Վերջերս «Լույս» հիմնադրամը իր պաշտոնական կայքում տեղադրեց 2010-2011 ուսումնական տարվա այն համալսարանների ցանկը, որտեղ ընդունված ուսանողները հնարավորություն կունենան դիմել հիմնադրամին`ուսումը ֆինանսավորելու հարցով:
Ինչպես եւ անցած տարի, համալսարաններն ընտրվել են համաձայն ամերիկյան «USnews» տեղեկատվական գործակալության ցուցակի` նախապատվություն տալով առաջին հերթին ամերիկյան համալսարաններին: Նույնը տեղի էր ունեցել նաեւ անցած տարի, սակայն, քանի որ այս տարի հիշյալ ցուցակից դուրս էր մնացել բրիտանական հայտնի Օքսֆորդի համալսարանը, նեղ շրջանակներում այս փաստը զգալի անհանգստություն էր առաջացրել եւ բերել չտեսնված ակտիվության ինտերնետային «բլոգ»-երում եւ հասարակական ցանցերում: Բանն այն է, որ մի խումբ երիտասարդներ այս տարի դիմել էին հենց Օքսֆորդի համալսարան` համոզված լինելով, որ նշված համալսարանը չի կարող դուրս մնալ հիմնադրամի ցանկից: Թե ինչի հետ է կապված մարդկանց խորը համոզմունքը բրիտանական կրթության գերագույն առավելության մեջ մյուսների նկատմամբ, այլ հարց է, սակայն, եթե խոսենք համալսարանների ընտրության օբյեկտիվության մասին, այստեղ առաջանում են մի շարք հարցեր: Ինչո՞ւ է ԱՄՆ-ին տրվում քանակական առավելություն մյուս երկրների նկատմամբ եւ, ընդհանրապես, արեւմտյան կիսագնդին` արեւելյանի նկատմամբ: Կամ ինչո՞ւ է օգտագործվում հենց «USnews»-ի բաժանումը, որն ամենեւին էլ ամենաօբյեկտիվը չէ:
Չի՞ կարելի արդյոք որոշ դեպքերում ճկունություն ցուցաբերել, օրինակ` եթե ասիական համալսարաններ դիմած ուսանողների քանակը շատ քիչ է կամ ընդհանրապես դիմող չկա, հնարավոր չէ՞ այլ բարձր կարգ ունեցող (սակայն «USnews»-ի ցանկից դուրս մնացած) համալսարաններ ընդունված ուսանողներին ներառել կրթաթոշակների բաշխման ցուցակում եւ հնարավորություն տալ ստանալու բարձրակարգ ուսում (ինչի համար «Լույսը» եւ ստեղծվել էր):
Նաեւ կարելի է երբեմն համալսարանների բաշխումը կատարել` ըստ ընդունված ուսանողների շահերի եւ ոչ թե ինչ-որ ցուցակի համաձայն: Չէ՞ որ սրանից կախված են մարդկային ճակատագրեր:
Կարելի է հաշվի առնել, որ կան մշակութային համակարգեր եւ համապատասխան մասնագիտություններ, որոնք Հայաստանում ընդհանրապես ներկայացված չեն մասնագետների կողմից: Օրինակ` մեր հանրապետությունում մինչ օրս գոյություն չունի չինագիտության մասնագետ, եւ մենք ինքներս պետք է շահագրգռված լինեինք` ունենալ նման մասնագետներ: Բացի այդ` ցանկացած անձ որոշ ժամանակ արտերկրում սովորելուց հետո, որպես կանոն, սկսում է այս կամ այն չափով ներկայացնել համապատասխան երկրի մշակութային արժեքները, հայացքները, երբեմն նաեւ` շահերը: Թե ինչի կբերի անգլո-ամերիկյան կրթական մոնոպոլիան, դժվար չէ պատկերացնել: Միգուցե ավելի ճիշտ կլիներ բազմակողմանի կապեր զարգացնել բոլո՛ր կրթական համակարգերի հետ, ընդ որում` պրակտիկ քայլերի միջոցով:
Հավանաբար միակ պատճառը, որ «USnews»-ը «Chinese University of Hong Kong» համալսարանը դասել է ավելի ցածր, քան «University of Hong Kong» համալսարանը, համալսարանի անվան սկզբում զետեղված «Chinese» բառն է եւ համապատասխան քաղաքական հարաբերությունները (օրինակ` http://www.webometrics.info/index.html կայքի համաձայն` Հոնկոնգի համալսարանների ցանկում CUHK-ն գտնվում է երկրորդ տեղում` «Լույսի» երրորդի փոխարեն): Միանգամայն ակնհայտ է, որ եթե օգտագործվեր որեւէ ռուսական գործակալության համալսարանների ցանկը, ապա առաջին տեղերում մենք կտեսնեինք ռուսական կամ ռուսամետ ուղղվածություն ունեցող համալսարաններ, իսկ եթե ասիական` ապա առաջին տեղերում կլինեին Չինաստանի եւ Ճապոնիայի համալսարանները: Միգուցե ընդհանրապես ճիշտ կլինի ուսանողներին ընտրել ելնելով ո՛չ թե ընդունված համալսարանի տարակարգից, այլ կոնկրետ անձի ուսման ուղարկելու նպատակահարմարությունից: Եթե հիմնադրամը չի կարող ֆինանսավորել բոլոր ուսանողներին, ապա կարելի է նաեւ հիմնել «միջազգային ուսանողական անտոկոս վարկի» համակարգ, որը արտերկրում ուսման մեկնող ուսանողներին հնարավորություն կտա սովորել եւ աշխատելով վերադարձնել գումարը պետությանը:
Սուրեն ՍԻՆՅԱՎՍԿԻ
Հ.Գ. Ակնկալում ենք «Լույս» հիմնադրամի արձագանքը: