Երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի Արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները: Հիշեցնենք, որ Թուրքիայի Արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի որոշումը` պնդելով, թե դրանում կան նախապայմաններ, եւ այն վտանգում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Նալբանդյանը երեկվա հեռախոսազրույցի ընթացքում տարակուսանք է հայտնել Հայաստանի ՍԴ-ի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ: Նա ասել է, որ ՍԴ-ի որոշման մեջ նախապայմաններ եւ հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում: Երեկ ՀՀ ՍԴ-ի որոշմանն է անդրադարձել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա ասել է, թե ՀՀ ՍԴ-ի որոշումը կարող է վնաս հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացին: