«Եթե յուրաքանչյուրն իր պաշտոնի շրջանակներում լիքրժեք աշխատի՝ հասարակությունը շատ հոգսերից ազատված կլինի»

21/01/2010

Վերջին շրջանում հանրության մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել վերահսկողական հատուկ մարմինների ուշագրավ բացահայտումները։ Դրանք մեծ հասարակական հնչեղություն ունեցան, սակայն արդյո՞ք կբավարարեն նրանց ուժերը, երբ ըստ էության ամենուր, գրեթե բոլոր ոլորտներում պատասխանատվությունը, մեղմ ասած, բարձր մակարդակի վրա չէ եւ ամենուրեք բազմաթիվ թերացումներ են դրսեւորվում։ Այս եւ այդ կարգի մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար պրն Հովհաննես Հովսեփյանի հետ։

– Ինչո՞վ կբացատրեք պետության վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմինների գործունեության այսպիսի ակտիվացումը հանրապետությունում, եւ ի՞նչ արդյունքների է դա հանգեցրել։ Ի՞նչ տեղ է գրավում դրանց մեջ Նախագահի վերահսկողական ծառայությունը, որո՞նք են նրա իրավասությունները, գործունեության շրջանակները եւ առանձնահատկությունները։

– Չեմ կարող ասել, որ հատուկ ինքնանպատակ ակտիվացման քաղաքականություն է որդեգրված, կամ նման հանձնարարություն ունենք։ Մեր կառույցի կոչումը եւ հիմնական գործառույթը ՀՀ նախագահի կողմից բարձրացված խնդիրների ուսումնասիրությունը, ստուգումը եւ նախագահի հանձնարարականների կատարումն է։ Արդյունքները պարբերաբար, պարտադիր կերպով ներկայացվում են նախագահին։

ՀՀ նախագահի ուշադրության շրջանակներում են մեր երկրում ցանկացած ոլորտի, կառույցի գործունեության խնդիրները։ Պահանջվում է, որ ոչ մի ասպարեզ հսկողությունից եւ տեղեկացվածությունից դուրս չմնա։ Նախագահի կողմից խնդիր է դրված` աշխատանքները պետք է լինեն շարունակական, իրադրությունը՝ մշտական վերահսկողության տակ։

Անշուշտ, երբ ներկայացվող պահանջների ծավալը մեծ է եւ կարեւորությունը՝ բարձր, բնականաբար, աշխատանքի մեծ ինտենսիվություն է պահանջվում։ Եթե համեմատում ենք, 2007 թ.-ին ստացել ենք շուրջ 4000 դիմում-բողոք, 2008-ին՝ 13.000, իսկ 2009-ի դեկտեմբերի դրությամբ՝ 15.000։ Դիմումների քանակի գրեթե քառակի ավելացումը, իհարկե, հաստատապես վկայում է Նախագահի բարձր հեղինակության եւ ժողովրդի վստահության ու սպասելիքների աճի մասին։ Դա պարտադրում է մեզ ավելի արդյունավետ աշխատել։ Դրական լուծում է տրվել ստացված դիմումների շուրջ 30%-ին։ Սա լուրջ արդյունք է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանն են դիմում առավել բարդ, նույնիսկ գրեթե լուծում չունեցող խնդիրների դեպքում, շատ անգամ իրավական բոլոր ատյանները անցնելուց հետո։ Դա մի տեսակ վերջին հույսն է, եւ եթե մենք հարցի դրական լուծման նույնիսկ փոքր տոկոսի հնարավորություն ենք տեսնում, համոզված եղեք՝ անպայման կատարում ենք։

– ՀՀ նախագահի կողմից անձամբ ինչպիսի՞ հանձնարարություններ եք ստանում, ո՞ր ոլորտները եւ երեւույթներն են գտնվում հատուկ ուշադրության կենտրոնում, որո՞նք ստրատեգիական նշանակություն ունեն պետության եւ հասարակության ներկա վիճակում։

– Ինչ վերաբերում է աշխատակարգին, ՀՀ նախագահը տարեսկզբին հաստատում է աշխատանքային ծրագիր, որ հետագայում նաեւ հանդիսանում է Վերահսկողական ծառայության աշխատանքային ուղեցույցը` ըստ ընդգրկված բնագավառների։ Մեր աշխատանքում մեծ տեղ ունի բնակչության նամակների ուսումնասիրությունը։ Ցանկացած դիմում-բողոքի կապակցությամբ քննություն է կատարվում, տրվում են պարզաբանումներ եւ սպառիչ պատասխաններ՝ համապատասխան ՀՀ գործող օրենսդրության։ Լուծման ճանապարհների առկայության դեպքում համապատասխան ընթացք է տրվում գործին։ Բնագավառների ընտրությունը կատարվում է ըստ ժամանակաշրջանի առաջնահերթությունների։ 2009-10թթ. երկրում առանձնահատուկ կարեւորվել են ֆինանսական խնդիրները, որի հետ կապված մեծ ուշադրություն է դարձվել պետեկամուտների հավաքագրման խնդիրներին, քանի որ, մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում, դա պայմանավորում է բյուջեի կատարման, հետեւաբար՝ կենսական ոլորտների՝ առաջին հերթին սոցիալական ծրագրերի կատարման անխափանությունը, որն անմիջականորեն կապված է ժողովրդի կյանքի առաջնային անհրաժեշտությունների հետ։ Ընդ որում, մեր մոտեցումները ամենեւին չեն հենվում աշխատաոճի համընդհանուր խստացումների վրա, ընդհակառակը, մենք ձգտում ենք հաստատել օրենքի հավասարաչափ եւ անխտրական կիրառում, բացահայտում ենք չարաշահումները, խախտումները, գործարարության ճնշումները, ինչը, կարծում եմ, միայն նպաստում է մթնոլորտի բարելավմանը հասարակության մեջ եւ աշխատանքային հարաբերություններում։

Մեր կողմից ուսումնասիրվել են բազմաթիվ ոլորտներ, ինչպես՝ կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, ուսումնական հաստատությունները, էներգետիկան, բնական պաշարները, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակները, տրանսպորտը, ուղեւորափոխադրումները, կապը, քաղաքաշինությունը, պետական գույքի կառավարումը, նոտարական ծառայությունը եւ այլն, եւ այլն։

– Ինչպե՞ս եք ընտրում ստուգման ենթակա օբյեկտները եւ ոլորտները։

– Ծրագրային մշակումների, ինչպեսեւ բնակչության բազմաթիվ նամակների մասին խոսեցինք, սակայն շատ մեծ խումբ են կազմում նաեւ այնպիսի հարցերը, որոնք ծագում են տվյալ պահին, իրադրությունից ելնելով, եւ հաճախ պահանջում են շատ օպերատիվ միջամտություն։ Եթե մենք տարվա աշխատանքային ծրագրով առնվազն 15 ոլորտ ենք ուսումնասիրում, ապա, դրան զուգահեռ, նախագահի հանձնարարությամբ կարող են ուսումնասիրության վերցվել դրա կրկնակին կամ եռակին։ Հաճախ է պատահում, երբ մեր աշխատակիցները 3-4 խմբով գտնվում են հանրապետության տարբեր մարզերում՝ հրատապ ծագած խնդիրներով։ Որպես կանոն, այդ մասնակցությունը ամրապնդում է վստահությունը իրավական եւ կառավարման մարմինների որոշումների եւ գործողությունների նկատմամբ։ Դեռեւս 2009-ին պետք է դադարեցվեր տասը տարուց ավելի ծառայած ավտոմեքենաների շահագործումը որպես տաքսի՝ այդպես է ողջ քաղաքակիրթ աշխարհում, նույնիսկ շատ ավելի խիստ, իսկ մենք էլ չենք կարող անընդհատ տեղում մնալ։ Բանակցություններից, փաստարկումներից հետո համաձայնություն ձեռք բերվեց միջնորդել կառավարությանը 1 տարի «մորատորիում» հայտարարել, մինչեւ վարորդները հնարավորություններ կգտնեն պահանջվող չափանիշները բավարարելու։ Շատերը այդ ընթացքում անցան իրավական դաշտ։ Բայց անցյալ շաբաթ դարձյալ մի խումբ սկսեց այդ հարցով դժգոհություն հայտնել։ Սկսեցինք նոր բանակցություններ, որոնք կարծես արդյունք են տալիս։ Այսպիսին է մեր աշխատանքը՝ միշտ չէ, որ կարող ես օրենքի տառի կիրառմամբ սահմանափակվել, հասարակական հարաբերությունները շատ ավելի բարդ ոլորտ են, եւ ոչ մի խնդիր խորթ չէ մեր աշխատանքին։

– Ամենամեծ դժգոհությունները լինում են, ինչպես հայտնի է, դատական մարմիններից։ Գիտենք, որ կան նաեւ հիմնավորված բողոքներ։ Ինչպե՞ս կարելի է ազդել այս ոլորտի վրա, որն անկախ իշխանության թեւ է ներկայացնում։ Հակառակ դեպքում նրանք անպատի՞ժ են։

– Իհարկե, ժողովրդավարական երկրներում դատական համակարգը իշխանության երեք անկախ ճյուղերից մեկն է։ Սակայն անկախությունը եւ անպատժելիությունը պետության գոյության պայմաններում չեն կարող նույնանալ։ Դատական համակարգը չի կարող անկախ լինել պետությունից։ Այս իմաստով պետությունն ունի համապատասխան մեխանիզմներ, որոնք գործում են նման դեպքերում։ ՈՒնենք Արդարադատության խորհուրդ, որտեղ բարձր որակավորման մասնագետներ են նշանակվում նաեւ ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Բնականաբար ցանկացած հարց, որ կարող է տեղիք տալ դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցելուն եւ պատասխանատվության ենթարկելուն, դա Արդարադատության խորհրդի լիազորությունն է։ ՈՒնենք դեպքեր, երբ վարույթի արդյունքում որոշակի անձինք տույժի են ենթարկվել։ Կարող է եւ ավելի խիստ մոտեցում ցուցաբերվել, ընդհուպ՝ մինչեւ պաշտոնից հեռացում։ Սա ազդեցիկ մեխանիզմ է, որ ժողովրդավարական պետություններում ի վիճակի է կանխել ամենաթողությունն ու անպատժելիությունը։ Սակայն, իհարկե, այստեղ պետք է խիստ նրբանկատ մոտեցում։ Սխալվել կարող է յուրաքանչյուր ոք, սակայն չի կարելի «խելագարության կանխավարկածից» ելնելով՝ պնդել, թե բոլոր դատավորներն են հանցավոր։

– Արդյո՞ք ճիշտ կարելի է համարել, երբ վերահսկիչ մարմինները բացահայտում են պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ խախտումներ եւ բավարարվում են միայն վնասի հատուցմամբ։

– ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բացահայտել եւ բյուջե է վերադարձրել զգալի գումարներ։ Տարբեր կարգի կարգապահական պատասխանատվության եւ վարչական պատիժների են ենթարկվել 17 ավտոտեսուչներ, ազատվել են զբաղեցրած պաշտոններից «Հայավտոկայարան» ՊՓԲԸ տնօրենը (Երեւանի «Կենտրոնական» ավտոմակայանի համալիրը գրավ դնելու պատճառով), ՀՀ քաղաքաշինության նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի 4 պաշտոնատար անձինք (շուկայական գների մասին ոչ արժանահավատ տվյալներ ներկայացնելու պատճառով), կարգապահական վարույթներ են հարուցվել եւ տույժեր նշանակվել նոտարական 150 խախտումների պատճառով մի շարք նոտարների նկատմամբ։ Թվարկումները կարելի է շարունակել։ Սակայն կարծում եմ, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքում կանխարգելիչ գործառույթները պակաս կարեւոր նշանակություն չունեն, քան պատժիչը։ Չենք ուզում ոստիկանի, ոչ էլ դատավորի դեր կատարել։ Մեկ անգամ մեր արդարացված միջամտությունից հետո վստահ ենք, որ դրանից հետո համակարգն ինքը կաշխատի նման խախտումները բացահայտելու ուղղությամբ, եւ դրանք չեն կրկնվի։

– Ի՞նչ կարգի խախտումներն եք առավել վտանգավոր համարում հասարակության համար, եւ որո՞նք են ամենահաճախ հանդիպողները։

– Դրանց գնահատման համար կան հասարակության կողմից ընդունված եւ արդարացված չափանիշներ։ Իմ կարծիքով, օրինազանցություններից, նույնիսկ հանցագործություններից ոչ պակաս հասարակական վտանգ են ներկայացնում թերացումները՝ իրենց մեծ տարածվածության եւ ընդգրկման պատճառով։ Օրինակ՝ խոցելի, անպաշտպան խավերի հետ գործ ունեցող սոցապի աշխատակիցը, որը բարեխղճորեն չի կատարում իր պարտականությունները, կարող է ավելի շատ վնաս հասցնել մարդկանց, քան պարզ օրինախախտը։ Եթե յուրաքանչյուրն իր պաշտոնի շրջանակներում լիարժեք աշխատի, վստահ եմ, հասարակությունը շատ հոգսերից ազատված կլինի։

– Կոռուպցիոն բնույթի ի՞նչ կարգի երեւույթներ են հայտնաբերվել, եւ ինչպիսի՞ն է դրանց տարածվածության աստիճանը։

– Տարածվածության մասին ստույգ գնահատականներ չեմ կարող տալ։ Մեր հետազոտություններում բազմաթիվ են ոչ միայն բացահայտ հանցանքներն ու թերացումները, այլեւ թաքնված կոռուպցիոն վտանգները։ Այսպես՝ ինչպե՞ս բացատրել, որ 2007-2008 եւ 2009թթ. առաջին կիսամյակի ողջ եռամյա ժամանակահատվածում Պետական հրդեհային տեսչության կողմից կատարված հետազոտությունների արդյունքում դադարեցվել է ընդամենը 3 օբյեկտի գործունեություն (ստուգվում է տարեկան 30 հազար օբյեկտ), այն դեպքում, երբ մեր հետազոտություններով հայտնաբերվել են բազմաթիվ եւ բազմակի խոշոր խախտումներ (առանձին դեպքերում՝ մեկ օբյեկտում 10-ից ավելի)։ Պետական գույքի կառավարման ոլորտում անշարժ գույքը օտարվելիս գնահատվում է բոլոր չափանիշներից ակնհայտորեն ցածր արժեքով, ու շատ անգամ, կարճ ժամանակ անց, վաճառվում շուկայական գնով։ Կամ՝ գիտության ասպարեզում, Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ոչ միայն վավերացնում է դոկտորական վկայագիր, որի ատենախոսությունը 2003թ. պաշտպանվել է Ռուսաստանում այլ գիտնականի կողմից (գրագողություն), այլեւ հաստատում է նույնիսկ պարզագույն տեխնիկական պահանջները (էջերի, տողերի քանակ եւ այլն) չբավարարող ատենախոսություններ…

– Հաշվառվում եւ արձագանք գտնո՞ւմ են Ձեր կողմից մամուլի ահազանգերը, եւ հետաքրքիր է, ինչպե՞ս եք գնահատում նրանց արժանահավատությունը։

– Ոչ միայն մենք, նաեւ Նախագահի մամուլի գրասենյակը ուղարկում է մեզ համապատասխան հրապարակումները, որոնք մենք քննության ենք առնում։ Թեպետ, ինչպես հայտնի է, մամուլի հրապարակումները միշտ չէ, որ ամբողջությամբ համապատասխանում են ճշմարտությանը, ավելին, նրանք եւս ունենում են տարբեր շահախնդիր ծագումնաբանություն, պատվիրատուներ եւ ուղղորդողներ, այդ թվում եւ՝ քաղաքական, սակայն մյուս կողմից փաստ է, որ այնտեղ շատ անգամ արժանահավատ եւ ուշագրավ տեղեկություններ են պարունակվում։

– Ձեր ծառայությունը սխալներ չի՞ ունենում։

– Ինձ թվում է, բացարձակ անսխալական մարդ չկա, սակայն մեզ մոտ վերահսկողությունը, այդ թվում՝ անձնական պատասխանատվությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ոչ մի կասկածելի, մինչեւ վերջ չստուգված փաստ չպիտի ներկայացվի մեր աշխատանքում։

– Իսկ քաղաքական շարժառիթներ Ձեր գործունեության մեջ չե՞ն լինում:

– Պետության մեջ քաղաքականությամբ զբաղվում են տարբեր կառույցներ։ Մեզ դա խստորեն հակացուցված է։ Չեք գտնի մի դեպք, երբ ծագած ինչ-որ քաղաքական հարցով զբաղվի Նախագահի վերահսկողական ծառայությունը։ Ինչ խոսք, մեր աշխատանքում միշտ չէ, որ կարողանում ենք բավարարել մեզ դիմող քաղաքացիների բոլոր ակնկալիքները, բնական է, հասարակության բոլոր օրինախախտումները չէ, որ մենք կարող ենք բացահայտել։ Սակայն կարող եմ վստահաբար հայտարարել, որ մեր գործունեությունը լիակատար անաչառ է։ Անաչառությունը եւ բացարձակ արժանահավատությունը մեր գործունեության երեք հիմնական սյուներից առաջինն է։

– Իսկ որո՞նք են մյուս երկուսը։

– Հաջորդն այն է, որ մենք իրականացնում ենք ամբողջովին համակարգված (սիստեմային) աշխատանք։ Այսինքն՝ հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Եվ երրորդը, որ ինձ համար ամենակարեւորն է, դա մտացածին, շինծու, արհեստական տարրերի լիովին բացառումն է մեր աշխատանքում։ Ես ուրախ եմ, որ այս երեք կետերում էլ մենք հասել ենք լուրջ արդյունքի։

Հարցազրույցը` Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ