Կանաչածածկ տարածքներում բռնկվող հրդեհները օրվա տարբեր ժամերի
հասարակության մոտ միայն բացասական ռեակցիա են առաջացնում: Մասնագետների
հավաստիացումները, թե հրդեհների բռնկման պատճառները շոգ եղանակներն են,
չեն հանգստացնում կանաչ տարածքների ճակատագրով մտահոգվողներին:
Մասնավորապես, «Կանաչների միությունում» գտնում են, որ այդ
պատճառաբանությունները հնարավոր են միայն տեսականորեն:
«Գործնականում հարյուրից մի դեպքում կարող է լինել, որ կանաչ
տարածքներում, ինչպես պնդում են որոշ մարդիկ՝ հրդեհի պատճառ հանդիսանան
ապակու ջարդված կտորները»,- գտնում է «Կանաչների միության» նախագահը:
Միայն օգոստոսի 12-17-ը, ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների
վարչությունից, մայրաքաղաքի խոտածածկ տարածքներում արձանագրվել է հրդեհի
բռնկման 14 դեպք՝ Աճառյան փողոցում գտնվող «Փլեյ սիթի» խաղասրահի
տարածքում այրվել է 100 քմ, նույն փողոցում գտնվող ոստիկանության
շնաբուծության տարածքում՝ 50 քմ, զինվորական հավաքակայանին հարակից
խոտածածկույթում՝ 300 քմ խոտ: Երիտասարդական պալատին հարակից տարածքում
այրվել է 1000 եւ 200 քմ, իսկ Նորք-Մարաշ համայնքում գտնվող սրտաբանական
կենտրոնի եւ Ծիծեռնակաբերդի անտառում` 2000 եւ 1000 քմ չոր խոտ: 300-ական
քմ այրվել է Ամերիկյան համալսարանի մոտ եւ «Հաղթանակ» զբոսայգում,
Կոմիտասի փողոցի 65 շենքի դիմաց` 2000 քմ, իսկ Ջրաշենի ձորում` 500 քմ չոր
խոտ:
ԱԻՎ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանի
հավաստմամբ՝ օդի բարձր ջերմաստիճանը եւ անտառաշերտերում ու կանաչապատ
տարածքներում չորությունը հրդեհների բռնկման միանգամայն իրական
նախադրյալներ են: «Քանի որ մենք կոնկրետ փաստեր չունենք, ես ոչ կարող եմ
բացառել, ոչ էլ հաստատել այն մտայնությունը, թե խոտածածկ տարածքներում
հրկիզումները միտումնավոր բնույթ են կրում,- ասում է Ն. Գրիգորյանը՝
այնուամենայնիվ հավաստիացնելով, որ հրդեհները կարող են բռնկվել անսպասելի՝
լուցկուց, ծխախոտից, ապակու կտորից, փայլուն առարկաներից, որոնք
անդրադարձնում են արեւի ճառագայթները։ -Վերջին շրջանում հաճախադեպ դարձած
հրդեհների պատճառը հիմնականում տարածքներում ոռոգման համակարգի
բացակայությունն է, այդ տարածքները նախկինում ոռոգվում եւ խոնավ վիճակում
էին, այժմ այդ տեղերում, կարելի է ասել, ոռոգման համակարգն ընդհանրապես չի
գործում, ինչն էլ իր հերթին հրդեհածին իրավիճակի նախապայման է»:
Կանաչածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար հսկայական միջոցներ
են ծախսվում՝ հավաստիացնում է Ն. Գրիգորյանը. «Մենք հաճախակի
առաջարկություններ ենք ներկայացնում թաղապետարաններին եւ
մարզպետարաններին, եւ բազմաթիվ անգամներ հրշեջները թաղապետարանների
աշխատակիցների հետ իրականացրել են այսպես կոչված՝ «հսկվող կրակ» ծրագիրը՝
այսինքն խոտերն այրվում են նախապես՝ հետագա անակնկալ հրդեհներից
ապահովագրվելու համար»:
Շոգ եւ չոր ամիսներին անհամեմատ մեծանում է հրդեհների առաջացման վտանգը
նաեւ գյուղացիական տնտեսությունների անասնակերի կուտակման տեղամասերում:
Միայն 2005 թվականի 7 ամսվա ընթացքում արձանագրվել է նմանօրինակ հրդեհների
113 դեպք, ոչնչացել է 296 տոննա հացահատիկ եւ անասնակեր: «Խոտի դեզերում
առաջացած հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց առաջացման
հիմնական պատճառներն են դեզերի տեղակայման հակահրդեհային նորմերի եւ
կանոնների խախտումները, էլեկտրահաղորդման գծերի սխալ մոնտաժումը, դրանց
տակ դեզերի տեղավորումը, կրակի հետ անզգույշ վարվելը, դրա հետ երեխաների
խաղալը»,- զգուշացնում է ԱԻՎ-ը:
Ինչ վերաբերում է քաղաքային խոտածածկ տարածքներին, միայն անգիտության,
անզգուշության վարկածը համոզիչ չէ, հատկապես՝ երբ հրդեհված տարածքում կարճ
ժամանակ անց հայտնվում է հերթական շինարարության սկիզբն ազդարարող բետոնը:
«Այդ տարածքներում նախկինում ոռոգման համակարգ գործել է, եւ այժմ
միտումնավոր ջրազրկում են, որպեսզի կանաչ խոտն ու ծառերն աստիճանաբար
չորանան եւ հրդեհվեն, շատ դեպքերում միտումնավոր էլ հրդեհում են, որպեսզի
հետագայում այդ տարածքներում կառուցապատման աշխատանքներ սկսեն,- համոզված
է «Կանաչների միության» նախագահ Հ. Սանասարյանը,- եթե նկատել եք,
քաղաքային տարածքներում նման հրդեհները տեղի են ունենում հիմնականում այն
վայրերում, որտեղ հողի շահութաբերությունը մեծ է»: Պրն Սանասարյանը
վկայակոչում է «Հաղթանակ» զբոսայգուն, Կասկադին հարող եւ բազմաթիվ այլ
կանաչածածկ տարածքներ: