Ինչպես հայտնի է, Գաֆէսճեան հիմնադրամի ներկայացուցիչ, «Արմենիա
ստուդիոզ» ՓԲԸ տնօրեն Բագրատ Սարգսյանը մրցութային կարգով գնեց «Հայֆիլմ»
կինոստուդիան: Որքան էլ զարմանալի է, բայց «Հայֆիլմ» կինոստուդիայի
ճակատագրի լավագույն լուծումը «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը
համարում է հենց մասնավորեցումը: Զարմանալին այն է, որ Գ.Գեւորգյանը դեռ
երեք տարի առաջ, եւ ամիսներ առաջ էլ `Գաֆէսճեան հիմնադրամի
ներկայացուցիչների եւ Բագրատ Սարգսյանի՝ «Հայֆիլմը» մասնավորեցնելու
ծրագրին ոչ միայն դեմ էր, այլեւ պաշտպանում էր այլ թեկնածուի ծրագիր (ոչ
միայն Խաչիկ Խաչիկյանի, այլեւ Արա Աբրահամյանի):
– Կինոարտադրությունը հսկայական ներդրումներ է պահանջում, հետեւաբար՝
պետբյուջեի գումարներով կինոստուդիա վերազինելը եւ արտադրանք տալը
անհեռանկար էր: Խաչիկ Խաչիկյանը, որը մասնավորեցնել ցանկացողներից էր,
մրցույթին չմասնակցեց, քանի որ վերջինիս դուր չեկան առաջարկվող
պայմանները: Պայմանները թելադրում են ազգային կինոն պահպանելու
ռազմավարություն, բացի այդ, գրավի, պետական ծրագրերի ապահովման
միջնաժամկետի, աշխատողների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանները,
որոնց խախտման դեպքում գործարքը չեղյալ կհամարվեր, Խ. Խաչիկյանի համար
խիստ պայմաններ թվացին: Ազգային կինոյի տեսակը, շարունակականությունն
ապահովելու համար պիտի նկարահանվեն մեր գեղարվեստական խորհրդի առաջարկած
ֆիլմերը, իսկ դրա հետ մեկտեղ երկրորդական կարգով էրոտիկ կամ մարտական
ֆիլմեր թող արտադրեն: Որոշման նախագծի մեջ նաեւ կետ կա, որ աշխատողների
հետ պայմանագիր պետք է կնքվի մեկ տարի ժամկետով, առնվազն 50.000 դրամ
աշխատավարձի չափով: Հետեւաբար ներդրումներն ու գնված գույքը գրավ կմնան
պետությանն այնքան ժամանակ, քանի դեռ ներդրումային ծրագիրը չի ավարտվել:
– Դուք զրուցե՞լ եք պրն Խաչիկյանի հետ, չէ՞որ ասում էիք, որ նա
ֆանտաստիկ պայմաններ է առաջարկում «Հայֆիլմը» մասնավորեցնելու համար,
ինչո՞ւ հիասթափվեց:
– Այո՛, ինքը մրցույթից երկու օր առաջ ինձ զանգահարեց, եկավ, բա թե՝ խիստ
պայմաններ են, ես չեմ մասնակցի: Ինքն էլ թերթերից մեկին հարցազրույց էր
տվել՝ ասելով, թե ինքը կովն է ուզում առնի, իսկ պետությունն իրեն տալիս է
պոչն ու գլուխը: Ի՞նչ է նշանակում՝ պետությունը կեսը տալիս է, կեսը՝ ոչ.
ես իրեն բացատրեցի, որ հողն օգտագործման իրավունքով տրվում է 100 տարով,
եւ ցանկության դեպքում կարող ես գնել, ֆիլմերն օգտագործման իրավունքով
տրվում են 50 տարով, ասում եմ՝ միեւնույն է, այդ ֆիլմերը ժողովրդինն են,
50 տարուց հետո դրանք դառնում են հանրային սեփականություն:
Մենք չգիտեինք, թե բաց մրցույթին ով է մասնակցելու: Գույքի կառավարման
վարչությունը նույնիսկ աշխարհի 50-ից ավելի մեծ ստուդիաներին մրցույթի
պայմաններն ուղարկել էր, որպեսզի ցանկացողները մասնակցեին: Մինչեւ
մրցույթի վերջին օրը մենք չգիտեինք, թե ով է մասնակցելու, բայց համոզված
էինք, որ Խ. Խաչիկյանն, այնուամենայնիվ, կմասնակցի, որովհետեւ պայմանները
մշակվել էին նաեւ իր առաջարկությունների հիման վրա: Մենք հավատում էինք
այդ ծրագրին, իսկ Գաֆէսճեանի պարագայում գումար վաստակելու խնդիր չկա, նա
միանգամից ներդնում է: Այսինքն՝ փող վաստակելու համար ֆիլմ նկարահանելու
փոխարեն՝ Գաֆէսճեանը նպատակ ունի հայությանը ֆիլմի միջոցով ներկայացնել
աշխարհին, հետո նոր կոմերցիոն ֆիլմեր նկարել:
– Բայց դուք ասում էինք, որ Խաչիկյանի առաջարկած պայմանները ֆանտաստիկ են եւ «Հայֆիլմի» փրկությունը նրա հետ էիք կապում:
– Որովհետեւ ես այլ տարբերակ չունեի: Ըստ էության, մեզ համար կարեւոր չէ,
թե ինչ անձ կամ կառույց կգնի ստուդիան, այլ կարեւոր է հայկական կինոյի լավ
ապագան, ծրագիրը: Երեք տարի առաջ Գաֆէսճեանի ծրագրին դեմ էինք, որովհետեւ
ավելի լավը կար, բայց չիրականացավ: Հիմա դրանցից մի քանի անգամ ավելի լավ
ծրագիր է առաջարկվել, եւ եթե մրցույթին ներկայացվեր ավելի լավ ծրագիր,
բնականաբար, կնախընտրեինք դա, թեեւ ավելի լավ ծրագիր չեմ էլ պատկերացնում:
Գործը մեծ թափով է սկսվել, նույնիսկ այն դեպքում, երբ դեռ առքուվաճառքի
պայմանագրերը վերջնականապես պատրաստ չեն:
– Իսկ ձեզ չի՞ մտահոգում այն, որ քաղաքապետարանը Գաֆէսճեան հիմնադրամին 600.000 դոլար է պարտք:
– Դեռեւս այն ժամանակ իրենք առաջարկի մեջ գրել էին, որ պարտքը կզիջեն: Ես
հիմա չգիտեմ՝ այդ պարտքը մարվե՞լ է, թե՞ ոչ, բայց դա ոչ մի կապ չունի
գործարքի հետ: Իրենք պետությանն արդեն 350 մլն դրամը մուծել են, կտրոնը
կա: Մեզ համար էական էլ չէ՝ գույքի համար մուծվող գումարը 300 կամ 350 մլն
է, մեզ համար էականը 70 մլն դոլարի ներդրումն է, որը պիտի դառնա շենքեր,
սարքավորումներ, լավ պայմաններ եւ ֆիլմ:
– Անհանգստություն չկա՞, որ «Արմենիա ստուդիոզ»-ը կինոստուդիայում էլ բարեկամական կապերի հիման վրա աշխատակիցներ կընտրի:
– Կինոստուդիայի 100%-անոց տերը Գաֆէսճեան հիմնադրամն է, իսկ Բ. Սարգսյանը
հիմնադրամի ներկայացուցիչն է, որը բանակցություններ է վարում, փաստաթղթեր
է ձեւակերպում: Մարդիկ մտածում են, որ սա դառնալու է «Արմենիա»
հեռուստաընկերության կցորդը, բայց հավատացեք, այդպես չէ: «Արմենիա»
հեռուստաընկերությունն ունի իր «Արմենիոֆիլմս» ստուդիան, որը տեսաֆիլմեր
պիտի նկարի: Աշխատակազմի փոփոխություն, բնականաբար, կլինի, որովհետեւ
աշխատատեղեր են բացվելու: Նախկին 1100 աշխատակիցներից հիմա մնացել է
248-ը: Եթե նախկինում 50.000 դրամ աշխատավարձի առաջարկ կար, ապա
Գաֆէսճեանի նախագծում գրված է, որ մասնագետները կստանան 1000 եւ ավելի
դոլար: Մենք շուտով մրցութային կարգով մասնագետների կհրավիրենք,
հարյուրներով, հազարներով աշխատատեղեր կբացվեն: Ինչ վերաբերում է
ընտանեկան սկզբունքով ընտրություն կատարելուն, ապա «Արմենիա» TV-ի դեպքում
այդպես ճիշտ է, որովհետեւ դա իրենց սեփականությունն է. իրենք են հիմնել,
իրենք էլ աշխատեցնում են: