«Բոլոր աղանդների թիկունքին հզոր մարդիկ են կանգնած»

21/01/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Պարոն Ամարյան, թերեւս սկսենք հենց կենտրոնի անվանումից: Ո՞րն է քայքայիչ աղանդը, եւ ո՞րը` ոչ քայքայիչը:

– Քայքայիչ եւ ոչ քայքայիչ աղանդների տարբերակման համար պետք է լինի հստակ օրենք, որը Հայաստանում չկա: Միջազգային պրակտիկայում ցանկացած կրոնական կառույց, որն իր գաղափարախոսությամբ եւ կրոնաբանությամբ շեղվում է տվյալ պետության եկեղեցու ավանդական գաղափարներից, կոչվում է աղանդ: Աղանդ հասկացության մեջ որեւիցե վատ բան չկա: Չգիտես ինչու, մեզ մոտ` Հայաստանում, կրոնական կառույցները «աղանդ» բառը լսելիս վիրավորվում են: Վտանգավորը ոչ թե աղանդն է, այլ քայքայիչ աղանդը: Քայքայիչ աղանդն այն է, որն իր գործունեության մեջ օգտագործում է արգելված հոգեբանական մեթոդներ, ինչպիսին է հոգեորսության մեթոդը: Հենց դա է քայքայիչ աղանդի վտանգավոր մասը: Իհարկե, ճիշտ կլիներ, որ սա ՀՀ օրենքով ամրագրվեր, եւ հետագայում հնարավոր լիներ հեգեորսության համար պատժամիջոցներ սահմանել: Ցավոք, մեզ մոտ դա բացակայում է:

– Մեզ մոտ գերակշռում են քայքայի՞չ աղանդները:

– Քանի որ կրոնական կառույցները իրենց գործունեությունը մշտապես պահում են փակ վիճակում, ուրեմն` դրանք քայքայիչ աղանդներ են: Այս առումով Հայաստանում որեւէ պետական մարմնի կողմից կատարված վիճակագրություն չկա: Միջազգային փորձից ելնելով` կարող ենք ասել, որ քայքայիչ աղանդների մեջ են մտնում «Եհովայի վկաները», խարիզմատները, բահաիստները եւ այլն: Ներկայումս Հայաստանում գրանցված է 64 կրոնական կառույց, եւ նույնքան էլ չգրանցված կրոնական կառույցներ կան:

– Իսկ պետությունը ի՞նչ պետք է անի:

– Պետությունը, նախ, պետք է օրենք ընդունի: Երկրորդը` պատրաստի մասնագետներ, ովքեր կկարողանան աշխատել կրոնական կառույցների հետ: Այդ մասնագետները պետք է լինեն անկախ եւ անաչառ:

– Բայց պետությունը ինչպե՞ս կարող է ընդունել օրենք, եթե բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում մսամթերքի բիզնեսը պատկանում է ավետարանչականներին, ոսկու եւ ադամանդի բիզնեսը` Եհովայի վկաներին, շինանյութի եւ հյուրանոցների բիզնեսը` մորմոններին: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը: «Աղանդների» ետեւում օլիգարխնե՞րն են թաքնված:

– Ես հենց այդ հանգամանքից ելնելով էի ասում, որ պետք է պատրաստվեն մասնագետներ, որոնց շնորհիվ ի վիճակի կլինենք դիմադրել` պահպանելով օրենքի տարրը: Եվ օրենքի բացակայության պատճառով է, որ այսօր որեւէ կրոնական կառույց հնարավոր չէ վերահսկել` ոչ պետության կողմից, ոչ էլ ինչ-որ մեկի կողմից:

– Ի վերջո, ի՞նչ «եղանակ» կփոխի օրենքը:

– Կարծում եմ` օրենքը շատ բան կփոխի: Անցած տարի գարնանը ուզում էին օրենքն ընդունել, բայց հետո անհասկանալիորեն սառեց: Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա բոլոր կրոնական կառույցները պետք է հստակ մշակեին իրենց գործունեությունը, որպեսզի խախտումներ չգրանցվեին: Այսօր կրոնական կառույցն ինչ ուզում` անում է: Եթե հանկարծ փորձում ես, այսպես ասած, կպնել իրենց բիզնեսին, ապա ասում են, որ իրենց կրոնական շարժառիթներով ճնշման են ենթարկում: Եթե վերցնենք այս տարվա Պետդեպարտամենտի ելույթը` այնտեղ կտեսնեք, որ հենց այդ բիզնեսին կպնելով, աղմուկ են բարձրացնում` իբր Հայաստանում կրոնական հալածանք է կատարվում:

– Այնուամենայնիվ, աղանդները մեզ մոտ անգամ գրանցում են ստանում, ինչպես, ասենք, Եհովայի վկաները:

– Իսկ ինչո՞ւ չգրանցել «Եհովայի վկաներին», եթե մյուս աղանդները, որոնք առավել մեծ վտանգ են ներկայացնում, նույնպես ստացել են գրանցում:

– Անուններ կնշե՞ք:

– Իհարկե, ոչ:

– Ինչո՞ւ: Վա՞խ կա:

– Ես միայն թերթի անվտանգությունից ելնելով չեմ նշի:

– Պարոն Ամարյան, փաստորեն աղանդների թեւ-թիկունքը այնքան հզոր մարդիկ են, որոնք վա՞խ են ներշնչում:

– Եթե կրոնական կառույցների միջոցով Հայաստանը չերեւացող շրջանառություն է ձեռք բերում մոտ 1մլրդ դոլարի, ի՞նչ եք կարծում` նրանք որքա՞ն հզոր են: Իսկ հնարավո՞ր է, որ 1մլրդ դոլարի շրջանառություն ունեցող բիզնեսում պետական խոշոր ներկայացուցիչներ եւ ուժային կառույցներից մարդիկ ներգրավված չլինեն: Բոլոր աղանդների թիկունքին հզոր մարդիկ կան կանգնած: Նրանք ընդամենը 5 վայրկյանում պատրաստ են խոչընդոտ ստեղծել` այն էլ պետական մակարդակով: Ինչպես տեսնում եք, նրանք այդքան հզոր են: Ի դեպ, այդ ուժը անգամ ինձ վրա են կիրառել: 2007թ. քրեական գործ էին հարուցել իմ դեմ: Շուրջ 1 տարի գործը քննվեց, հետո կարճվեց` դեպքի բացակայության պատճառով: Այսինքն` իրականում այդպիսի դեպք տեղի չէր ունեցել, բայց դատաքննությունը տեւեց ուղիղ 1տարի: Հասկանում եք, խնդիրը անուններ տալը չէ: Հավատացեք, դրանից որեւէ բան չի փոխվի: Այստեղ խնդիրը գործելն է: Իսկ մենք կգործենք:

– Կրոնական շարժառիթներով ինքնասպանությունների կոնկրետ ցուցանիշ կա՞:

– 2004թ. 12-ամյա մի աղջնակ` Անուշ Ավակիմյանը, կրոնական կառույցների գործունեության հետեւանքով ինքնասպանություն գործեց: Երբ սկսեցինք գործն ուսումնասիրել, տեսանք, որ Պետվիճվարչությունը տալիս է սխալ տվյալներ: Վարչության տվյալներով՝ տարեկան ինքնասպանությունների թիվը 40-50 է, այնինչ իրականում այդ թիվը հասնում է 500-ի: 2006թ. ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի նիստում պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում անցած տարվա ընթացքում կատարվել է մոտ 486 ինքնասպանություն: Այսպիսով` 10 տարվա ընթացքում Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճեց 11-12 անգամ: Ընդամենը սա է վիճակագրությունը, այլ վիճակագրություն չի կատարվում, քանի որ Հայաստանում չեն կարողանում հստակ եւ կտրուկ որոշում կայացնել, որ ինքնասպանությունը կատարվել է կրոնական շարժառիթներով: Մասնագետներ չունենք: Քանի դեռ մասնագետներ չունենանք, ոչ ոք չի իմանա այդ մասին: Միջազգային առողջապահության կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն` ինքնասպանությունների 51%-ը կենցաղային բնույթի են, իսկ 49%-ը` անհայտ պատճառներով, որի մեջ մտնում են կրոնական շարժառիթներով ինքնասպանությունները:

– Շատերը աղանդների տարածման գլխավոր պատճառ են համարում սոցիալական գործոնը: Ո՞րն է աղանդի տարածման հիմնական պատճառը:

– Աղանդների տարածման հիմնական պատճառը հոգեւոր դատարկությունն է եւ բաց լինելը: Եթե ժամանակին որոշ կառույցներ անեն այն ամենը, որպեսզի մարդը հոգեւոր մենակության մեջ չընկնի, վստահեցնում եմ` ոչ մի կրոնական կառույցի մեջ այդ մարդը չի մտնի: Բայց քանի որ դրանք բացակայում են, մարդիկ մտնում են կրոնական կառույցների մեջ:

– Կարելի՞ է ենթադրել, որ աղանդավոր «քահանաներն» ավելի լավ են աշխատում, քան Հայ Առաքելական եկեղեցու քահանաները:

– Խնդրում եմ, այդպիսի բան մի ասեք:

– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ հասարակության հիասթափությունը սեփական եկեղեցու սպասավորներից:

– Նախեւառաջ հասարակությունը պետք է եկեղեցուց չպահանջի: Հասարակությունը պետք է իրեն գնահատական տա, թե ինքը ի՞նչ է արել եկեղեցու համար: Անշուշտ, եթե եկեղեցին դիտարկենք` որպես անձ, գուցե ես ինքս ունենամ իմ դժգոհությունները, բայց ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել այն փաստը, որ հենց եկեղեցին է դարեր շարունակ մեր գիրը պահել, հավատքը պահել: Մի՞թե դա քիչ է: Ինչո՞ւ եք ֆիզիկական անձանցից պահանջում, որոնց մեջ դյուրին է սխալներ գտնելը:

– Որովհետեւ նրանք Աստծո տան սպասավորներն են:

– Ես որքան շփումներ եմ ունեցել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հետ, միշտ գոհ եմ եղել: Եթե անգամ որեւէ սպասավորի մոտ լինում են թերություններ, մեր եկեղեցին ազատվում է նրանցից: Անգամ այդ մասին եկեղեցին հրապարակայնորեն հայտնում է: Իսկ արդյո՞ք երբեւէ կարդացել եք, թե ինչպես են աղանդավորական կառույցները ինչ-որ սպասավորի հեռացման մասին հրապարակում կատարում: Այդպիսի դեպք չի եղել: Օրինակ, «Կյանքի խոսքը» իր ամսագիրն ունի, իր հեռուստակայանն ունի, բայց երբեւէ չի հրապարակվում այդ մասին:

– Աղանդների մուտքը Հայաստան ընդունվեց տարերայնորեն: Բայց կարծես այսօր հակաաղանդավորական կրքերը մարում են: Ինչո՞ւ:

– Դժբախտաբար, աղանդների տարածումը ավելի սրընթաց է կատարվում, քան կարելի է պատկերացնել: 2003թ., երբ մենք սկսեցինք մեր գործունեությունը, աղանդավոր էին համարում միայն «Եհովայի վկաներին»: Մինչդեռ այդ ժամանակ Հայաստանում կար 55 կրոնական կառույց: Ներկայումս այդ թիվը հասել է 67-ի: Այսինքն` մի քանի տարվա ընթացքում կրոնական կառույցների թիվն ավելացավ 12-ով: Իսկ այդ տարիներին, երբ «Եհովայի վկաներին» գրանցեցին, պետք է նախեւառաջ օրենքն ընդունվեր, հետո` գրանցեին: Ծիծաղելի չէ, երբ ասում են` խելոք չմնան, կփակենք: Իսկ գուցե հարցնե՞ն` ինչպե՞ս, ո՞ր օրենքով են փակելու, որտե՞ղ է գրված այդ օրենքը, եւ ընդհանրապես ի՞նչ է հոգեորսությունը: Այդպիսի բան չկա:

– Որտեղի՞ց են գալիս աղանդները: Կարծիք կա, որ դա Համաշխարհային կազմակերպության ծրագրերից է, որը ավելի շատ հայտնի է իբրեւ 300-ի կոմիտե: Սա թյո՞ւր կարծիք է:

– 300-ի կոմիտեի ծրագրում նշված է, որ բոլոր եկեղեցիները պետք է վերացվեն, ու դրանց փոխարեն պետք է ստեղծվի մի ընդհանուր եկեղեցի: Այդ եկեղեցին պետք է լինի սատանայապաշտական: Դա իրենց ծրագիրն է, որի կատարողները տարբեր կառույցներ են` գիտահետազոտական կառույցներ, ինստիտուտներ, հատուկ ծառայություններ: Հայաստանում, բացի Հայ Առաքելական եկեղեցուց, բոլոր կրոնական կառույցների գլուխը գտնվում է ԱՄՆ-ում. «Կյանքի խոսք»` Գերմանիա-Շվեդիա-ԱՄՆ, «Նոր առաքելական»` Գերմանիա-ԱՄՆ, «Մորմոններ»` Շվեյցարիա-ԱՄՆ: Այս շարքը կարելի է շարունակել, ու կհամոզվեք, որ բոլոր կրոնական կառույցների գլուխը, իսկապես, ԱՄՆ-ն է, որտեղից էլ ֆինանսավորվում են: Հիմա եթե տրամաբանորեն դիտարկենք ստեղծված վիճակը, կստացվի այսպես. հայերը շուրջ 6 դար, լինելով մահմեդականների տիրապետության տակ, չփոխեցին իրենց հավատքը: Շատ տարօրինակ է: 1988թ.-ի երկրաշարժից 20 տարի անց ժողովրդի 15%-ն արդեն հոգեւոր առումով հեղաշրջվել է:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ են լռում մեր երկրի իշխանությունները: Գուցե իշխանական բուրգում էլ կան աղանդավորներ:

– Այդ մասին պիտի հարցնեք Վարդան Ասատրյանին` Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչության պետին: Նա` որպես մասնագետ, հրաշալի մասնագետ է, բայց, ցավոք, նրա կողմից որեւէ առաջարկ մինչ օրս չկա: Հիմա, որքան տեղյակ եմ, վարչությունն ունի կադրային խնդիր: Իսկ ի՞նչ պիտի անի 2 հոգին: 2 հոգով կրոնական կառույցներով զբաղվելը պարզապես հեքիաթ է: Այսօրվա դրությամբ մենք ունենք շատ լուրջ խնդիր: Դա այն է, որ ազգը չգիտի, թե իրեն ինչ է սպասում: Մենք գոռում ենք ներքին վտանգի մասին` ընդդիմություն, իշխանություն, բայց այդ ամենը այս ծրագրի առջեւ խաղալիք է: Նպատակը ազգի մասնատումն է: Իսկ մենք փոքր ազգ ենք` ի՞նչ ունենք իրար հետ կիսելու: Պատմությունը միշտ փաստել ու կփաստի մեր մասնատման հետեւանքները: Այն ժամանակ, երբ մենք համախմբված ենք լինում, պետությունն ուժեղ է, եւ հակառակը: Այս պահին մենք հասարակ խաղաքարտ ենք նրանց ձեռքում: Եթե խոսենք խաղաթղթերի լեզվով, ապա ոչ թե «կոզեր ենք», այլ` հասարակ «վեցնոց», որը պարունակում է ոչինչ: Շախմատը օրինակ չեմ բերում, որովհետեւ «պեշկան» երբեմն «մատ» է անում: Մենք դեռ «պեշկային» էլ չենք հասել: Մենք հասարակ «վեց» ենք: Դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ պետությունը չսկսի ինքն իրեն հարգել, ազգը չդադարի իրար միս ուտել: Եվ դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ առաջնահերթ համարվի պետական շահը, այլ ոչ անձնականը:

– Ամենաողբալի վիճակում այդ առումով մե՞նք ենք, թե՞ մեզնից վատթարագույնն արդեն կա:

– Ճիշտ չէ այդպիսի որակում տալը: Ռուսաստանից մենք տոկոսային հարաբերությամբ առաջ ենք: Մեր իշխանությունները պետք է այս մասին մտածեն, հակառակ դեպքում` բոլորս կանգնելու ենք լուրջ խնդրի առջեւ: Բեսլանի դեպքերից հետո հոգեորսները սկսել էին առաջարկներով հանդես գալ: Նրանք երեխաները կորցրած ծնողներին փորձում էին համոզել, որ 5000 դոլարով կարող են ետ բերել իրենց մահացած երեխաներին: Գրեթե բոլոր ծնողերը վճարեցին գումարը, որովհետեւ հավատացել էին նրանց: Դա Գեորգի Գրոբավոյի ղեկավարած կրոնական կառույցն էր:

– Հաճախ աղանդավորները հանդես են գալիս` իբրեւ Աստվածաշունչը քարոզողներ: Մի՞թե նրանք սնվում են Աստվածաշնչից:

– Օրինակ, «Մորմոններն» ասում են, որ իրենց կրոնական կառույցի հիմքը Կտակարանն է, բայց գլխավորը համարում են իրենց «Մորմոնի» գիրքը: Կրոնական կառույցները ամեն գնով փորձում են իրենց գործելաոճը համապատասխանեցնել օրենքին, ըստ որի` կրոնական կառույցի հիմքը պետք է լինի պատմական կրոնական գիրք, այսինքն` Աստվածաշունչը: Նրանք հարկադրված դա ընդունում են ու անմիջապես անցնում իրենց բուն գրականությանն ու գործունեությանը:

– Այնուհանդերձ, ելք կա՞:

– Պետք է պայքարել այն կառույցների դեմ, որոնք վտանգավոր են` սկսած դրանք փակելուց մինչեւ քրեական հետապնդումներ: Օրենքներ եւ մասնագետներ են անհրաժեշտ:

– Բա որ բյուջեն ճեղվա՞ծք տա։

– (Ծիծաղում է.- Մ.Մ.) Դա արդեն իմ խնդիրը չէ, այլ իրենցը: Այն ժամանակ, երբ սահմանամերձ գոտիները կմնան անպաշտպան, կտեսնենք, թե ո՞նց են օգտագործելու իրենց բյուջեն: