք է եւ՛ ակտիվանանք, եւ՛ խորացնենք ինչպես մեր գիտելիքները, այնպես էլ բարելավենք մեր աշխատանքի որակը»,- ասաց նա:

Ըստ Ս. Սարգսյանի` մեր երկրում պրոբլեմների լուծումն ինչ-որ չափով տարբերվում է այլ երկրներում համանման խնդիրների լուծման գործընթացից: «Տարբերվում են նաեւ` հաշվի առնելով մեր յուրահատկությունը: Ասածից իմաստը նրանում է, որպեսզի ձեզ խրախուսեմ զերծ մնալ ճնշումներից, մի քիչ ավելի սկզբունքային լինել ձեր վեր հանած թերությունները հանրության սեփականությունը դարձնելու գործում: Եթե որեւէ պետական պաշտոնյա կամ ձեր բարեկամները, մոտիկները փորձում են ճնշումներ գործադրել ձեր վրա, խնդրանքն էլ է ճնշում գործադրել, գիտե՞ք, որպեսզի դուք զերծ մնաք այս կամ այն գործին հետամուտ լինելուց: Սա նույնպես էական է, որովհետեւ մենք մի բուռ ժողովուրդ ենք, մենք փոքր պետություն ենք, եւ կարծում եմ` ընդամենը մի քանի ժամը բավարար է, որպեսզի ցանկացած պետական պաշտոնյայի վրա ազդելու ուղիներ գտնեն մարդիկ` լինեն դրանք իրավախախտներ, հանցագործներ, թերացողներգ Այդպես է, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա իր հարազատին, բարեկամին, ընկերոջը, պետական պաշտոնյային նաեւ «ոչ» ասել: Եթե մարդը, որից կախված է ուրիշների աշխատանքին գնահատական տալը, օբյեկտիվությունը վեր հանելը, «ոչ» ասելու ունակություն չունենա, այդ մարդը չի կարող արդյունավետ աշխատել պետական պաշտոնում»,- ասաց Ս. Սարգսյանը: