Դիմելու են ՍԴ

21/01/2010

Երեւանի թիվ 10 ընտրատարածքի հունվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վիճարկել ՍԴ-ում: Նիկոլ Փաշինյանի լիազոր-ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը երեկ «Ա1+»-ին հայտնել է, որ այսօր իրենք դիմելու են ՍԴ` պահանջելով անվավեր ճանաչել թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների արդյունքները: «Դիմումն արդեն պատրաստ է, մենք ընդամենը կից ներկայացվող նյութերն ու փաստաթղթերն ենք կարգավորում, որոնց մեջ ընդգրկված են նաեւ տեսանյութեր»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանի նախընտրական շտաբը դիմել էր Վարչական դատարան եւ բողոքարկել ԸԸՀ անգործությունը, որն ամփոփել էր հունվարի 10-ի ընտրությունների արդյունքները` չսպասելով Փաշինյանի վստահված անձի բողոք-դիմումներին եւ խախտումների վերաբերյալ տեսագրություններին: ԸԸՀ-ն ընդունել է իր անգործությունը եւ պարտավորվել ընդունել Փաշինյանի վստահված անձի բողոք-դիմումները եւ քննության առնել: ԸԸՀ նիստը տեղի է ունենալու այսօր: «Ես չեմ պատկերացնում, թե ինչ որոշում պետք է կայացնի ԸԸՀ-ն: Եթե ԸԸՀ-ն հունվարի 10-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշում կայացնի, ապա առարկայազուրկ կլինի մեր ՍԴ դիմելը: Բայց ես չեմ կարծում, որ ԸԸՀ-ն նման որոշում կկայացնի»,- ասել է Ն. Փաշինյանի վստահված անձը: