Կապանցի երգահան Վահան Մանուկյանին ու նրա կնոջը` երգչուհի Սիլվա Սարգսյանին, հանդիպեցի Կապանի Մշակույթի կենտրոնի մուտքի մոտ, որտեղից պարզ լսվում էին դահլիճում ընթացող համերգի ձայները, ավելի ճիշտ` ռաբիս երգերի անհրապույր ձայները:
Երաժշտասեր ամուսիններին զարմացնում էին ոչ թե ռաբիս երգերի ռաբիս կատարումները, այլ հանդիսատեսի վերաբերմունքն այդ երգերի նկատմամբ: «Կապանում մշակութային ռեգրես է: Որեւէ բան չի փոխվել: Միայն թե` խնդիրը կապանցի հանդիսատեսի երաժշտության ընկալումն է: Եթե ներս մտնեք, կտեսնեք, որ դահլիճի մեծամասնությունը երեխաներ են, ովքեր այնպիսի ջերմությամբ են ծափահարում ռաբիս երգերին: Այդ տարիքից արդեն ճաշակ են փչացնում»,- նշում է Վահան Մանուկյանը, ով շուրջ 1000 երգի հեղինակ է` թե՛ մանկական, թե՛ ոչ մանկական: «Վահան Մանուկյանի երգի ստուդիան ձեւավորվեց 1996թ.: Հետպատերազմյան տարիներին հատկապես երեխաների հոգեվիճակը շատ ծանր էր: Նրանք հուսալքված էին: Մտածում էինք` ի՞նչ անել, որ երեխաներին գոնե որոշ չափով կարողանանք այդ հոգեվիճակից հանել: Եվ երբ բացեցինք ստուդիան, Կապանում բոլոր երեխաներն ուզում էին երգել: Ամենակարեւորը՝ նրանք երգում էին մանկական երգեր` առվակի, արեւի, երազանքի, մայրիկի, հայրենիքի մասին»,- վերհիշում է երգչուհի Ս. Սարգսյանը` Մշակույթի կենտրոնի իրենց վարձակալած սենյակում, որտեղ պատառոտված պատճառներով նստարանները վաղուց հաշմանդամության կարգ ունեն: Մինչ օրս երաժշտասեր ամուսինների մանկական ստուդիան չունի հաստատուն հասցե: Իսկ տարիներ առաջ ստուդիան գործում էր նկուղային հարկում, որտեղ տեղադրված էին շենքի ջրատար խողովակները: Ստուդիայի պես մշտական հասցե չունի նաեւ երաժշտասեր ամուսինների ընտանիքը: Վահանն ու Սիլվան ապրում են իրենց վարձակալած բնակարանում: Բայց փոխարենը՝ նրանք ունեն 4 ձայնասկավառակ, որտեղ բոլոր երգերը մանկական են: «Հիմա պատրաստման փուլում է նաեւ 5-րդ ձայնասկավառակը: Ուզում ենք նաեւ տպագրել այդ երգերի նոտաները»,- ասում է Ս. Սարգսյանը` նկատելով, որ առայսօր քաղաքի ղեկավարությունից իրենք որեւէ աջակցություն չեն ստացել` անգամ միկրոֆոն: «Ամեն ինչ անում ենք մեր ջանքերով, բայց, այնուամենայնիվ, չենք կարողանում հասցնել: Մեր նպատակը երեխաներին մանկություն վերադարձնելն է: Մենք երբեւէ մեր երգերը դրոշակ չենք դարձրել: Անընդհատ փորձությունների միջով ենք անցնում: Չգիտես ինչու, շատերին խանգարում ենք: Սկսում են պայքարել` այստեղից մեզ դուրս անելու համար»,- խորը սպիներով սեղանին նայելով` ընդգծում է Ս. Սարգսյանը` անդրադառնալով ավագ կապանցիներին, ովքեր ամեն կերպ փորձում են իրենց երեխաներին «դաստիարակել» ռաբիս երաժշտությամբ, երբեմն էլ նույնիսկ պարտադրում են դա լսել: «Ցանկացած պարագայում ստեղծագործող մարդու մեջքին պետք է կանգնած լինի իր տեղի ղեկավարությունը: Այսօր ինչո՞ւ քաղաքում մենք չունենք շատ երգիչ-երգչուհիներ, որովհետեւ շարունակում ենք ապրել այնպիսի լճացած քաղաքում, որտեղ մշակույթին տեղ չեն տալիս: Ինքնաբերաբար գործընթացը գնում է այլ ուղղությամբ: Պատճառը նույնիսկ ֆինանսների պակասը չէ: Պարզապես Կապանում մշակույթին ուղղված ֆինանսները բոլորովին այլ ուղղությամբ են գնում»,- սրտացավությամբ ասում է երգչուհին, ում սաներին այսօր Կապանում կազմակերպվող տոնական միջոցառումներին չեն հրավիրում: «Մեծ ֆինանսներ են ծախսում Երեւանից երգչուհիներ բերելու համար: Նրանց ամեն մի երգի համար 3000-5000 դոլար են տրամադրում, իսկ տեղի խմբերին ընդամենը առաջարկում են ձրի մի երգ երգել: Ասում են` «Դու էլ, եթե ուզում ես` կարաս գաս մի երգ հենց էնպես երգես»: Այսինքն` եթե ուզում ես` արի ձրի երգի: Դա է նաեւ պատճառը, որ այսօր չկան կադրեր: Իսկ դրսի երգիչներին հարստացնելու ռազմավարությունից տուժում են տեղացիները: Բայց որտե՞ղ է քո քաղաքի դեմքը: Ամեն անգամ գնալու ես Երեւանից երգիչ բերե՞ս: Իսկ ո՞ւր մնաց տեղի ստեղծագործողներին աջակցությունը»,- Կապանում մշակութային իրավիճակի մասին պատմում է կապանցի երգչուհի Ս. Սարգսյանը: Ստուդիայի հիմնադիրներն այսօր ունեն նաեւ այլ երկրներում հաստատվելու հնարավորություն, բայց չեն ուզում լքել իրենց քաղաքը: Ըստ նրանց` ոչ մի ուրիշ երկրում մարդ չի կարող կանգնել ու վստահ քայլել: Երաժշտասեր ամուսինների կարծիքով՝ տեղական իշխանությունները տեղյակ են իրենց նախաձեռնությունների մասին, եւ իրենց մի ձայնասկավառակի թողարկումը տեղի իշխանությունների համար մի ընդմիջման գումար է: «Ղեկավարությունն էլ գիտի, թե ինչո՞ւ է Կապանում մշակույթը լճացել: Պատճառը մեկն է` Կապանում ովքե՞ր են զբաղվում մշակույթով` երաժշտական նոտաները չիմացողները եւ ոչ մի գործիքի նորմալ չտիրապետողները: Այս ցածր մակարդակի հետեւանքն էլ ռաբիս ու անգրագետ երգիչներին ասպարեզ հանելն է: Մեր քաղաքում ռաբիսները զավթել են մշակույթը, իսկ պրոֆեսիոնալները շարունակում են հեռու մնալ Մշակույթի տնից ու ընդհանրապես ապրել ստվերում»,- ասում է երգահան Վահան Մանուկյանը, ում ղեկավարած ստուդիան դարձել է Մշակույթի կենտրոնի ղեկավարների նշանակետը:
Արդեն մի քանի տարի է, ինչ Մշակույթի կենտրոնի թե ներկա, թե նախկին տնօրենները ամեն կերպ փորձում են երաժշտասեր ամուսիններին արտաքսել պալատից: «Մեր երեխաների ձայնը չեն ուզում լսել: Փորձերի ժամանակ նույնիսկ դուռն են քացով փակում: Վահանին ասում են` դու գնա Կոմպոզիտորների միությունում աշխատի, ի՞նչ ես կպել մեր քաղաքից»,- վիրավորված պատմում է Սիլվա Սարգսյանը` բողոքելով թե՛ Մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արմենակ Հայրապետյանից, թե՛ Մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Բեգլարյանից: «Մենք սովոր ենք պայքարելու»,- ստուդիայի գովազդային պաստառի ետեւից վերցնելով նավթի շիշը` հավելում է երգչուհին: Ու ամեն օրվա պես նա վառում է վառարանը: Աշակերտների գալուն մնացել էին րոպեներ, իսկ սենյակի պատուհաններից արդեն ներս էր սողոսկել ցուրտը: