Պատճառը հայտնի է

21/01/2010

Թուրքական «Զաման» օրաթերթը երեկ անդրադարձել է պաշտոնական Անկարայի անհանգստությանը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականության մասին հունվարի 12-ի կայացրած որոշման հետ: Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 18-ին, Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որով դատապարտում էր ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշումը` պատճառաբանելով, որ այն հակասում է հայ-թուրքական արձանագրությունների տառին եւ ոգուն: Հայտարարությունում նշված չի եղել սակայն, թե ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած 8 էջանոց որոշման հատկապես որ հատվածներն են հակասում արձանագրությունների բովանդակությանը: «Zaman»-ը երեկ, վկայակոչելով իրեն մոտ կանգնած անանուն դիվանագիտական աղբյուրներին, հրապարակել է այն գլխավոր մտահոգությունը, որն անհանգստացնում է Անկարային: «Հայկական կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված խոչընդոտներ են նկատվում: Խնդրի առնչությամբ Անկարայի անհանգստությունն այն է, որ դատարանի այդ որոշումը բխեցվել է` հղում տալով 1915թ. դեպքերը «ցեղասպանություն» որակած որոշ փաստաթղթերի: Մինչդեռ արձանագրությունները նախատեսում էին «Համատեղ պատմական հանձնաժողով» ստեղծելով` այդ հարցը թողնել մասնագետներին»,- գրում է թերթը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Թուրքիայի պնդումներն այն մասին, թե արձանագրություններով նախատեսված պատմական հանձնաժողովի նպատակը Հայոց ցեղասպանության փաստերի ուսումնասիրությունն է, անընդունելի է: