ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունների ու ԵԽ ԽՎ-ի միջեւ գոյություն ունի որոշակի քաղաքական պայմանավորվածություն: «Դա է պատճառը, որ մենք չենք կարողանում արդարացի գնահատականներ տալ ու արդարացի վերաբերմունք ստանալ ԵԽ ԽՎ-ից»,- երեկ «Հայաստանը եւ Եվրախորհուրդը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է Զ. Փոստանջյանը: Նա անօրինական է համարել այն քայլը, որ իրեն` որպես պատվիրակության մշտական անդամի, մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցել չեն թույլատրում: «Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում «Ժառանգության» կարծիքը, որը համընկնում է մեր ժողովրդի ընդդիմադիր կարծիքի հետ, չի հնչելու»,- ասել է նա` հավելելով, թե Հայաստանն այսօր առավել անմխիթար վիճակում է, քան մոնիտորինգի կամ հետմոնիտորինգային փուլում գտնվող ցանկացած երկիր: