Նաեւ Հայաստանում

23/01/2010

Եվրամիությունը արտերկրում իր 136 ներկայացուցչություններից 54-ը ձեւափոխել է դեսպանատան տիպի առաքելությունների` նրանց ընձեռելով ավելի լայն արտոնություններ: Այդ բարեփոխումների արդյունքում արտերկրում ԵՄ 54 գրասենյակների համակարգերը կդառնան ԵՄ յուրօրինակ դեսպանություններ եւ կարող են հանդես գալ ԵՄ բոլոր պետությունների անունից: Այդ երկրների շարքում են Հայաստանը, Շվեյցարիան, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Մակեդոնիան, Սերբիան եւ այլն: Այս երկրների ցանկը կազմվել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից՝ Եվրամիության երկրների հետ խորհրդակցությունների արդյունքում: Ներկայացուցչությունների վերափոխումը իրականացվում է Լիսաբոնյան պայմանագրով, որը նախատեսում էր նոր արտաքին քաղաքական կառուցվածքի ստեղծում: Համաձայն նոր օրենքների, ներկայացուցչություններին այնպիսի լիազորություններ են տրվում, որոնք առաջ իրացվում էին ԵՄ-ում նախագահող երկրների դեսպանությունների միջոցով: Ներկայացուցչությունների ղեկավարները կարող են հանդես գալ ԵՄ անունից, սակայն նրանց հայտարարությունները պետք է հավանության արժանանան ԵՄ 27 անդամների կողմից` Բրյուսելյան հանդիպումներում: Ինչպես հունվարի 20-ին Մոսկվայում հայտարարել է Իսպանիայի դեսպան Խուան Անտոնիա Պուոլը, երկրների նախագահությունը պահպանվելու է, սակայն դրա շրջանակներում իրացվելու է միայն ներքին քաղաքականությունը: Իսկ ԵՄ կազմում չընդգրկված երկրների հետ հարաբերությունները կանցնեն ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության Գերագույն հանձնակատարի լիազորությունների տակ: