Չեն ճնշելու

21/01/2010

Չնայած Ռուսաստանն ու Թուրքիան հաստատում են ավելի սերտ հարաբերություններ եւ տնտեսական կապեր, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ զարգացումները բխում են ոչ թե «ռազմավարական գործընկերությունից», այլ` «ընդհանուր շահերից»: Այս մասին թուրքական «Hurriyet»-ին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: «Էներգետիկ բնագավառում համագործակցության մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, այլ միայն երկկողմանի տնտեսական շահեր։ Ես չեմ հավանում «ռազմավարական գործընկերություն» եզրը»,- նշել է Իվանովսկին: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, նա նշել է. «Ի սկզբանե մենք անկեղծ ենք եղել: Այն, ինչի մասին խոսել է Լավրովը Երեւանում, նույնը ասել են նաեւ Պուտինը եւ Մեդվեդեւը Էրդողանին Մոսկվայում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երեւանում հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը ճիշտ չէ փոխկապակցել ԼՂ հակամարտության կարգավորման հետ:

Ռուսաստանի դեսպանը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում ճնշում գործադրել Երեւանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորամիավորումները Ղարաբաղից: «Ինչպես արդեն քաջատեղյակ է թուրքական կողմը, մենք ոչ մեկի կողմը չենք բռնի: Մենք ճնշում չենք գործադրի ոչ մեկի վրա՝ խնդրին լուծում տալու նպատակով»,- նշել է Իվանովսկին` հավելելով, որ «նման ճնշումները կարող են բացասական հետեւանք ունենալ»: Ըստ Իվանովսկիի` նույն կարծիքին են նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: