Աշխատանքային տոներ, կամ հակառակը

21/01/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նոր տարին սկսեցինք բավական տարօրինակ: Այսինքն` երկար արձակուրդով: Հունվարի առաջին 10 օրը երկիրը չէր աշխատում: Համարյա ամբողջությամբ: Եզակի բացառություններից էր Երգի պետական թատրոնը: Ամանորյա սեղաններից հոգնած հանդիսատեսին երգի թատրոնում անակնկալ էր սպասում: Այստեղ մյուզիքլի շնորհանդես էր: Հայկական մյուզիքլի շնորհանդես: Հեղինակները Անիտա Հախվերդյանն ու Արթուր Գրիգորյանն են: Դժվարանում եմ ասել, թե ինչու էր բեմելը անցկացվում ամանորյա տոների օրերին: Փոխարենը կարող եմ վստահեցնել, որ հանդիսատեսը տոնական տրամադրությամբ էր հեռանում դահլիճից: «Իրական պատմություն» խաղ-մյուզիքլ անունը կրող ներկայացումն իր էներգետիկայով իսկապես տոնական էր: Հատկապես երկրորդ հատվածը: Այն երաժշտության առումով բազմաժանր ու աշխույժ երգերի շարան էր: Բազմաժանրությունն ու աշխուժությունն էին հենց տոնականություն հաղորդում: Ոչ դահլիճը, ոչ բեմը տոնական զարդարում չունեին: Գույնզգույն զարդարանքների կարիքը չկար: Բեմում շոու-բիզնեսի հոգնած (ու եթե կուզեք` հոգնեցնող) դեմքերը չէին: Նոր ու անծանոթ երիտասարդներ էին: Նրանց կատարումներն էին տոնական միջավայր ապահովում: Երաժշտագետ չլինելով՝ կարող եմ պնդել, որ հայկական երգը որոշակի առանձնահատկություն ունի: Այն մեր լեզվով է պայմանավորված: Հայկական լավ բանաստեղծությունը երգ դարձնելը բարդ խնդիր է: Լավ բանաստեղծությունը ներքին ու կայուն ռիթմ ունի: Որն ինքնին երաժշտություն է ու դժվար է համադրել ուրիշ մեղեդայնության հետ: Եթե հաշվի առնենք, որ հայոց լեզուն կայուն շեշտ ունեցող լեզու է, պիտի արձանագրենք, որ հայերեն տեքստի համար երաժշտություն գրողը բարդ խնդրի առջեւ է հայտնվում: Դասական օրինակը Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է: Հեռավոր 60-70-ականներին հենց այս երգով էր իր եթերը սկսում Հայաստանի հեռուստատեսությունը: Տարիներ շարունակ: Բայց երգը չսիրվեց: Որովհետեւ երաժշտության ու հայերենի հանգերն իրար հակասում էին: Հայի ականջի համար անսովոր շեշտերի պատճառով: Հայերենի հստակ վերջին վանկը շեշտելու պահանջը կոմպոզիտորը, մեղմ ասած, չէր հաջողել ու ստացվել էր այսպես «Ես իմ ա՛նուշ Հա՛յաստանի ա’րեւահամ բա՛րն եմ սի՛րում»: Այս սխալից հազվադեպ է հաջողվում խուսափել: Զուտ այդ պատճառով է հայկական էստրադային երգերի ճնշող մեծամասնությունն իր մեղեդայնությամբ դանդաղ ու միօրինակ: Ու պատկերացրեք` մեկ մյուզիքլում իրար ետեւից հնչում է 9-10 երգ: Երաժշտական ու տեքստային շեշտերը համընկնում են: Ոչինչ չի խանգարում լսել ու վայելել երգը: Ակնհայտ է, որ դա տեքստի հեղինակի ու կոմպոզիտորի համատեղ ու մանրամասն աշխատանքի արդյունք է: Երգի պետական թատրոնը ստեղծագործական պաուզայից վերադարձավ: Վերադարձավ` հաստատելու առաջատարի իր դիրքը: Մեր շոու-բիզնեսի շուկայում: Վերադարձավ նոր բեմով: Բառացիորեն նոր տեխնիկայով հագեցած բեմով: Որ հնարավորություն ունի բարձրացնելու ու պտտելու բեմադրող ռեժիսորի մատնանշած ցանկացած հատված: Տեխնիկական այդ հնարավորությունները բեմադրության վրա եւ դրական, եւ բացասական ազդեցություն ունեն: Դրականը կատարվող գործողություններին ու պարերին աշխուժություն հաղորդելն էր: Իսկ բացասականն այն էր, որ մյուզիքլի մասնակից երգչուհիները ստիպված էին հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից ու պարել անկրունկ մաշիկներով: (Կրունկով կոշիկները կարող են խրվել բեմի բազմաբեկոր ու պարբերաբար տարբեր հարթություններ ունեցող հատվածների մեջ): Մյուզիքլը շոու է, որ ենթադրում է շքեղ կանացի կերպարներ: Իսկապես դժվար է անգամ երեւակայել, որ որեւէ կին կհամաձայնի որեւէ տոնական միջոցառման մասնակցել անկրունկ մաշիկներով: Երաժշտական ու պարային շքեղությանը ամենեւին էլ համահունչ չէին «անկրունկ» ու նույն զգեստը հագած աղջիկները: Տղամարդ կատարողները, որքան էլ տարօրինակ է, զգեստի ձեւերի ու գույների բազմազանությամբ ավելի շահեկան վիճակում էին: Մյուզիքլի մի հատվածը բառացիորեն զարմացրեց ազգային իմաստով: Ինձ թույլ կտամ ենթադրել, որ Ստեփանակերտ քաղաքի մասին երգը շատ շուտով կդառնա երիտասարդական դիսկոտեկների հիթ: Իսկ ներկա ներքաղաքական իրավիճակում դրա դրական դերը, ընդունված բառապաշարով ասած, դժվար է գերագնահատել: Բայց դա երեւի ազգային ինքնագիտակցության մեջ մշակույթի ունեցած դերի բարդ թեմային է վերաբերում: Հետեւաբար մշակութաբանի հմտության խնդիր է: Ոչ թե լրագրողի: Հայկական շոու-բիզնեսի ներկա վիճակից դժգոհող լրագրողները (ու ոչ միայն նրանք) հաճախ են մատնանշում այդ գործում Երգի պետական թատրոնի ղեկավարության դերը: Արթուր Գրիգորյանին հաճախ են հիշեցնում, որ միօրինակ ու միապաղաղ «աստղերը» սկսել են հենց այս թատրոնից: Մյուզիքլի առաջին հատվածում Արթուր Գրիգորյանն ու Անիտա Հախվերդյանը հականե-հանվանե հիշում են Երգի թատրոնով անցած իրենց գործընկերներին: Հիշում են՝ չհրաժարվելով թատրոնի անցյալից, որն իրենց իսկ ստեղծագործական կյանքի մի մասն է: Այս հատվածը ներկայացված է գուցե մի փոքր երկար: Իսկապես պատերազմող եւ տնտեսական ճգնաժամ ապրող Հայաստանում ու Արցախում տարիներ շարունակ կազմակերպված երգի փառատոներն ու պարզապես համերգները չհիշելը ապերախտության պես մի բան կլինի: Անկախ երաժշտական ճաշակից ու քաղաքացիական դիրքորոշումից: Ու հրաշալի է, որ հիմա Երգի պետական թատրոնը չի պահանջում գնահատել պատերազմի տարիների իր վաստակը: Այլ ներկայանում է նոր ու ծափահարության արժանի ներկայացումով: