Հայաստանում նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը հայտարարված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ:
Մասնավորապես այդ միամսյակի առիթով սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց կողմից հնչում էր այն կարծիքը, թե ՀՀ-ում հաշմանդամության կարգը հաստատելու համար ստվերային մեծ գումարներ են շրջանառվում: Գաղտնիք չէ, որ մեր հասարակության սոցիալապես խոցելի խմբերի գիտակցության մեջ կարծրատիպ կա, որ հաշմանդամությունն ամրագրելու համար անհրաժեշտ է որոշակի գումար դնել այդ հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների գրպանը: Անգամ եթերից հնչեցին այնպիսի գնահատականներ, ըստ որոնց՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓԳ) մեր երկրի ամենակոռումպացված ոլորտներից մեկն է: Մինչդեռ ուսումնասիրելով ՀՀ կառավարության որոշումները, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը եւ լսելով ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանի փաստարկներն, այնուամենայնիվ, համոզվեցինք, որ մեր հայրենակիցների դժգոհությունների համար առիթ են հանդիսացել նախ փորձաքննության իրականացման կարգի հետ կապված փոփոխությունները, առողջապահական հաստատությունների մասնագետների` մարդկանց դեպի ԲՍՓ գործակալություն ուղղորդելու ոչ իրավացի մոտեցումն, ինչպես նաեւ՝ մի քանի այլ հանգամանքներ, որոնք կներկայացնենք ստորեւ: Շատ դեպքերում էլ մեր քաղաքացիների անիրազեկությունն է նման հայտարարությունների առիթ հանդիսանում, քանի որ մասնավորապես այս կամ այն հիվանդությունն ունեցող մարդը կարծում է, թե համապատասխան բուժումը ստանալուց հետո պետությունը պարտավոր է ընդունել իր հաշմանդամությունը եւ փոխհատուցել սոցիալական աջակցությամբ:
Համաձայն ՀՀ կառավարության 2006թ.-ի մարտի 2-ի թիվ N 276 որոշման` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննության բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները: ԲՍՓ գործակալության պետ Մ. Վանյանի տվյալներով` անձը կարող է ուղեգրվել բժշկասոցիալական փորձաքննության հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տեւական խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ, նաեւ բուժման ընթացքում): «Այսինքն` որպեսզի մարդը դառնա հաշմանդամ, պետք է ունենա հիվանդություն, դիմի բուժման, բուժման վերականգնումն ավարտի, որից հետո, եթե կլինի կենսագործունեության կայուն սահմանափակում` ֆունկցիաների խանգարման հիման վրա նա արդեն կարող է դիմել եւ փորձաքննվել որպես հաշմանդամության համար փորձաքննվող անձ»,- ասում է գործակալության պետը` հավելելով, որ անձի կայուն կենսագործունեության խանգարում արձանագրվելուց հետո միայն պետությունն անձին վերցնում է իր հովանավորության տակ, այլ կերպ ասած` անձն օգտվում է սոցիալական աջակցության իրավունքից: Մինչդեռ, ըստ նրա` մեր ազգաբնակչության մոտ արմատացած է այն համոզմունքը, որ եթե մարդը հիվանդ է, ուրեմն` հաշմանդամ է. «Շատերը կարծում են, թե հաշմանդամության կարգը պետության կողմից փոխհատուցում է: Շատերն ասում են` ես վիրահատվել եմ, ինձ չի հասնո՞ւմ խումբ: Ոչ, մարդը ճանաչվում է հաշմանդամ, երբ արձանագրվում է կենսագործունեության որեւէ աստիճանի սահմանափակում»:
Ի դեպ, համաձայն ԲՍՓԳ իրականացման կարգի դրույթների` անձին հաշմանդամ ճանաչելու եւ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու համար հիմք են հանդիսանում հիվանդությունների, վնասվածքների կամ արատների հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության այնպիսի սահմանափակումները, որոնք առաջացրել են սոցիալական անբավարարություն եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Մ. Վանյանի տվյալներով` կենսագործունեության սահմանափակումները յոթն են` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու սահմանափակում, ինքնասպասարկման ունակության սահմանափակում, սեփական վարքագիծը վերահսկելու եւ այլ սահմանափակումներ: Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ եւ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության եւ այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետեւանքով առաջացած ախտաբանական պրոցեսները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետեւանք: Ըստ պրն Վանյանի` ՀՀ կառավարության ԲՍՓ ժամանակ օգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին որոշմամբ` անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են հետեւյալ կերպ. «Օրինակ` հոգեկան ֆունկցիաների խանգարում` ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի: Կամ հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ` գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի կամ օրինակ` ընդերային եւ նյութափոխանակության խանգարումներ` սնուցման խանգարում: Փորձաքննությունն իրականացվում է կառավարության որոշմամբ ԲՍՓ ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան»: Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական եւ քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման 4 աստիճան. 1-ին աստիճան` ֆունկցիայի աննշան խանգարումներ, 2-րդ աստիճան` ֆունկցիայի չափավոր խանգարումներ, 3-րդ աստիճան` ֆունկցիայի արտահայտված խանգարումներ, եւ 4-րդ աստիճան` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ: «Օրինակ` 3-րդ աստիճանի սահմանափակում է համարվում լրիվ անաշխատունակ մարդը, որին կամ հակացուցված է աշխատանքը, կամ չի կարող աշխատել: Մարդ, որն ինքնուրույն տեղաշարժվել չի կարող, որովհետեւ միայն կարող է օժանդակ պարագաներով տեղաշարժվել, 1-ին աստիճանի սահմանափակում ունի: Դա պրոթեզավորմամբ կամ հենակներից օգտվող մարդն է: 2-րդ աստիճանի սահմանափակում է համարվում այն կարգավիճակը, որ բացի նրանից, որ մարդն օգտվում է օժանդակ պարագաներից, դեռ ավելին` այլ անձից մասնավոր կախվածություն ունի: Իսկ 3-րդ աստիճանի սահմանափակում է համարվում այն մարդու կարգավիճակը, որը լիակատար կախվածություն ունի մեկ այլ անձից»: Այդուհանդերձ, Մ. Վանյանի համոզմամբ` չափորոշիչներն այնքան հստակ են, որ հաշմանդամության խմբերի տարանջատումն ունի հստակ կիրառություն: «Պարզապես խնդիրը մարդու հիվանդության ախտաբանական վիճակի մեջ է: ԲՍՓ դիմող անձն արդեն համոզված է, որ իրեն պետք է կարգ սահմանեն, որովհետեւ առողջապահական հիմնարկից հոգեբանորեն նրան վստահեցրել են, որ նրան հասնում է հաշմանդամության կարգ: Մենք ասում ենք` դուք ունեք այս հիվանդությունը, որը բուժելի է, բայց հաշմանդամ չեք, պետության հովանավորության կարիքը չունեք: Ասում է` իմ բժիշկն ասել է, որ դու երկրորդ կարգի հաշմանդամ հիվանդ ես: Մենք էլ ասում ենք` քո բժիշկը պարտավոր էր իր աշխատանքային գործունեության սահմաններում քեզ բուժել: 3 օր առաջ վիրահատված մարդը եկել ասում է` ոտքիս երակը երկրորդ անգամ վիրահատել են, ու բժիշկն ասել է` քեզ հաշմանդամության խումբ է հասնում: Թող ներեն իմ կոլեգաները, բայց այդ բժիշկը փոխարենն ամաչի, որ մարդն առողջ ոտքով գնացել է բուժհիմնարկ կոսմետիկ վիրահատության, բայց… Բժիշկն էլ աչքալուսանքի նման բան է ասել, թե` ոչինչ, որ ոտքիդ հետ էդպես եղավ, բայց փոխարենը հաշմանդամության թոշակ կստանաս»: Հարկ է նշել, որ չկան այնպիսի հիվանդություններ, որոնք այսպես թե այնպես հաշմանդամության կարգ են ենթադրում: Հաշմանդամություն է համարվում մարդու հիվանդության, վնասվածքների կամ արատների հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված սահմանափակումները: «Ոչ թե հիվանդությանն է տրվում հաշմանդամություն, այլ հիվանդին` ելնելով իր ֆունկցիաների խանգարումից: Օրինակ` սայլակավոր մարդը հաշմանդամություն ստանում է տեղաշարժման ունակության սահմանափակման համար, բայց համարվում է աշխատունակ: Սա բավականին լոյալ մոտեցում է, որովհետեւ ամբողջ աշխարհում այսօր շեշտը դրվում է աշխատունակ հաշմանդամ մարդու աշխատանքային գործունեության խրախուսման վրա»,- վստահեցնում է ԲՍՓ գործակալության պետն` ասելով, որ այսօր արդեն ամեն ինչ արվում է, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդը Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ակտիվ մասնակիցը դառնա, ինտեգրվի հասարակության մեջ: Ինչ վերաբերում է վերջերս հաճախակի հնչող այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ ԲՍՓ գործակալությունը կոռումպացված կառույց է, Մ. Վանյանն ասում է. «Սովետական ժամանակաշրջանից եկած կարծրատիպեր են, որոնք կոտրելը դժվար է: Այն ժամանակ մարդը 3-րդ խմբի հաշմանդամության համար ստանում էր 70 ռուբլի թոշակ, իրեն համարում էր անաշխատունակ եւ ամբողջ կյանքում պատրաստ էր կրել հաշմանդամի կարգավիճակը: Նախկինում կղզյակներ կային` սոցապ բաժիններ, հանձնաժողովներ, որոնց միջոցով այդ կարգը ստանալը հեշտ էր: Այսօր գործում է օրենքը եւ կառավարության հաստատած կարգը, եւ առողջ մարդուն կարգ տալն անհնար է: Այն մարդը, որն իրեն համարում էր հաշմանդամ, բայց փորձաքննության արդյունքում համարվել է ոչ հաշմանդամ` հայտարարում է, թե` փող չտվեց, դրա համար էլ կարգ չտվեցին»: Մ. Վանյանը հավատացնում է, որ շատերը չլինելով հաշմանդամ, տարիներ շարունակ պետական մարմիններին բողոքում են իրենց կարգ չտալու համար: Հիշեցնենք, որ հաշմանդամության կարգն ամրագրելու պարագայում անձը, բացի թոշակ ստանալուց, նաեւ ունի պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորություն:
Նշենք, որ ներկայումս ՀՀ-ում կա 178.000 գրանցված հաշմանդամություն ունեցող անձ: