Մամուլի ազատության համաշխարհային հանձնաժողովը (ՄԱՀՀ) երեկ դատապարտել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատարանի կայացրած 7 տարվա ազատազրկման դատավճիռը: ՄԱՀՀ-ի գնահատմամբ` Փաշինյանի դեմ առաջ էին քաշվել լուրջ հանցագործությունների մեղադրանքներ` ներառյալ զանգվածային անկարգությունների հրահրում եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում: Սակայն, ինչպես նշում է ՄԱՀՀ-ն, ճշմարտությունն այն է, որ նա պարզապես օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի խաղաղ ցույցերի ժամանակ, որոնք ավարտվեցին ոստիկանության կողմից կոշտ ճնշմամբ: Հաղորդագրությունում նաեւ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը, ում հրապարակումները սուր քննադատություն են պարունակել կառավարության հասցեին, ստիպված է եղել թաքնվել այդ ճակատագրական օրից հետո եւ շարունակել հոդվածներ գրել իր թերթի համար: «Ն. Փաշինյանի ձերբակալությունը, դատը, մեղադրանքներն ու դատավճիռը հակասում են համաներման բանաձեւին եւ ԵԽ ԽՎ բանաձեւին: ԵԽ ԽՎ-ն հիշեցրել է ՀՀ իշխանություններին, որ «համաներումը տարածվում է նաեւ նրանց վրա, ում դեմ առաջադրվել է մեղադրանք՝ կապված 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ»: ԵԽ ԽՎ բանաձեւը նաեւ հորդորում է ՀՀ իշխանություններին` թույլ տալ դատական պրոցեսների ընթացքում ազատության մեջ գտնվել բոլոր նրանց, ում դեմ առաջ է քաշվել մարտիմեկյան դեպքերի հետ կապված մեղադրանք:
ՄԱՀՀ-ն նաեւ նշում է, որ լրագրողի ձերբակալությունը` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված վերջինիս մասնագիտական գործունեության հետ, ոչ միայն վերոնշյալ անձի մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ մամուլի ազատության կոշտ խախտում է, այլ նաեւ նրա լսարանի, որը զրկվում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարեւոր տեղեկատվությունից: Ն. Փաշինյանի 7-ամյա ազատազրկման հետեւանքով նրա լսարանը նույնպես գերի է դառնում բռնապետական որոշումների, որոնք խախտում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքները: Մամուլի ներկայացուցիչների դեմ ճնշումներն ու անօրինական ձերբակալությունները ոչ միայն ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մարդու իրավունքների կանխադրույթների կոպիտ խախտումներ են, այլեւ միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի: Ն. Փաշինյանի դեմ ներկայացված մեղադրանքն ու ազատազրկումը նրա իրավունքների խախտում է, եւ եթե նա որոշի բողոքարկել այն, ապա դատարանը պետք է դատավճիռն անվավեր եւ սին համարի: Նշենք, որ Մամուլի ազատության միջազգային հանձնաժողովը միջազգային կազմակերպություն է, որը ներառում է 45 լրագրողական խմբեր` միավորված մամուլի ազատության պաշտպանության եւ քարոզչության շուրջ: