Միհրանը եւ Էմմին պատրաստ են

23/01/2010

Երգչուհի Էմմին եւ հայտնի պարող Միհրանը (ԱՄՆ-ում բնակվող Միհրան Կիրակոսյանը) պատրաստվում են դուետով հանդես գալ «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթում: Էմմին այդ կապակցությամբ մեկնել էր Միացյալ Նահանգներ` «Եվրատեսիլին» պատրաստվելու համար: Bravo.am-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին երգչուհին վերադարձել է ԱՄՆ-ից` Ամանորը ծնողների հետ դիմավորելու համար: Այժմ սպասում է Միհրանին, որպեսզի Երեւանում ելույթ ունենան «Եվրատեսիլի» փետրվարի 14-ին կայանալիք հայաստանյան նախընտրական փուլին: Միհրանի հետ Երեւան են ժամանելու նաեւ 4 պրոֆեսիոնալ պարողներ: «Լիարժեք պատրաստ չորս երգ ունենք, մնում է ընտրել` որն է ավելի հարմար «Եվրատեսիլին»: Երեք րոպե տեւողությամբ երգեր են: Համատեղելու ենք երգն ու պարը, պետք է իրար լրացնենք, որ հետաքրքիր բան ստացվի, որովհետեւ նա պրոֆեսիոնալ պարող է, ես էլ` երգչուհի: Իսկ նրա հետ պարողները ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի հետ, դե, Միհրանի պարային կենսագրությունը բոլորը գիտեն: Որպես Միհրանի շատ լավ ընկերներ, Միհրանի համար, մի քիչ ինձ համար, որոշեցին գալ եւ միանալ մեզ,- ասել է Էմմին եւ ավելացրել,- Առաջ չընկնեմ` ով կհաղթի, բայց այն, ինչ կատարվելու է բեմում, հեքիաթ չէ, իրականություն է: Հեքիաթների հավատում եմ, երեւի այն երազն էլ, որին հավատում եմ, ամեն ինչ պատվով ներկայացնելն է: «Եվրատեսիլի» բեմում անհրաժեշտ է լավ ներկայանալ, ու կարեւոր չի` լավ երգիչ ես, լավ պարող ես: Որովհետեւ հնարավոր է` երգը ցույց չտա քո լավ երգիչ լինելը: Կարեւորը երգն է, քանի որ դա երգի մրցույթ է»: