«Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը մի քիչ ավելի լավ է հասկացել, քան մեր արտգործնախարարը»։ Երեկ նման հայտարարություն է արել ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ ՀՀ ՍԴ կայացրած որոշման վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքի մասին: Ըստ Կ. Մանոյանի` Թուրքիայի ԱԳՆ-ն ճիշտ է նկատել` արձանագրությունում սահմանափակումներ կան, սակայն նա համաձայն չէ, թե այնտեղ վերապահումներ էլ կան: «Իրավական տեսանկյունից վերապահումներ չկան, բայց որ սահմանափակում կարող է լինի, այդքան էլ սխալ չէ»,- ասել է ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավարը` հավելելով, թե դա Թուրքիայի կողմից իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է: «Թուրքիան մեղադրում է Հայաստանին, սակայն, իրականում ինքը գործընթացն ընդհանրապես չի սկսել` հակառակ իրենց օրենսդրության, ըստ որի` իրենց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր տեսակետը պետք է հայտներ արձանագրությունների մասին մինչեւ դեկտեմբերի 7-ը, որը չկատարվեց»,- ասել է Կ. Մանոյանը` նկատելով, թե չնայած դրան` Թուրքիան փորձում է մեղադրել Հայաստանին, թե վերջինս հավատարիմ չէ բանակցությունների ոգուն: