2008թ. մարտի 1-2-ի զոհերի իրավահաջորդները երեկ նամակով դիմել են ԵԽ-ի, ԵԽ ԽՎ-ի եւ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավար պաշտոնյաներին` կոչ անելով ապահովել ԵԽ ԽՎ ու նրա հանձնաժողովների հետագա բոլոր նիստերում իրենց իրավունքներն ու շահերը բարձրաձայնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը: Նրանք կոչ են անում վերականգնել հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում Փոստանջյանի` հիմնական անդամի կարգավիճակը եւ մերժել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` պատվիրակության կազմի փոփոխություն ենթադրող հավատարմագիրը: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՀՀ ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հաստատելու մասին, համաձայն որի` ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամների ցանկից հանվել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը: ԱԺ նախագահը հրահանգել է չֆինանսավորել ու չկազմակերպել ԵԽ ԽՎ «ժողովրդական կուսակցություն խմբի» բյուրոյի, Մոնիտորինգի հանձնաժողովի ու 4 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումը այդ հանձնաժողովների առաջիկա նիստերին: