«Փարիզյան սուրճը» մեծ արտադրություն է, որը Կամերունից, Կոստա
Ռիկայից, Կոլումբիայից տարբեր բուրմունքի ու համի սուրճ է ներկրում
Հայաստան, այստեղ մշակում, ստեղծում խառնուրդներ եւ մատակարարում
Հայաստանի բազմաթիվ սրճարանների: «Փարիզյան սուրճն» Աբովյան փողոցում ունի
իր փոքրիկ հյուրընկալ սրճարանը եւ Եվրոպա է արտահանում իր ստեղծած սուրճն
արդեն այլ՝ հայկական անվանումով։ «Փարիզյան սուրճը» բրենդ է, որակի, համի
ու բարձրաճաշակ ըմպելիքի երաշխիք։ Եթե, իհարկե, սուրճը ճիշտ է պատրաստված
եւ զերծ է կեղծիքներից։ Իսկ «Փարիզյան սուրճի» տիրուհին ֆրանսահայ Վալերի
Ասատրյան-Գործունյանն է, ով իրեն վաղուց հայաստանցի է համարում, լավ գիտի,
որ բրենդը պահպանելն ավելի բարդ է, քան այն ստեղծելը։
– Սեփական գործ ունենալ Հայաստանում շատ դժվար է, կամք պիտի ունենաս։ Մենք
բերեցինք սուրճ բովելու առաջին մեքենան, հետո պետք եղավ երկրորդը, երրորդը
բերել։ Հետո բերեցինք փաթեթավորման մեքենաները, տոպրակները, պայուսակները։
Ամեն ինչ շուտ-շուտ էինք անում։ Եվրոպայում աշխատելիս, գիտես, որ տարեկան
բյուջե ունես, եւ ամեն բան հաշվում ես, բայց այստեղ այդ անելը դյուրին չէ։
Ամեն օր պայքարում ենք։ Օրինակ, անցյալ օրը ես գնացել էի մի սրճարան,
որտեղ մենք մեր սուրճն ենք մատակարարում, ուզեցի խմել «Փարիզյան սուրճ»,
ինձ բերեցին բոլորովին այլ սուրճ ու նույնիսկ համոզում էին, որ դա է
«Փարիզյանը»։ Դա խայտառակություն է, մենք բերել ենք սուրճի հատուկ
գավաթներ, որտեղ միայն մեր սուրճը պիտի լինի։ Իսկ շատերը մեր անունի հետ
խաղ են անում։ Դա արդար չէ։ Ես ո՞ւմ դեմ պայքարեմ։ Գործը պայքար է
նշանակում։ Ամեն առավոտ արթնանում ես ու մտնում ես կյանքի թատրոնի մեջ,
հետո երեկոյան գալիս ես տուն, լողանում ես, ու թատրոնը վերջանում է։
Այդպիսին է կյանքը, այդպիսին է գործը։ Ջղայնացած եմ այսօր, նույնիսկ
ուզում են այս երկիրը հեղափոխել… (ծիծաղում է.-Ն.Հ.)։ Մեր սուրճի որակը
առաջին օրից մինչեւ հիմա նույնն է։ Ինչպե՞ս կարող են ասել, որ մեր որակը
վատացել է, եթե հաճախ սուրճը նույնիսկ սխալ են եփում։
– Ո՞րն է եփելու ճիշտ ձեւը։
– Եթե մարդը կարծում է, որ պլաստիկե սրճեփում եփելով կարող է լավ համ
ստանալ՝ սխալվում է։ Ճիշտը սա է. սուրճը պետք է լցնել եռացրած ջրի մեջ,
եփել այնքան, որ սուրճը չհասցնի եռալ, միայն մի քիչ կողքերից բարձրանա։ Եվ
միանգամից գավաթները չլցնել, թողնել, որ բույրը դուրս գա։ Եռացած սուրճը
մեռած սուրճ է։
– Սուրճը ձեր ընտանիքի համար վաղուց է մասնագիտություն դարձել։ Կպատմե՞ք ինչից է այն սկսվել։
– Հայրս Երեւանում է ծնվել, հետո տեղափոխվել է Ֆրանսիա։ Ես ծնվել եմ
Ֆրանսիայում, մանկությունս անցկացրել եմ Կամերունում, որտեղ նա աշխատել է
սուրճի պլանտացիաներում, իսկ դա շատ ծանր աշխատանք է։ Հայրս շատ աղքատ էր,
հինգ տարի սուրճ էր հավաքում պլանտացիաներում։ Բայց կարողացավ մի քանի
տարվա ընթացքում Կամերունի սուրճի ամենամեծ արտահանողը դառնալ։ Արդեն 40
տարի է, ինչ ունի մեծ գործարաններ եւ սեփական պլանտացիաներ։
– Սուրճի համը ինչի՞ց է կախված:
– Պետք է գտնել սուրճի բուրմունքը։ Շատ հետաքրքիր գործ է, գիտե՞ք։ Պետք է
կարողանալ հումքից բուկետ՝ համի ու բուրմունքի փունջ ստեղծել։ Եվրոպայում
մասնագետներ կան, որոնք սուրճը գինու պես դեգուստացիա են անում, ասում են՝
ինչ քանակի «կամերուն», «մոկկա» կա մեկ գավաթ սուրճի մեջ։ Սուրճն
ընդհանրապես երկու տեսակի է լինում՝ արաբիկա եւ ռոբուստա։ Բայց ինչպես եւ
գինու համար, սուրճի համար էլ կարեւոր է հողը, աճման վայրը։ Եթովպիայի
արաբիկան՝ մոկկան տարբերվում է Քոլումբիայի արաբիկայից, այնպես՝ ինչպես
Աշտարակի ու Հունաստանի ծիրանները։ Մենք հինգ տարբեր սուրճի խառնուրդ ենք
առաջարկում Հայաստանում, եւ բոլորը մեր հայտագործած բուկետներն են։ Մեր
տասնամյա գործունեության պատվին հիմա նոր խառնուրդ ենք ստեղծում։
– Որքան հայտնի է, դուք «Ասալայի» անդամ եք ունեցել: Կպատմե՞ք այդ մասին:
– Ես շատ չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետեւ շատերը սխալ են
օգտագործում եղածը։ Մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեին մեր գաղտնի բանակի
հետ, ասում են՝ մենք այդ բանակի անդամ ենք։ Ստացվում է, որ հազարավոր մարդ
է եղել բանակում, իրականում բանակում 32 մարդ կար։ Ես էլ եմ եղել մեր
գաղտնի բանակի՝ «Ասալայի» անդամ։ 30 տարի առաջ, երբ հիմնվեց «Ասալան», Հայ
դատը ճանաչված չէր, եւ ոչ մի երկիր չէր ընդունում Ցեղասպանությունը։ Այն
ժամանակ հանդարտ պայքարի ժամանակ չէր, պետք էր զինված լինել։ Ես հպարտ եմ,
որ կարողացել եմ այդ խմբի մեջ մտնել ու նրա փոքրիկ մասը դառնալ, չնայած,
որ հայ գաղտնի բանակի վերջավորությունը լավ չեղավ։ Բանակը կիսվեց երկու
մասի, եւ ռադիկալ մասը կարծում էր, որ ամեն տեղ կարելի է պայթեցնել։ Հայ
պայքարի գաղափարն այնքան էր գերել ինձ, որ նույնիսկ իմ ծնողներն էին ինձ
ասում՝ դու գժվել ես։ Պատասխանում էի՝ բայց դո՛ւք ինձ այդպիսին ստեղծեցիք,
այդ գաղափարը ներարկեցիք իմ մեջ։ Իմ եղբայրներն այդչափ չէին զգում հայ
լինելը, որքան ես։ Ինձ համար հայության խորհրդանիշը Մոնթեն էր։ Մոնթեն շատ
կրթված, կարդացած էր, նա թողեց Ամերիկան, մտավ զինված պայքարի մեջ,
որովհետեւ գիտեր, որ մեր պայքարն արդար է։ Պայքարն այսօր էլ է
շարունակվում, բայց պետական ուղիներով։ Այսօր մենք պետություն,
դիվանագետներ ունենք։ Եվ մինչեւ Թուրքիան չընդունի Ցեղասպանությունը, մենք
չենք հանգստանա։ Ես եւ սփյուռքահայ եմ, եւ հայաստանցի, ու կարծես երկու
աթոռի վրա եմ նստած։ Հայաստանի տնտեսական շահերը եւ սփյուռքահայի
իդեոլոգիան հակասում են իրար։ Որպես գործարար՝ ես հասկանում եմ, որ եթե
Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանները, մենք ազատ կշնչենք։ Միայն օդային
ճամփա ունենալով՝ Հայաստանը խեղդվում է։ Բայց գիտեմ, որ շատ
սփյուռքահայեր, մանավանդ՝ երիտասարդները, չեն ուզում անգամ մտածել այդ
մասին։ Միգուցե սփյուռքահայությունն ինձ հետ չհամաձայնի, բայց համոզված
եմ, որ հայության ապագան գտնվում է Հայաստանում, որովհետեւ այդ երկիրն է
նշված քարտեզի վրա։ Իսկ սփյուռքը մի օր պիտի ձուլվի, այդ պատճառով
սփյուռքը պետք է շատ ավելի ներդնի Հայաստանի տնտեսության մեջ։ Մենք
Հայաստանի քաղաքացի չենք եւ իրավունք չունենք խառնվել քաղաքականության
մեջ, բայց կարող ենք հուշել, միտք տալ։ Եթե որեւէ սփյուռքահայ ասում է, որ
ինքը հայ է ու պայքարում է հայության համար, ուզում եմ նրան ասել՝ արի
Հայաստան, ինչ-որ բան ստեղծիր։
– Ինչպե՞ս եք վերաբերվում երկքաղաքացիությանը։
– Ինձ թվում է՝ ճիշտ կլինի, եթե երկքաղաքացիությունն ընդունվի։ Բայց կարող
եմ երեւակայել, որ այստեղ ծնված-մեծացածները չեն ուզի, որ մեծահարուստ
սփյուռքահայ հայտնվի, որն ամեն ինչի տերը կդառնա եւ, ինչո՞ւ ոչ, մի օր էլ
նախագահ կարող է դառնալ։
– Բայց սփյուռքահայերը, որոնք երկքաղաքացիություն են ցանկանում, չեն ցանկանում, որ իրենց որդիները ծառայեն հայկական բանակում:
– Ինչո՞ւ պետք է չծառայեն: Բոլոր հայաստանցիների պես իրենք էլ պետք է ծառայեն:
– Դուք ընդունո՞ւմ եք, որ Հայաստանը ձեր Հայրենիքն է։
– Այո։ Առաջին անգամ Հայաստան եկա 30 տարի առաջ ու սիրահարվեցի
Հայաստանին։ Հայն ինձ համար միանգամից եղբայր է դառնում, ես չեմ տեսնում
հայի գեշ բաները։ Մտածում եմ, որ չի կարող պատահել, որ հայը գող լինի,
խաբեբա լինի։ Ես այստեղ գործ բացելու համար գրավ դրեցի իմ փարիզյան
բնակարանը եւ տեղափոխվեցի այստեղ։ Հայաստանում դժվար է աշխատել, էներգիան
արագ է սպառվում։ Հիմա պիտի Փարիզ գնամ, մի քիչ հանգստանամ, որպեսզի ուժ
հավաքեմ։
– Ձեր երեխաները Ֆրանսիայո՞ւմ են ապրում։
– Մեծ տղաս ուսանող է Փարիզում։ Իսկ փոքր տղաս այստեղ մեկ տարի դպրոցում
սովորեց, հետո որոշեց Փարիզ վերադառնալ։ Հասկանո՞ւմ եք, իրենք ինքնուրույն
պիտի ընտրեն, բայց համոզված եմ, որ հայությունը մտել է նրանց մեջ։
– Իսկ կցանկանայի՞ք, որ ձեր տղաները հայ աղջիկների հետ ամուսնանան։
– Շատ կուզեմ։ Բայց քանի որ ես հետամնաց մայրիկ չեմ, չեմ կարող իրենց
պարտադրել։ Իմ հայրն, օրինակ, շատ խիստ էր, ասում էր՝ եթե հայի հետ
չամուսնանաք, ինձ կարող եք մոռանալ։ Եվ մենք բոլորս էլ հայերի հետ
ամուսնացանք։
– Շքեղ Փարիզո՞ւմ, թե՞ փոքրիկ Երեւանում ավելի շատ կյանք կա։
– Երեւանում, անշուշտ, ավելի լիարժեք են ապրում։ Փարիզում բոլորը
դեպրեսիայի մեջ են։ Շատ ընկերներ ունեմ, որոնց հետ հազվադեպ եմ հանդիպում,
շատերն ասում են՝ ինչպե՞ս գամ քո տուն, գիտես ինչ խցանումներ են, հետո էլ
պարկինգի խնդիր կա, մետրո չես նստի՝ վախենալի է։ Փարիզն, իհարկե, շքեղ ու
գեղեցիկ է, բայց այդ գեղեցկությունը կարծես կողքովդ է անցնում։ Շատ դրամ է
պետք, ժամանակ է պետք։ Շատերը Փարիզի նորությունների մասին իմանում եմ,
երբ հյուր են ունենում եւ պետք է լինում նրանց քաղաքը ցույց տալ։ Իսկ
Երեւանում կյանք կա։
– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Հայաստանում:
– Հայաստանում շատ սոցիալական խնդիրներ կան։ Կարող է ֆեմինիստ թվամ, բայց
կարծում եմ, կինն իր էությամբ ավելի քաջ է, քան տղամարդը։ Ավելի
պատասխանատու։ Ես Ֆրանսիայում ապրել եմ ամեն ինչից պաշտպանված։ Իսկ
Հայաստանը 70 տարի կոմունիզմ է ապրել, հետո՝ երկրաշարժ, պատերազմ, մտել է
կապիտալիզմի մեջ, որը կապիտալիզմ չէ, այլ անարխիկ, ոչ արդար կապիտալիզմ։
Պետությունը ժամանակ չի ունեցել սոցիալական իրավունքներ ստեղծել, կամ էլ
գուցե չգիտի՝ ինչպե՞ս դա անել։ Ես շատ կուզենամ, որ Հայաստանում մարդիկ
իրենց սոցիալապես պաշտպանված զգան, մանավանդ՝ ծերերը: Ամոթ է, որ մենք
չենք կարող հոգալ մեր ծերերի խնդիրները: Եթե պետությունը չի կարող այդ
գործը անել, թող սփյուռքահայերն անեն, իրենք հոգան:
– Շատ սփյուռքահայեր վախենում են այստեղ գործ ձեռնարկել:
– Այո վախենում են, որովհետեւ ապահովություն չեն տեսնում: Եվրոպահայն ամեն
օրենքով պաշտպանված է, իսկ Հայաստանում այդ օրենքները կամ տակավին չկան,
կամ փոփոխված են: Բայց աշխարհում շատ հայեր կան, օրինակ, իմ հայրը, ովքեր
գնում են Կամերուն, Թունիս, Մարոկկո, գործ են բացում: Իսկ այդ երկրների
օրենքները Հայաստանի պես կայացած չեն: Ինչո՞ւ այնտեղ չեն վախենում, իսկ
այստեղ, իրենց երկրի մեջ վախենում են: Սփյուռքահայերի մոտեցումն է սխալ:
Թող չվախենան: Սփյուռքահայերն ընդհանրապես շատ վախկոտ են եւ հենց
Հայաստանի մեջ են վախկոտ: Պետք չէ վհատվել, պետք է նորից ստեղծել
Հայաստան-Սփյուռք կապը: Պետք է սովորել իրար հետ խոսել, շփվել, հասկանալ:
Սփյուռքահայը չպիտի ասի՝ հայաստանցի է՝ ուրեմն վատն է, իսկ հայաստանցին էլ
չասի՝ ախպար է՝ ուրեմն էշ է: Պատը պիտի վերանա, որովհետեւ միացումն ուժ է:
Իսկ Հայաստանը պետք է փրկել, որ երրորդ աշխարհի երկիր չմնա: Մենք խելքեր
ունենք, մեծ բիզնեսմեններ ունենք: Պետք է աշխատենք չմնալ աշխարհի պոչում:
Եթե միանանք, շատ բան կկարողանանք անել: Պետք է աշխատել:
– Դուք շատ կենսուրախ, ժպտերես մարդ եք: Որտեղի՞ց եք ստանում վերալիցքավորող էներգիան:
– Էներգիան փոխադարձ կապ է պահանջում։ Ես լիցքավորվում եմ Հայաստանից, իմ
գործից։ Երբ ինձ ասում են՝ բայց մի օր պիտի վերջացնես գործդ, ասում եմ՝
ոչ, տակավին շատ չարած բաներ ունեմ։ Եվրոպայում պիտի հայտնի դարձնեմ հայ
սուրճը, ուզում եմ Ռուսաստանի շուկա մտնել։ Մինչեւ հայկական սուրճը հայտնի
չդարձնեմ աշխարհում, չեմ հանգստանա։
– Վերջը երեւի կլինի այն կետը, երբ Կամերունում կվաճառվի մեր սուրճը։ Այնտեղից բերվի, մշակվի ու նորից արտահանվի։
– Լավ միտք է։ Ես իմ հայրիկին ասում եմ՝ պապ, գիտե՞ս, ես արդեն քո գործը
վերջացրել եմ, դու Հայաստանից եկար Ֆրանսիա, հետո՝ Կամերուն, ես էլ
հակառակը արեցի ու վերջում եկա Հայաստան։ Այսինքն, փակեցի շրջագիծը։ Հիմա
արդեն իմ երեխաները պիտի որոշեն, թե ինչպես շարունակել։