Պարսկահայ խոհարարն ու Վիլյամ Սարոյանը

21/01/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շուրջ հինգ տասնամյակ է անցել այն օրից, ինչ Կապանում բացվեց առաջին ռեստորանը: Այն, ըստ տեղացիների, ավելի շատ նմանվում էր ճաշարանի, քան ռեստորանի: Չգիտես ինչու, ռեստորանը կոչվում էր «Սեւան» եւ ուներ սահմանափակ ճաշացուցակ: Այս մասին մինչ օրս հիշում է պարսկահայ վարպետ-խոհարար Ավետիս Ծատուրյանը: «Տեղացիներն ինձնից վիրավորվում են, երբ ասում եմ, որ իրենց սուրճ խմել սովորեցրի: Այդ տարիներին նրանք սուրճ խմում էին խոշոր հատիկներով, իսկ ես, երբ եկա, Պարսկաստանից ինձ հետ մանր սրճաղաց էի բերել, որով էլ մանրացրեցի սուրճը: Իհարկե, վիրավորվում են, բայց դա է իրականությունը»,- ասում է վարպետ-խոհարարը, ում պատրաստած ճաշերի համբավը շատ կարճ ժամանակում տարածվեց ոչ միայն Կապանում, այլեւ Խորհրդային Միությունում: Բրեժնեւի Երեւան կատարած այցելության ժամանակ հրավիրված 5 խոհարարներից մեկը Ավետիս Ծատուրյանն էր: «Ես պետք է փլավ պատրաստեի: Ասացի` ինձ 60 կգ աղ եւ 30 կգ բրինձ է պետք: Բոլորն ապշել էին, թե ինչո՞ւ եմ աղի այդչափ մեծ քանակ ուզում: Հետո բարբարիս ուզեցի, բայց Երեւանի շուկաներում այդպես էլ չկարողացան գտնել: Վերջը, ես բարբարիսը գտա Գերագույն Սովետի այգում»,- ասում է խոհարարը, ում պատրաստած փլավից գոհ էր մնացել Բրեժնեւը:

Վարպետ խոհարարը ծնվել է Պարսկաստանի Սուլթանիբադ գավառի Քազազ-ղալի գյուղում, որտեղից տարիներ անց տեղափոխվել էր Թեհրան: «Պարսկաստանում ինձ անվանում էին Աբետիս Խոդադադի: Պարսիկները հայերի անունները փոխում էին, քանի որ իրենք չունեին 5 տառ: Օրինակ, Հարությունին անվանում էին Աբդուլլահ»,- ասում է պարսկահայ խոհարարը: Հենց Թեհրանում էլ նա սկսել է իր խոհարարական գործունեությունը: «Այն տարիներին Պարսկաստանում շատ դժվար էր ուսում առնելը: Գոյություն ուներ ընդամենը 5 դասարան, իսկ ուսուցիչներն էլ ունեին տարրական կրթություն: Մենք սովորում էինք ոչ թե 10 ամիս, այլ 3` նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար ամիսներին»,- լուսանկարների կապոցը բացելով` պատմում է խոհարարը, ով աշխատում էր Պարսկաստանում գործող Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ Կանադայի դեսպանների եւ դեսպանատների աշխատակիցների համար: Ի դեպ, Խոդադադիի խոհարարական գործունեությունը բարձր է գնահատվել նաեւ դեսպանների կողմից: Աս մասին են վկայում այն պատվոգրերը, որոնք խոհարարը պահում է իր թղթապանակում: Խոհարարը հերթականությամբ մատնացույց է անում դեսպաններին, նշում նրանց քմահաճ կենցաղը, որին, խոհարարի կարծիքով, շուտ հարմարվեց: «Դեսպանատան աշխատակիցները ձգտում էին հայ խոհարարների ընդունել: Պարսիկները խարդախ ու գող էին: Ես ամենաշատը պատրաստում էի փլավ: Այն ամենամեծ պահանջարկն ուներ: Փլավը մեկն է, բայց դրա սոուսներն են տարբեր: Պարսկաստանում այն համարվում է հարուստների ճաշ: Աղքատների ճաշն էլ փիթին էր»,- նշում է Ավետիս Ծատուրյանը, ով Կապան եկավ 1963թ.: Կապանում հաստատվելը, խոհարարի կարծիքով, պայմանավորված էր այն հանգամանքով, որ խանութներում մթերք կար: «Մինչ Կապան գալը ես գնացի Հրազդան, Լենինական, Կիրովական, Արտաշատ, Չարենցավան: Այդ քաղաքներում մթերք համարյա չկար»,- նկատում է վարպետ-խոհարարը` վերհիշելով Կապանի առաջին ռեստորանը, որտեղից 1965թ. տեղափոխվեց նորաբաց մեկ այլ ռեստորան` «Զանգեզուր»:

«Զանգեզուրում» զանգեզուրցիները դիմավորեցին Վիլյամ Սարոյանին: Ա. Ծատուրյանը ցույց տվեց Թեհրանից նվեր ստացած «AIWA» մակնիշի իր փոքրիկ մագնիտոֆոնը: «1978թ էր.: Լսեցինք, որ Սարոյանը Կապանի ճանապարհին է: Շատ էինք ոգեւորվել: Հենց էս մագնիտոֆոնով էլ ձայնագրեցի Սարոյանին: Մագնիտոֆոնը տվեցի ռայկոմի քարտուղար Ռաֆայել Մինասյանին` խնդրելով, որ Սարոյանի խոսելու ժամանակ ձայնագրության կոճակը սեղմի: Ասի` ընկեր Մինասյան, հենց Սարոյանը խոսի, այ էս կոճակը կսեղմեք, հենց ուրիշները խոսեն` կանջատեք»,- մագնիտոֆոնի հանդարտ պտույտների ժամանակ վերհիշում է վարպետ խոհարարը, որը Սարոյանի արտաբերած յուրաքանչյուր նախադասությունից հետո անջատում է կոճակն ու կրկնում գրողի ասածը: «Դեռ Պարսկաստանում մենք մի անգլերեն երգ էինք կատարում: Ես չգիտեի, որ այդ երգի տեքստը գրել է Սարոյանը: Տեքստն այսպիսին էր` «Արի իմ տուն, իմ տուն,/ Ես քեզ կտամ չամիչ,/ Արի իմ տուն, իմ տուն,/ Ես քեզ կտամ ամեն ինչ»,- արտասանում է խոհարար Ծատուրյանն ու դարձյալ միացնում մագնիտոֆոնը: «Ֆրեզնոյից Նյու Յորք էինք գնում: Գիշեր էր: Մեքենայում էլ գրեցի այդ երգը: Հաջորդ օրը այդ երգի համար ստացա 1 մլն գումար: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ երկրում ենք մենք ապրում»,- անշտապ խոսում է Սարոյանը, ով իր լիաթոք ծիծաղով վարակել էր նաեւ շրջապատի մարդկանց: Խոհարարի հուշերը հանգիստ շիկանում էին, ինչպես սենյակում ժամեր շարունակ վառվող վառարանը: Ձայնագրությունը դեռ չէր ավարտվել: Խոսում էին Սարոյանը, Զորի Բալայանը եւ Վահագն Դավթյանը, ավելի ճիշտ` գրազ էին գալիս Սարոյանն ու Բալայանը այն բանի համար, թե առավոտն արդյո՞ք կժամանի օդանավը: Բալայանը պնդում էր, որ չի ժամանի, իսկ Սարոյանը հակառակ տեսակետն էր հայտնում: Ի վերջո, 10 ռուբլու վրա գրազ եկան, իսկ գրազը «կտրեց» մյուս գրողը` Վահագն Դավթյանը: «Առավոտը օդանավը եկավ: Այդ ժամանակ Սարոյանը դարձավ դեպի Զորի Բալայանն ու ասաց. «Դե տուր իմ 10 ռուբլին»: Ծիծաղեցինք բոլորս»,- պատմում է Ավետիս Ծատուրյանը, ում պատրաստած սեղանը բարձր գնահատականի էր արժանացել անգամ Սարոյանի կողմից: «Ասաց` Itգs perfect: Հետո իմացա, որ դա նշանակում է` կատարյալ է: Ինձ ասաց, որ 1980թ. կգա ու ինձ կօգնի, որ իմ հիշողությունները գրեմ: «Ես մարդ կբերեմ, ու նա քեզ կօգնի գրել»,- հիշում է Ավետիս Ծատուրյանը: Վարպետը հպանցիկ սրբեց թաց աչքերը, հավաքեց լուսանկարներն ու նայեց պատին կախված մեծ լուսանկարին, որտեղ պատկերված էին ինքն եւ Վիլյամ Սարոյանը: «Բայց այդպես էլ չեկավ»,- 87-ամյա վարպետ խոհարարի ձայնը խզվեց ու կարծես կորավ մագնիտոֆոնի հանդարտ պտույտներից արձակվող ձայնից: Լսվում էին օդանավի շարժիչի աղմուկն ու Սարոյանի բարեմաղթանքները` «Էլի կվերադառնամ»…