«3 տարի կլիներ, թե 6 տարի կլիներ, եթե մարդը նեղության մեջ է, շատ չի կարելի այդպես կտցահարել եւ անընդհատ շահարկումների ճանապարհով գնալ, մի կողմից՝ հերոսանալու, որ ինքը սրտով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, մի կողմից էլ` մարդիկ, որ նրան տեղն է, ու այդպես էլ պետք է լիներ: Նա նեղության մեջ է, եւ ասեմ հետեւյալը. արդարադատությունը քննարկելու համար իր սցենարներն ունի, եւ պայքարողը, այդպես հիմա ես չեմ տեսել, որ որեւէ մեկին մեղադրեն կամ կալանավորեն, հանկարծ ասի՝ ինքը մեղավոր է, բոլորն էլ ասում են, որ անմեղ են, արդարադատությունն է մեղավոր, դրա համար արդարադատությունն իր սցենարներն ունի, բողոքելու ճանապարհներն ունի՝ եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Այնպես որ, եթե պայքարի մեջ ես մտել, այդ լացուկոծը հեչ տեղին չէ, մանավանդ, գոնե ես ճանաչելով Փաշինյանին, ինքն ինչ ասում էր սկզբից, ասում է այսօր, ասեց նաեւ դատական պրոցեսին: Ինքը չի կոտրվում, եւ շատ լավ է, որ մենք շատ քիչ չկոտրվող հայեր գոնե ունենանք: Պիտի մարդուն գնահատել ըստ արժանվույն: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ տասը զոհերը չէին լինի, որովհետեւ այն, մոլլայական մոգերի պես անընդհատ ժողովրդին կարողացավ իր ափերից հանել»,- երեկ անդրադառնալով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կայացրած դատարանի որոշմանը, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Սա ասում եմ ոչ մեղադրական առումով, միգուցե դա իրավական հարթության խնդիր է, մի քիչ շատ տվեցին, կարելի էր պակաս տալ, բայց որ հանցանքը կար եւ պիտի դատապարտվեր, կարծում եմ` դա արդեն լիազոր մարմինների գործն էր, եւ եթե քննարկման խնդիր կա, դրա համար էլ համապատասխան մարմիններ կան, որոնք կարող են քննարկել»,- հավելել է Սահակյանը: Հիշեցմանը, թե ԵԽ ԽՎ-ն հորդորել էր Մարտի 1-ի գործով ինքնակամ ներկայացվածների հանդեպ մեղմ պատիժ կիրառել, Գ. Սահակյանը պատասխանել է, թե իր քաղաքական գործունեության ընթացքում չի ընդունել «տիզբոնյան մոտեցումները»: «Մենք գիտենք մեր դարդն ու ցավը, մենք գիտենք մեր եւ մեր ախտը, եւ մեր դրական կողմերը, պիտի փորձենք ինքներս լուծել,- ասել է նա,- Անկախ նրանից, ինչպիսին է իրավիճակը, մարդը նեղության մեջ է, եւ ես շատ հպարտանում եմ, որ իմ ազգակիցներն անընդհատ փորձում են ինչ-որ ձեւով ամոքել նեղությունը: Բնականաբար, մեր Արդարադատությունն այլ ճանապարհներ ունի, առավել եւս, եթե դատական ատյաններում ինչ-որ բան էլ չի հերիքում, այդ հնարավորությունը ունի Արդարադատության խորհուրդը, այդ հնարավորությունն ունի երկրի նախագահը: Այնպես որ, արդարության համար պետք է պայքարել, հենց այնպես, օդից արդարությունը չի իջնում: Տա Աստված, որ այնքան պայքարեն, մի երկու տարի պակաս լինի, տա Աստված, որ ներվի: Որովհետեւ հայի արժեքը վերջին հաշվով հայ է, վատ հայ չկա, կա լավ հայ եւ շատ լավ հայ»: