Թուրքիայի դժգոհությունն անհեթեթ է

21/01/2010

Թուրքիայի դժգոհությունը` կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման 4-րդ եւ 5-րդ կետերի հետ, որեւէ քննադատության չի դիմանում: «tert.am»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Թուրքիայի դժգոհության առարկա դարձած հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման 5-րդ կետում, որտեղ հղում է կատարվում Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ պարբերությանը (պարբերությունն արձանագրում է, որ ՀՀ-ն սատարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը), ըստ սահմանադրագետի, որեւէ խնդիր չկա: «Դա նորմատիվ ակտի մի մասն է: Այս կետի նախաբանում, հղում կատարելով Անկախության հռչակագրին, ՍԴ-ն հստակեցրել է, որ Անկախության հռչակագիրն ունի Սահմանադրությանը հավասար կարգավիճակ եւ պարտադիր է բոլոր պետական մարմինների համար»,- պարզաբանել է նա: Վերջինիս համար առավել անհեթեթ է Թուրքերի դժգոհությունը` կապված ՀՀ ՍԴ որոշման 4-րդ կետի Ա ենթակետի հետ, որով սահմանվում է, որ հիշյալ փաստաթուղթը չի կարող վերաբերել երրորդ կողմի: «Թուրքական տեսակետը որեւէ քննադատության չի դիմանում: Պարզ է, որ Արձանագրությունները երկկողմ փաստաթղթեր են եւ վերաբերում են երկու կողմերին: Դա միջազգային իրավունքի հայտնի նորմ է` պայմանագրերը գործում են կողմերի միջեւ եւ չեն կարող վերաբերել երրորդ կողմին»,- ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: