Ադրբեջանում անհանգստացած են

21/01/2010

Օրենսդիրները պատրաստվում են զսպել ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիք ստեղծող այս տագնապալի սովորույթը: Ադրբեջանցի ակտիվիստների խոսքերով`աղջիկ երեխաներով հղի կանանց ստիպում են աբորտ անել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ամուսինները լքում են նրանց, քանի որ ընտանիքներում որոշված է միայն տղա երեխաներ ունենալ: Իրավիճակն այնքան լուրջ է, որ երկրի խորհրդարանում քննարկումներ են ընթանում երեխայի սեռը որոշելուց հետո աբորտներն արգելելու վերաբերյալ` բնակչության գենդերային վտանգավոր դիսբալանսը կանխելու նպատակով:

25-ամյա Շաֆարաթ Ռզաեւան 17 տարեկանում ամուսնացել էր մի տղամարդու հետ, ով բաժանվել էր կնոջից, քանի որ վերջինս նրան արու զավակ չէր պարգեւել: Ռզաեւան նույնպես միայն աղջիկներ էր ունեցել, այդ պատճառով էլ ամուսինը նրան տանից դուրս էր արել: «Նրանք ինձ երկու աղջիկներիս հետ հորս տուն ուղարկեցին: Մենք դեռ պաշտոնապես բաժանված չենք, բայց արդեն մեկ տարի է, ինչ ամուսինս ու նրա հարազատները մեզանով չեն հետաքրքրվում: Ես հասկանում եմ, թե ինչու նա չի ուզում ինձ հետ ապրել, բայց ի՞նչ մեղք ունեն մեր երեխաները, որ աղջիկ են ծնվել,- զարմանում է կինը:- Խնդիրները սկսվեցին, երբ երկվորյակ աղջիկներս ծնվեցին: Երբ կրկին հղիացա, եւ պարզվեց, որ նորից աղջիկ պետք է ծնվի, իսկական դժոխք սկսվեց: Ամուսինս եւ սկեսուրս ամեն օր առանց պատճառի ծեծում էին ինձ»: Իսկ երբ եկել էր ծննդաբերելու ժամանակը, ամուսինը հրաժարվել էր նրան հիվանդանոց տանել: «Նրանք ասացին` ինչո՞ւ պետք է կրկին վճարեն աղջկա համար: Ես ստիպված էի տանը ծննդաբերել. նրանք իրենց բարեկամին էին կանչել, ով մանկաբարձուհի էր: Ինձ օգնելու փոխարեն, նա միայն գոռում էր: Երեխան մահացավ, իսկ ես հազիվ փրկվեցի»: Երեխայի մահից երեք օր հետո կնոջը դուրս շպրտեցին տանից. ակտիվիստների խոսքերով`ընտանեկան բռնության այս դեպքերը երկրում սովորական բնույթ են կրում: «Ադրբեջանում կանայք հաճախ են բռնության ենթարկվում իրենց ամուսինների եւ նրանց ընտանիքների կողմից` աղջիկ երեխա ունենալու պատճառով: Ցանկալի արու զավակի փոխարեն աղջիկ ունենալու համար կանայք հաճախ շատ թանկ են վճարում`ընդհուպ մինչեւ ընտանիքի քայքայվելը»,- ասում է Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովան: «Եվ բավական շատ են դեպքերը, երբ ամուսինը, նրա ծնողները կամ այլ բարեկամները ստիպում են կանանց աբորտ անել` աղջիկ երեխայից ազատվելու նպատակով»: Մահմեդական գիտնականները հավատացնում են, որ Իսլամն արգելում է ոչ միայն արական եւ իգական սեռի երեխաների միջեւ ընտրություն կատարելը, այլեւ`աբորտները: Նրանց խոսքերը, սակայն, ազդեցություն չունեն մի երկրում, որտեղ տղա երեխա ունենալը շատ ավելի պատվաբեր է, քան աղջիկ ունենալը: Կանխակալ վերաբերմունքի մեկ այլ զոհ է դարձել 34-ամյա Մալահաթ Զամանովան, ով մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի: «Ադրբեջանցիներն ավելի շատ տղաներին են սիրում, քան աղջիկներին. այդպիսին է մեր մտածողությունը: Ամուսինս ինձ ստիպել է 6 անգամ աբորտ անել մինչեւ արու զավակ ունենալը: Ամեն հղիության ժամանակ, երբ պետք է պարզվեր երեխայի սեռը, ես այնպես էի վախենում: Ամեն անգամ այսպիսի դժոխքի միջով պիտի անցնեի եւ չէի կարող բացատրել ամուսնուս, թե ինչ տառապանք է աբորտ անելը, հատկապես այսքան անգամ»,- ասում է կինը: Այս միտումը նշանակալի ազդեցություն ունի երկրում ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցության վրա: Պետական վիճակագրական հանձնաժողովի տվյալների համաձայն` 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում 109.500 երեխա է ծնվել, որոնց 54.1 տոկոսն արական սեռի են, 45.9 տոկոսը` իգական:

Ներկայում, ընդհանուր առմամբ, բնակչության մեջ տղամարդկանց եւ կանանց թիվը համարյա հավասար է, սակայն, եթե իգական սեռի պտուղների աբորտը շարունակվի, երկրում կարող է դիսբալանս ստեղծվել: «Եթե այսպես շարունակվի, շուտով հարաբերակցությունը կփոխվի, եւ երկրում տղամարդկանց թիվը լրջորեն կգերազանցի կանանց թվին: Իսկ սա կարող է ժողովրդագրական ճգնաժամ առաջ բերել»,- ասում է Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ֆայզա Ալիեւան: Վիճակագրական հանձնաժողովի տվյալների համաձայն` 2008թ. հղիության արհեստական ընդհատման 25.000 դեպք է եղել` ի տարբերություն նախորդ տարի գրանցված 22.000-ի: 60 տոկոսից ավելին տեղի է ունեցել հղիության երրորդ ամսում` այն ժամանակ, երբ երեխայի սեռը հեշտությամբ կարելի է պարզել ուլտրաձայնային հետազոտման ապարատի միջոցով: Փորձագետների կարծիքով` սա իր հերթին նշանակում է, որ հեռացված պտուղների մեծ մասը իգական սեռի է եղել: «Վերջերս հղի կանանց շրջանում ուլտրաձայնային հետազոտման նկատմամբ հետաքրքրության աճ է դրսեւորվում: Մեզ մոտ հետազոտվող կանանց 80 տոկոսը ցանկանում է պարզել երեխայի սեռը: Եվ նրանց մեծ մասը տղա են ցանկանում ունենալ` կամ իրենց կամքով, կամ էլ իրենց ամուսինների եւ բարեկամների ստիպելով: Կանանցից շատերը տխրում են` լսելով, որ պետք է աղջիկ ծնվի, ոմանք նույնիսկ սկսում են լաց լինել»,- պատմում է Ալիեւան: Այս միտումի հնարավոր ժողովրդագրական ազդեցությունը ստիպել է պաշտոնյաներին միջոցներ ձեռնարկել. խորհրդարանում մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախագիծ են մշակել` վերարտադրողական առողջության եւ ընտանիքի պլանավորման վերաբերյալ: «Այդ օրենքով կանանց կարգելվի պարզել երեխայի սեռը նախքան հղիության երրորդ ամիսը, ինչպես նաեւ` երրորդ ամսից հետո աբորտ անելը: Բացի այդ, կարգելվի ընտրել ապագա երեխայի սեռն արհեստական բեղմնավորման ժամանակ: Կարծում եմ` այս դրույթները միտված են կրճատել աբորտների թիվը եւ կբերեն երեխաների շրջանում գենդերային հարաբերակցության կարգավորմանը»,- ասում է խորհրդարանի պատգամավոր Մալահաթ Հասանովան:

Սամիրա ԱՀՄԵԴԲԵՅԼԻ
IWPR-ի թղթակից