Արվեստի ոլորտում տարատեսակ սանդղակների, հիերարխիկ կառույցների ստեղծումն անխուսափելի է, այլ կերպ հնարավոր չի լինի առաջնահերթության պատրանք ստեղծել:
Արվեստը սպորտ չէ, որտեղ ամեն ինչ որոշվում է պարզ եւ անվրեպ (հաղթում է նա, ով արագ է վազում, բարձր է ցատկում կամ ուժեղ է հարվածում), արվեստը, առավել, քան որեւէ այլ դաշտ, մրցույթների, փառատոների ու մրցանակների կարիք ունի: Իսկ մրցույթում կամ փառատոնում հաղթող դառնալը նշանակում է, որ տվյալ ստեղծագործությունը` կրելով հաղթողի պիտակը, ապագայում լայն տարածում է ստանալու եւ ավելի լավ է վաճառվելու: Տարածման ու արվեստի պահանջարկը ձեւավորում է առաջին հերթին շուկան: Եվ մարդիկ գիրք, ֆիլմի կամ համերգի տոմս գնելով` ապահովում են արվեստի գործերի շրջանառությունը: Վաղեմի ժամանակներից թագավորներն ու կայսրերը գիտեին, որ միայն շուկայի վրա հույս դնելով, լավ պետություն չես ունենա, քանի որ ճաշակի ձեւավորումից, կրթված քաղաքացիներ ունենալուց բացի, հարկ է լինում արվեստի միջոցով պաշտպանել պետականությունը, ցուցադրել, որ կան պետական նշանակության որոշումներ, որոնց անխափան գործելու մեջ է տվյալ պետության ուժը: Եվ երբ շուկային զուգահեռ` արվեստը խրախուսող պետական համակարգեր են ստեղծվում, պարզ է դառնում, որ պետությունը «համարակալում» է արվեստի ներկայացուցիչներին` դրանով իսկ ցուցադրելով իր կայունությունը: Իհարկե, շատերը կարող են առարկել, որ արվեստը ազատ է, եւ չպետք է «սպասարկողի» (նույնիսկ պետության) կարգավիճակում լինել: Բայց եկեք գոնե մի պահ ենթադրենք, որ մենք ծառայում ենք մեր պետականության կայացման գործին ու պատրաստ ենք անվերապահորեն ընդունել պետական որոշումները, նույնիսկ այն որոշումը, որն ասում է. «Արվեստը պետական զենք է»: Եթե շատ ուզենք հավատալ դրան, չենք կարողանա, քանի որ ամենավեհ (նաեւ պարզունակ) ցանկություններից դրդված լինելով` մենք պետությունից պետականության ապահովության երաշխիք չենք ստանա: Վերջերս մենք ականատես եղանք, թե ինչպես են որոշվում պետական մրցանակակիրները արվեստի եւ գրականության ոլորտներում: Թվում է, որ պետությունը սկզբից մինչեւ վերջ դեմոկրատական պրոցեդուրա էր կատարել` լավագույններին ընտրելու համար: «Թատրոն ու կինո» անվանակարգում պետական հանձնաժողովը մատնանշել էր հաղթողին, սակայն այդ որոշումը ՀՀ նախագահը չէր վավերացրել: Ունենալով վետոյի իրավունք, նա չէր ստորագրել հանձնաժողովի որոշումը: «Ես համարում եմ, որ որոշողներն անպայման պետք է լինեն հանձնախմբի անդամներն ու նախագահները, բայց եթե իմ աշխատակազմի կամ իմ վերաբերմունքն այնտեղ հաշվի չառնվի, այդ դեպքում պարգեւները չեն կոչվի պետական»,- ասել է Սերժ Սարգսյանը մրցանակները շնորհելու ժամանակ:
Ոչ նախագահը, ոչ էլ նախագահի աշխատակազմը չի ասել, թե ինչու համաձայն չի եղել թատրոնի հանձնաժողովի հետ: Սերժ Սարգսյանը միայն ասել է, որ շատ ուրախ է` տեսնելով, որ հանձնաժողովների անդամները «ցուցաբերել են սկզբունքային վերաբերմունք»: Ստացվում է, որ եթե հանձնաժողովը սկզբունքային ու պրոֆեսիոնալ է, ապա կարող է անտեսվել ու արհամարհվել: Եվ այն մարդիկ, որոնք նախագահին խորհուրդ են տվել արհամարհել հանձնաժողովի կարծիքն ու ոչ մի կերպ չմեկնաբանել այն` իրականում «արջի ծառայություն» են մատուցել նախագահին ու պետականությանը վստահող քաղաքացիներին: Պետությունն ինքն իր որոշումը չի հարգել: Մինչդեռ, եթե թատրոնի ու կինոյի ոլորտն ունենար իր հաղթողին` իշխանությունների վարկանիշը անկասկած կբարձրանար: Կարելի էր ամեն բան բացատրել թյուրիմացությամբ ու պատվել հաղթող ներկայացումը` դրանով իսկ բարձրացնելով գործող նախագահի կշիռը: Պետական պատվերներն ու պետական մրցանակները կարող են եւ չլինել չափազանց օբյեկտիվ, սակայն դրանք պետք են՝ որպես երաշխիք: Եվ հենց պետությանն են պետք:
Ընդ որում` արվեստը կանոնակարգող պետական համակարգերի յուրաքանչյուր սասանման հետ աճում է նաեւ մարդկանց անվստահությունը` պետության հանդեպ: Այդ իրողությունը հիմա մեծ թափ է առնում: Եվ միայն առաջին հայացքից է թվում, որ, ասենք, Հայաստանի Պետական կամերային նվագախմբում կատարվող ցնցումները միայն ստեղծագործական են: Դրանք կառուցվածքային ու խորքային են, քանի որ վկայում են պետության անզորության մասին: Կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանի, նվագախմբի անդամների ու նվագախմբի տնօրենի միջեւ ծագած տարաձայնությունները այժմ դիտարկվում են որպես օրինաչափություն, քանի որ, երբ հարցեր են ծագում, ապա պետք է փորձել դրանց պատասխանել: Այնպես որ, «Ինչո՞ւ շնորհվեց կամ չշնորհվեց այս կամ այն մրցանակը այս կամ այն արվեստագետին» հարցը արդիական է մնում ցանկացած մշակութային կոլեկտիվում` թատրոնում, թանգարանում կամ էլ համույթներում: Եվ եթե այդ հարցի պատասխանը պետությանը չի մտահոգում, ապա ուրեմն այդ պետությանն արվեստ պետք չէ:
«Մենք` ժամանակակիցներս, պարտավոր ենք գնահատական տալ մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին: Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք իներտ ենք»,- պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Արամ Ղարաբեկյանը իներտ չէ, ինչպես նաեւ իներտ չէ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը (ում էլ պետական հանձնաժողովը հաղթող է ճանաչել), բայց նրանք խաղից դուրս են հայտարարվել: Միգուցե հենց պետական խաղերից դուրս մնալով կարելի է միայն ազատագրվել իներտությունից: