Երեկ միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որը, մեղմ ասած, խիստ քննադատություն է պարունակում Հայաստանի իշխանությունների հասցեին: «Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը: Նախագահական ընտրություններին հետեւած մարտյան իրադարձություններից հետո Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ազատվեց աշխատանքից, սակայն նրանցից որեւէ մեկին մեղադրանք չառաջադրվեց այդ բռնությունների առնչությամբ: Թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննություն են իրականացրել Ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել անհամաչափ ուժ կիրառելու համար»,- նշված է «Human Rights Watch»-ի զեկույցում, որի հեղինակները մտահոգություն են հայտնում նաեւ մինչեւ օրս ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության կապակցությամբ: «Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, այսօր էլ շարունակում է ազատազրկված մնալ»,- արձանագրում է «Human Rights Watch»-ը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ Հայաստանի վերաբերյալ շատ ավելի խիստ զեկույց էր հրապարակել մեկ այլ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ «Freedom House»-ը, ՀՀ-ում քաղաքական իրավունքների դրսեւորումն ու պաշտպանությունը վատագույն 7 միավորից գնահատելով 6 միավորով: Ըստ «Freedom House»-ի, նման գնահատական ստանում են «զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից կառավարվող երկրները, որտեղ իշխող վարչախմբերը միայն նվազագույն չափով են հանդուրժում քաղաքական իրավունքները»: Բնականաբար, արեւմտյան այս կազմակերպությունների նման գնահատականները որոշակի նպատակ են հետապնդում, եւ պատահական չէ, որ հնչում են հատկապես այն ժամանակ, երբ ակտիվացել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը: Դրանով, թերեւս, փորձ է արվում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա: Ավելի մտահոգիչ են, սակայն, ոչ թե այդ կազմակերպությունների դրդապատճառները, այլ այն, որ ինչպես «Freedom House»-ի, այնպես էլ «Human Rights Watch»-ի գնահատականները ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը: