Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Բողոքի ալիքը ոսկու շուկայում» հոդվածին արձագանքեցին Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից: «Հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առքուվաճառքի համար տարեկան 50.000 դրամ դրույքաչափի սահմանումը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից»,- ասված էր վարչության պարզաբանում-նամակի մեջ: Պատասխան-նամակում նշված էր նաեւ այն օրենքի մասին, որը օրեր առաջ թղթե փոքրիկ պատառիկների վրա գրված` բաժանել էին Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցներին: Հիշեցնենք, որ, ըստ մեր աղբյուրների, ծանուցագրերը բաժանել էր շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի թիկնապահը: Մինչդեռ այս մասին շուկայում ոսկյա իրերի առեւտրով զբաղվողները նախընտրեցին չխոսել: Աշխատակիցների վրդովմունքը դեռ չի անցել: «Մնում է գան` կաշիներս քերթեն-գնան»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց առեւտրականներից մեկը` հարցնելով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ են հանկարծ հիշել այն օրենքի մասին, որը երբեւէ չի գործել: Իսկ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը նշում է. «Հիմք ընդունելով օրենքի նշված դրույթները` Երեւանի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի N46-Ն որոշման 7-րդ կետի համաձայն` Երեւան քաղաքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առքուվաճառքի թույլտվության համար տարեկան վարձավճարի չափ է սահմանվել 50.000 դրամը: Այսինքն` դրույքաչափ է սահմանվել օրենքով նախատեսված նվազագույնը»: «Բա էդ ո՞նց որոշեցին, որ 50.000 դրամ ա, հը՞: Էդ որոշողնե՞րն են գալու մեր փոխարեն աշխատեն, ավելի ճիշտ` պարապ նստեն: Իսկապես, չեն հավատում, որ ասում ենք, առեւտուր չկա: Մի կաշի ա մնում, ասեք թող գան էդ էլ քերթեն»,- կրկին բողոքում էին աշխատակիցները` անճարությունից չիմանալով` ո՞ւմ դիմել եւ ի՞նչ անել: «Ոչ մեկի հետ հույս չենք կապում էլ: Հեն ա, տնօրինությունից էլ երեկ եկան հայտնեցին, որ տնօրենը կարա մեզ պարտք տա, մենք էլ տարվա ընթացքում ամիսը 4000 դրամ պիտի վճարենք տնօրենին: Այսինքն` պարտքներս մարենք»,- տնօրենի առաջարկության մասին պատմում էին առեւտրականները` միանշանակ մերժելով այն: Աշխատակիցները ստեղծված իրավիճակից ելքը համարում են բոյկոտը: «Չգիտենք, թե դա ի՞նչ կտա: Մի բան հաստատ ա: Ինչի՞ են մեր հաշվին հարստանում: Մենք հիմա չենք կարողանում մեր ընտանիքները պահել»,- անզուսպ զայրույթով շարունակում էին խոսել աշխատակիցները` զարմանալով, թե ի վերջո ի՞նչ է ուզում Կառավարությունը իրենցից կամ, առավել եւս, քաղաքապետարանը: «Քնում-զարթնում են` օրենքներ են հիշում: Աբսուրդ ա»,- հավելեցին զրուցակիցներս: