Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Մամխենին ժողովրդական բժշկության մեջ
Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է: Լատիներեն անվանումն է` Prunus Spinosa:
Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները եւ պտուղները: Պտուղները պարունակում են մինչեւ 9,3 տոկոս շաքար, մինչեւ 1,7 տոկոս խնձորաթթու, ցիանային միացություններ, պեկտինային, բուրավետ եւ դաբաղային նյութեր, C, B1, B2, PP, E, վիտամիններ, կարոտին, նատրիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ եւ այլն: Հին Հռոմի եւ Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ: Իսկ առհասարակ աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամուխի պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձեւով օգտագործվում են որպես հակաբորբոքային, կազդուրիչ միջոց` աղիների խանգարումների, ձայնի խզման, հազի ժամանակ: Ծաղիկներն օգտագործում են այլ լուծողականների հետ: Դրանք օժտված են նաեւ միզամուղ եւ խորխամուղ հատկություններով եւ ավելի օգտակար են մանկական հիվանդությունների բուժման ժամանակ:
Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանավորումների ժամանակ: Մամուխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին եւ նարնջին: Այս պտուղներից պատրաստում են գինի, մուրաբա, հյութ, չիր, կերակրի մեջ օգտագործում են որպես համեմունք:
Ընկույզը չի գիրացնում
Իրենց կալորիականության ու սպիտակուցների պարունակությամբ` ընկույզի բոլոր տեսակները չեն զիջում մսին: Շատ ավելի լավ է ուտել մի բուռ ընկույզ, քան` մեկ կտոր միս: Ընկույզի օգտակար հատկությունների շնորհիվ ամրանում են ոսկորները: Այն պարունակում է պղինձ, որը նպաստում է հեմոգլոբինի բարձրացմանը: Իսկ դա, ինչպես գիտենք, շատ կարեւոր է օրգանիզմի յուրաքանչյուր բջջին թթվածին մատակարարելու համար, հատկապես, եթե ստիպված եք ինչ-որ ժամանակ անցկացնել փակ, չօդափոխվող սենյակում: Ընկույզը օգտակար է թե մեծերին, թե երեխաներին: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ՝ չպետք է մոռանալ, որ ընկույզը ծանր սննդամթերք է, այսինքն՝ պետք է չափավոր օգտագործել:
Հունական ընկույզն օգտակար է հատկապես շաքարախտով հիվանդներին: Այն սնուցող նշանակություն ունի ուղեղի աշխատանքի համար:
Հնդկական ընկույզն ունի հակաբակտերիալ, հակաբիոտիկ եւ տոնուսը բարձրացնող նշանակություն: Այն խորհուրդ է տրվում ուտել հատկապես սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեցողներին: Այն նույնիսկ ինչ-որ տեղ կարող է օգնել նյութափոխանակության խանգարման դեպքում:
Մակադամիա տեսակի ընկույզն իր համով նման է պնդուկին: Քանի որ վերջինիս միջուկը շատ դժվարությամբ է զատվում կեղեւից, այդ պատճառով էլ թանկ արժե: Աշխարհում այն ամենաթանկ ընկույզն է: Այս ընկույզի յուղը շատ օգտակար է մաշկին, այդ պատճառով էլ դրա օգտագործումը լայն տարածում ունի կոսմետոլոգիայում:
Բրազիլական ընկույզն առույգություն է հաղորդում, միաժամանակ կարգավորելով շաքարի մակարդակն արյան մեջ:
Անտառային ընկույզը բարձրացնում է պոտենցիան, մատակարարում ուղեղը ֆոսֆորով: Այն շատ օգտակար է մտավոր աշխատանք կատարողներին, քանի որ նպաստում է ուղեղի բջիջների մեծացմանը:
Պիստակն ամենացածր կալորիականությամբ ընկույզն է եւ նաեւ` ամենահեշտամարսը: Այն կարգավորում է շաքարի եւ խոլեստերինի քանակն արյան մեջ: