Մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հրահանգել է, որ առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնեն ՀՀ պետական կառավարման համակարգի կառուցվածքային եւ գործառույթային բարեփոխումների վերաբերյալ: Նա ասել է, որ նախարարների դժգոհություններից անկախ այդ փաստաթուղթը մինչեւ փետրվարի 20-ը պետք է ընդունված լինի: Հիշեցնենք, որ այդ հայեցակարգը ենթադրում է ՀՀ պետական կառավարման համակարգի այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում նախարարություններում եւ պետական գերատեսչություններում հիմնական լծակները նախարարներից փոխանցվելու են աշխատակազմերի ղեկավարներին: Նախարարներն այլեւս չեն կարողանա վերահսկողություն ունենալ իրենց ղեկավարած նախարարությունների ֆինանսական գործունեության նկատմամբ, նրանք իրավասու չեն լինի նաեւ աշխատակազմ հավաքագրելու հարցում: Փոխարենը դա անելու են աշխատակազմի ղեկավարներն, ովքեր պատասխանատու են լինելու միայն վարչապետին։