Գործադուլը շարունակվում է

21/01/2010

Կապանի «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցների եռօրյա գործադուլը դեռեւս չի ավարտվել: Հիշեցնենք, որ գործադուլավորների հիմնական պահանջը աշխատավարձերի բարձրացումն էր: «Հուսով ենք` գործադուլի հանգուցալուծումը շուտ կլինի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի նորանշանակ պատասխանատու Նորայր Աղայանը: Հիշեցնենք, որ այս պաշտոնում մինչ հունվարի 15-ը աշխատել էր Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: Վերջինիս աշխատանքային պայմանագիրը լրացել էր նշյալ ժամկետում: Ընկերությունն էլ այլեւս նոր պայմանագիր չէր կնքել նրա հետ: Իսկ թե արդյո՞ք այլ կադրային փոփոխություններ կատարվել են ընկերությունում, Ն. Աղայանը պատասխանեց, որ իրեն դեռեւս հայտնի չէ: «Ես դեռ նոր եմ սկսել աշխատել,- արձագանքեց նա` նշելով ընկերության եւ մարզի ղեկավարների միջեւ չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցության արդյունքների մասին,- Ընկերությունը որոշում է կայացրել, որ հունվարից աշխատավարձերի բարձրացման փաթեթ է ներկայացնելու` ըստ մասնագիտությունների: Համաձայն այդ փաթեթի` աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30-60%-ի չափով»: