«Ժամանակն է, որ բենզինը, ծխախոտը գան ընդհանուր հարկման դաշտ»

21/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Այվազյան, անցած տարեվերջին տեղեկատվություն հրապարակվեց, թե ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել հարկային օրենքների մի նոր փաթեթ, որով նախատեսվում է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) 20-ից իջեցնել 18 տոկոսի: Կա՞ նման նախաձեռնություն:

– Այո, դա հիմնականում վերաբերում է հարկային օրենսդրության նոր փաթեթին: Այդ դաշտի օրենքներն այս տարի պետք է ի մի բերվեն մեկ հարկային օրենսդրության շրջանակում: Այո, ԱԱՀ-ի դրույքաչափի իջեցում նախատեսվում է: Եթե ինձ մնար, ես դա ավելի շատ կիջեցնեի: Եթե մենք հարկերը իջեցնում ենք, տնտեսական ակտիվությունն է բարձրանում: Բայց մյուս կողմից՝ պետությանը գումար է պետք իր խնդիրները լուծելու համար:

– Բայց այդ դրույքաչափի իջեցումը կփոխհատուցվեր Ձեր ասած տնտեսական ակտիվության արդյունքում:

– Ռիսկի գնահատման չափանիշ կա, եթե ինձ մնար` ես կիջեցնեի:

– Իսկ ինչո՞ւ հանկարծ կառավարությունը որոշեց հարկային դրույքաչափ իջեցնել այն դեպքում, երբ վերջին տարիների քաղաքականությունը միշտ հարկային խստություն է նախատեսել:

– Կարող է մի քիչ շատ է բարձր: Կարող է դա իջեցնի, բայց շահութահարկը ավելացնի:

– Իսկ ԱԱՀ-ի իջեցմանը զուգահեռ՝ այլ հարկատեսակների դրույքաչափերի բարձրացում նախատեսվո՞ւմ է այդ նոր փաթեթով:

– Երբ այդ օրենսդրական նախաձեռնության հատուկ մասը կգա, նոր պարզ կդառնա, որովհետեւ այստեղ փաթեթային մոտեցում է ցուցաբերվել:

– Տեղեկություններ կան, որ փոփոխություններ եւ դրույքաչափի բարձրացում է նախատեսվում նաեւ գույքահարկի ոլորտում:

– Գույքահարկի բարձրացումն էլ նույն փաթեթում է: Տվյալ պարագայում ես կարեւորում եմ ոչ թե ավելացման հետ կապված խնդիրը, այլ ռեալ գնահատումը: Օրինակ, Երեւանի կենտրոնում 1 հեկտար հողակտոր ունեցողը վճարում է տարեկան մոտ 2 մլն դրամ հարկ, երբ այդ նույն հողակտորի 1 քմ-ի շուկայական արժեքը 500-1000 դոլար է: Ռեա՞լ է, երբ սեփականատերն ունի 10 մլն դոլարի կամ 4 մլրդ դրամի գույք, բայց վճարում է ընդամենը 2 մլն դրամ:

– Տեղեկություններ կան, որ ծխախոտը, բենզինը, դիզվառելիքը հաստատագրված հարկի փոխարեն տեղափոխվելու են ընդհանուր հարկման դաշտ: Այդպիսով փորձ է արվելու այդ ապրանքների իրացումից ավելի շատ հարկ գանձել:

– Դա էլ ճիշտ է, եւ դա աշխարհում ընդունված եղանակ է: Եթե մենք հաստատագրում ենք տվյալ ապրանքը, ուրեմն մենք հաստատում ենք մեր անկարողությունը տվյալ հաշվառված եկամուտների նկատմամբ: Եթե հաստատագրված վճար ես դնում, ուրեմն դրա շահույթների հետ կապված որեւէ վերահսկողական ֆունկցիա չես կարող ունենալ: Ընդհանրապես հաստատագրված հարկերի ինստիտուտը դրվում է այնտեղ, որտեղ հաշվառման եւ չափման համարյա անհնարինության մասին է գնում խոսակցությունը: Մենք գիտենք այստեղ վաճառվող բենզինի, դիզվառելիքի, ծխախոտի գինը: Խնդիրն այն է, որ դրանք պետք է հարկվեն` իրենց ստացած շահույթից ելնելով: Գաղտնիք չէ, որ դրանք գերշահույթ են ապահովում, ինչը պետք է հարկվի: Եթե ամեն ինչ ընդհանուր հարկման դաշտում է, ի՞նչ իրավունքով են այդ ապրանքներն այդտեղից դուրս մնում: Միգուցե դա ժամանակի ընթացքում դրված խնդիր է եղել, դժվար է եղել հաշվառել շրջանառությունը, բայց հիմա ժամանակն է, որ դրանք էլ գան ընդհանուր հարկման դաշտ:

– Ընդհանուր հարկման դաշտ գալու դեպքում արդյո՞ք վտանգ չի առաջանա, որ լայն սպառման այդ ապրանքները կթանկանան: Չէ՞ որ փորձը ցույց է տալիս, որ տնտեսվարողներն իրենց հարկային բեռը բարդում են սպառողի վրա եւ ոչ թե իրենց գերշահույթներից չեն հրաժարվում: Նույն գնաճը չի՞ սպասվի նաեւ գույքահարկի բարձրացման դեպքում:

– Չեմ կարծում, որովհետեւ եթե թանկացնեն, սպառման ծավալն է իջնելու: Անշարժ գույքի դեպքում էլ չեմ կարծում, որ գնաճ կլինի: Այս դեպքում խոսքը գնում է հիմնականում Երեւանի մասին: Իսկ գույքահարկի փոփոխությունն այս տարի չի կիրառվի: Սահմանամերձ եւ այլ հատվածների վրա կարող է դա ընդհանրապես չազդել, նույնիսկ իջեցման միտում կա: Այսօր մենք պետք է շուկայական գներին համապատասխան շարժվենք:

– Անցած տարեվերջին մեծ աղմուկով ընդունված հարկային փաթեթի տնտեսական էֆեկտը ի վերջո Ձեզ համար պարզ դարձա՞վ: Չէ՞ որ հենց Ձեր գլխավորած հանձնաժողովն էր դրան դրական եզրակացություն տվել:

– Այդ ռեժիմը պետք է տարածվի մոտ 120 ընկերությունների վրա: Կառավարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ այդ փաթեթի կիրառման արդյունքից ստվերից կրճատելու է 30 մլրդ դրամի չափ գումար: Իմ կարծիքով՝ դա հնարավոր է:

– Անցած տարեվերջին ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվության ժամանակ Դուք հայտարարեցիք, թե այս տարի լուրջ փոփոխություններ են նախատեսվում տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում: Կոնկրետ որեւէ քայլ իրականացվելո՞ւ է այդ ուղղությամբ:

– Խնդիրն այն է, թե մենք ոչ թե հակամենաշնորհային, այլ տնտեսական մրցակցության քաղաքականություն ենք վարում: Առաջինը ավելի կտրուկ, վիրահատական քայլեր է պարունակում, երկրորդը` փորձում է ստեղծել մրցակցային հավասար պայմաններ: Մեզ մոտ մոնոպոլ, գերիշխող դիրքերը չեն արգելվում, բայց տնտեսական մրցակցության մեխանիզմներով պետությունը փորձում է կարգավորել դեմպինգային կամ գների անհարկի ավելացման միտումները: Բավարա՞ր են արդյոք գործող մեխանիզմները, սա այլ հարց է: Հիմա այս նախագծով ուզում ենք հանձնաժողովի դիրքերն ամրապնդել: Օրենքի նախագիծը առաջին ընթերցումն անցել է եւ երկրորդ ընթերցման փուլում է: Մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, գործում է հակամենաշնորհային քաղաքականությունը` չի թույլատրվում մենաշնորհը: Իսկ տնտեսական մրցակցության դեպքում գերիշխող դիրքը չարաշահելու համար պետությունը կիրառում է որոշակի պատժիչ մեխանիզմներ` տուգանք: Օրինակ, մեզ մոտ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում շրջանառության 2 տոկոսի տուգանք է կիրառվում:

– Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, թե՞ արդեն հակամենաշնորհային օրենք է ընդունվելու:

– «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում է փոփոխություն իրականացվում, որի նպատակն է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տալ լայն լիազորություններ: Զուգահեռ կա նաեւ փորձագետների խումբ, ովքեր ներկայացրել են հակամենաշնորհային օրենք: Վերջինը դեռ նախնական տարբերակ է եւ շրջանառության մեջ չի դրվել: Առաջին օրինագիծը գործող օրենքի համեմատ նախատեսում է ավելի լուրջ մեխանիզմներ, լծակներ: Օրինակ, գերիշխող դիրքը չարաշահելու համար ոչ թե շրջանառության 2, այլ 10-15 տոկոսի տուգանքներ է սահմանում: Որոշում կայացնելու մեջ նախատեսվում է հանձնաժողովի իրավասությունների ընդլայնում, փաստաթղթերի պարտադիր տրամադրման գործընթաց եւ այլն:

– Իսկ չե՞ք կարծում, որ Հայաստանի տնտեսությանը ավելի ռիսկային քայլեր են պետք, իսկապես հակամենաշնորհային քաղաքականություն է անհրաժեշտ: Գերշահույթը հարկելու կամ գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանքները լուրջ արդյունքներ չեն տալիս: Գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանքի չափը մի քանի տարի առաջ շատ ավելի ցածր էր, 2 տոկոս սահմանելուց հետո էլ իրավիճակը չշտկվեց, եւ խախտումները չնվազեցին: Նույն տնտեսվարողներն անընդհատ չարաշահում են իրենց գերիշխող դիրքը, վճարում են 2 տոկոս տուգանքը եւ նորից խախտումներ անում:

– Միանշանակ չեմ կարող ասել, տեսականորեն համաձայն եմ: Իրականում ճիշտ կլիներ` ազատ առաջարկի ու պահանջարկի մեխանիզմ լիներ: Տեսեք, պետական համակարգում իրականացվում է գնումների մեխանիզմ, որը տվեց դրական արդյունք: Բայց որքանով է դա ռեալ աշխատում, հարց է:

– Հավանաբար լիարժեք չէ, որովհետեւ Վերահսկիչ պալատն իր ստուգումներից հետո բացահայտում է, որ պետական ծրագրերի` հատկապես շինարարության դեպքում գնված ապրանքների գները շուկայականից շատ ավելի բարձր են:

– Հավանաբար ժամանակի ընթացքում ՎՊ նյութերի հիման վրա իրավապահների կողմից ստանանք արձագանքներ, բայց եկեք ավելի օբյեկտիվորեն նայենք իրավիճակին: Իրականում կա փաստաթղթաշրջանառության հետ կապված լուրջ խնդիր: Երբ ծառայություն է մատուցվում կամ ապրանք է վաճառվում, մի բան է, որ դա արվում է փաստաթղթով, այլ բան է, որ առանց դրա է արվում: Իսկ գնումներով բոլոր գործընթացները տեղի են ունենում հստակ փաստաթղթաշրջանառության պարագայում:

– Դուք խոսում եք հարկային կամ տնտեսական մրցակցության ոլորտում նախաձեռնվող նոր քաղաքականության մասին, որն առաջին հայացքից լայնամասշտաբ բարեփոխումների տպավորություն է ստեղծում: Բայց մյուս կողմից էլ, երբ լսում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի իրարամերժ հայտարարությունները, նման քաղաքական կամք չի նկատվում: Տ.Սարգսյանը տարեվերջին հայտարարեց, որ պետք է պայքար մղեն մոնոպոլիաների դեմ, բայց մի փոքր ավելի ուշ հայտարարեց, թե մոնոպոլիաների դեմ պայքարելը չի նշանակում՝ պայքարել մոնոպոլիստների դեմ:

– Ինքը անձերի դեմ պայքարի խնդիր չունի: Ամենամեծ սխալն այն է, երբ տնտեսվարման գոյություն ունեցող պայմաններում մարդուն թողնում ես դառնա մոնոպոլիստ, հետո պայքարում ես դրա դեմ: Եթե մենք հայտարարում ենք, որ դա արատ է, խնդիր է, պետք է պայքարենք այդ խնդիրը ծնող գործոնների դեմ, եւ ոչ թե անձի դեմ: Օրենքը չի արգելում, որ տնտեսվարողն ունենա գերիշխող դիրք: Մարդը ներդրումներ է կատարել եւ հայտնվել է տնտեսական ակտիվության դիրքում, հիմա էլ կուլակաթափության պրոցե՞ս կատարենք: