«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկվա ասուլիսում ներկայացրել է ԲՀԿ դիրքորոշումը` կապված Սահմանադրական դատարանի որոշման հետ: Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հիմք է հանդիսանալու պետական, քաղաքական գործիչների համար՝ այդ որոշման ոգով առաջ շարժվելու: «ՍԴ-ն ֆիքսել է, որ սրանք զուտ առաջին քայլն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բավարար իրավական դաշտ ստեղծելու համար: Դատարանի որոշման մեջ նշվել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները կրում են բացարձակապես երկկողմանի բնույթ, եւ մտահոգությունը, որ դրանցում նշված սկզբունքները կարող են վերաբերել նաեւ երրորդ պետության, նույնպես փարատվել են»,- ասել է նա` հավելելով, թե հայ-թուրքական հարաբերություններում գլխավորը սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն են, իսկ մյուս հարցերը երկրորդական են: «Ինչ վերաբերում է հարցին, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական գործընթացը կապել Ղարաբաղի խնդրի հետ, ապա Թուրքիան կձախողվի, եւ Հայաստանը կարող է կարծրացնել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչն այժմ նկատվում է: Ոչ մի երրորդ ուժ չի կարող Հայաստանին ստիպել զիջումների գնալ իր համար կենսական հարցերում»,- ասել է ԲՀԿ մամուլի քարտուղարը: Ըստ Խ. Գալստյանի` եթե Թուրքիան ձախողի գործընթացը, միջազգային լուրջ իրավական խնդիրների առաջ կկանգնի: Ավելին, նա համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների թե դրական, թե բացասական ելքի դեպքում Հայաստանը շահած է դուրս գալու: «Բացասականի դեպքում ստանում ենք հսկայական քարոզչական պաշար` Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումը միջազգային ասպարեզում ներկայացնելու համար: Դրականն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն է»,- ասել է նա:
Հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին, նա պատասխանել է, թե զերծ է մնում մեկնաբանություններից` ասելով, թե Ն. Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման դատապարտելը եւս իրավական որոշում էր: «7 տարվա ազատազրկման դատապարտելը իրավական որոշում էր: Նիկոլ Փաշինյանի գործով արդեն հայտարարվել է, որ վճիռը բողոքարկվելու է: Այդ պատճառով գնահատական տալը ժամանակավրեպ է»,- ասել է նա: