Խոսքը առանց բառի

21/01/2010 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հարգելի ընթերցող, որոշ ընդմիջումից հետո, կրկին վերադառնում ենք դիվանագիտական արվեստին եւ տեխնիկային, որոնք, եթե դատելու լինենք եղած արձագանքներից, «Դիվանգիտական ընթերցումներ» հոդվածաշարի հետաքրքիր թեմաներից են: Ինչպես նշում է Երեւանից մեր ընթերցող Ռ. Ղազարյանը խմբագրությանն ուղղված իր նամակում` «դրանք ուսուցողական են եւ կարող են իրավամբ մի օր դառնալ ուսանողի սեղանի գիրք»:

Հնարավո՞ր է հասկանալ իրար առանց խոսելու, առանց մեկ բառ իսկ արտաբերելու: Պարզվում է` որոշ չափով հնարավոր է: Ուրեմն հնարավոր է նաեւ շփվել, հաղորդակցվել եւ փոխգործակցել առանց խոսքի:

Հաղորդակցությունը լինում է երկու տեսակ. ոչվերբալ կամ ոչխոսքային, վերբալ կամ խոսքային: Ոչվերբալ հաղորդակցությունն անվանվում է նաեւ մարմնի լեզու` կինետիկա, երբ խոսքի փոխարեն հանդես են գալիս մարմնական շարժումները: Փորձառու դիվանագետները դրանց օգնությամբ կարողանում են գաղափար կազմել զրուցակցի մտքերի, հոգեկան վիճակի եւ զգացումների մասին, անգամ, կանխատեսել նրա հետագա գործողությունները: Այլ կերպ ասած, ոչվերբալ հաղորդակցության միջոցով տեղի է ունենում ինֆորմացիայի գոյացում, ձեւավորում եւ փոխանցում:

Ոչվերբալ հաղորդակցությունը մարդկության տարեկիցն է: Միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում պատկերված են մարմնի շարժումների օգնությամբ իրենց էմոցիաները` ապրումները, հույզերը արտահայտող մարդիկ: Կնշանակի, ոչվերբալ հաղորդակցությունը շրջանառության մեջ է մտել վերբալ հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ էվոլյուցիայի արդյունքում, ավելի ուշ երեւան եկած խոսքը դարձել է փաստերի ու կոնկրետ երեւույթների ավելի ստույգ փոխանցման միջոց: Ոչվերբալ հաղորդակցությունը առաջինը գիտականորեն ուսումնասիրել եւ համակարգել է Չարլզ Դարվինը «Էմոցիաների արտահայտությունը մարդկանց եւ կենդանիների կողմից» աշխատությունում: Հետագայում Զիգմունդ Ֆրեյդը այն լայնորեն օգտագործել է բժշկական պրակտիկայում: Ոչվերբալ հաղորդակցության տեսական եւ կիրառական ուսումնասիրությունը սկսեց զարգանալ անցյալ դարի կեսերից, որի շնորհիվ աստիճանաբար բացահայտվեցին այդ տիպի հաղորդակցության «գաղտնիքները»: «Գաղտնազերծումը» իր հետեւանքներն ունեցավ սոցիալ-հասարակական եւ մշակութային կյանքում: Օրինակ, այն դերասանները, որոնք ի վիճակի չեղան համադրել ոչվերբալ եւ վերբալ հաղորդակցությունների հնարավորությունները, բախվեցին լուրջ դժվարությունների հետ: Արդյունքում՝ հանդիսատեսը սկսեց մոռանալ նրանց: Այդպես եղավ, համենայն դեպս, հայ կինոյում: Չարլի Չապլինը, Մերի Պիկֆորդը, Իգոր Իլյինսկին բացառություններ էին: Ոչվերբալ հաղորդակցությունը հատուկ տեղ է գրավում մշակույթում: Վերցնենք Ֆրանսիան: Մինչեւ 1789 թ. ֆրանսիացիների մեծ մասը խոսում էր տեղական բարբառով («patois», ֆրանս.) եւ բոլորովին չէր հասկանում փարիզյան դիալեկտը: Մեծ կատակերգակ Մոլիերը, լինելով բեմական արվեստի ռեֆորմատոր, գտավ սրամիտ լուծում: Նա իր թատերախմբով հյուրախաղային շրջագայությունների ժամանակ բեմադրում էր կատակերգություններ, որոնցում մեծ տեղ էր հատկացվում համր, գրոտեսկի հասնող տեսարաններին, եւ ինքն էլ որպես դերասան մասնակցում էր դրանց: Հետո հատուկ դեկրետով «patois»-ն արգելվեց եւ չենթարկվողները հեղափոխական անողոքությամբ սկսեցին գլխատվել բժիշկ-նորարար Գիլյոտինի հնարած սարքավորման օգնությամբ, որն, ինչպես պնդում էր Հիպոկրատի արեւով երդված հումանիստը, մարդկանց այն աշխարհ էր ուղարկում գրեթե անցավ` կայծակնային արագության հաշվին:

Գանք քաղաքականությանը եւ դիվանագիտությանը: Մաքիավելին, Բիսմարկը, Գորչակովը` օրինակ, եղել են փայլուն հռետորներ, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային, եթե հայտնվեին հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում: Նախագահության թեկնածուներ Նիքսոնի եւ Քենեդիի ընտրապայքարի ընթացքում, քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների եւ ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունը առաջինի կողմն էր, իսկ երբ նրանք հանդես եկան հեռուստատեսությամբ, իրադրությունը 180 աստիճանով փոխվեց, ու Քենեդին հաղթեց: Ինչո՞ւմն է գաղտնիքը: Նրանում, որ Ջոն Ֆիցջերալդը հմուտ հռետոր լինելուց բացի` տիրապետում էր ոչվերբալ արվեստի նրբություններին: Քաղաքական գործիչներին, հատկապես կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչվերբալ շփումների այնպիսի ձեւեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երեւալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Թե ում եւ որքանով է դա հաջողվում` այլ հարց է:

Մի կարեւոր դիտողություն: Դիվանագետներին ես խորհուրդ չէի տա աշխատելիս ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ թերագնահատել ոչվերբալ, մարմնի լեզուն: Բանն այն է, որ ժեստերը նշանակություն եւ բովանդակություն են ստանում, երբ դրանք դիտողները եւ մասնակիցները հասկանում են ենթատեքստը եւ, հատկապես, երբ նրանք գիտեն տվյալ կուլտուրան, որի արեալում են գտնվում: Չմոռանանք, որ ոչ ոք այդպես էլ չի կազմել ժեստիկուլյացիայի հավաստի բառարան: Իսկ մարմնի լեզվի վերաբերյալ մասսայական գրականությունը հարկ է կարդալ անվստահության որոշակի չափով: Այդուհանդերձ, ոչվերբալ հաղորդակցությունը եւ հատկապես ժեստերը սկսում են իրենց տեղը գրավել մասսայական մշակույթում: «Պոլիտտեխնոլոգները», որոնք «պատրաստում են» քաղաքական գործիչներ, ժեստերի եւ միմիկայի վրա աշխատում են նույն պատասխանատվությամբ, որքան` նրանց ելույթների վրա: Ավագ Ջորջ Բուշի 1988 թ. նախընտրական կամպանիայի ժամանակ «Նյուսուիկը» տպագրեց մասսայական ինֆորմացիայի գծով նրա խորհրդական Ռոջեր Այլազի հետեւյալ սկանդալային արտահայտությունը նախագահության թեկնածուի ժեստիկուլյացիայի վերաբերյալ. «Դուք (դիմելով Բուշին.- Ա.Ն.) կրկին թափահարում եք Ձեր անճոռնի ձեռքը եւ նմանվում եք խղճուկ հոմոսեքսուալիստի»:

Հայաստանի քաղաքական համակարգում շատ թույլ են օգտագործվում, ավելի ճիշտ՝ չեն օգտագործվում ոչվերբալ հաղորդակցության միջոցները: Երեք նախագահների «պոլիտտեխնոլոգները» անտեսել են դրանց հնարավորությունները պետության լիդերների պրակտիկայում, ինչն ամենեւին չի օգնել նրանց համապատասխան իմիջ ստեղծելուն:

Կանադահայ պրոֆեսորի հայտնագործությունը

Մարդաբան Ռեյ Բերդվիստելը ապացուցում է, որ օրվա ընթացքում մարդը խոսելու վրա ծախսում է տասը-տասնմեկ րոպե, ընդսմին յուրաքանչյուր նախադասությունը տեւում է ընդամենը 2,5 վայրկյան: Ոչվերբալ հաղորդակցության տեսության առաջնեկ, Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր Ալբեր Մեհրաբյանի դիագրամայի համաձայն՝ հաղորդակցության բաղադրիչներն ունեն հետեւյալ հարաբերակցությունը. ոչվերբալ հաղորդակցություն կամ մարմնի լեզու-55%, ձայնային հաղորդակցություն` էմոցիոնալ բացականչություններ, կոկորդային հնչյուններ, հուզական ազդանշաններ, ձայնի տեմբր, առոգանություն-38%, եւ վերբալ կամ խոսքային հաղորդակցություն` ընդամենը-7%:

Ալեքսանդր Դյուման այդ 7%-ն իջեցնում է 0 %-ի, երբ ընթերցողին համոզում է, որ «Երեք հրացանակիրների» գլխավոր հերոսներից մեկի` Աթոսի ծառա Գրիմոն` չլինելով խուլ-համր, իր տիրոջ հետ հաղորդակցվում է առանց մի բառ արտաբերելու:

Ուրիշ հետազոտողների կարծիքով՝ մարմնի լեզուն կազմում է հաղորդակցության համարյա 80%-ը: Ամեն դեպքում պարզ է, թե որքան կարեւոր տեղ է գրավում ոչվերբալ հաղորդակցությունը մարդկանց փոխհարաբերություններում: Կարծիքը կա, որ եթե դուք չեք կարողանում վերծանել ոչվերբալ հաղորդակցության լեզուն, ապա տասը խոսքից լսում եք ընդամենը երեքը: Այնպես որ, դիվանագիտական հաղորդակցության վերջնական արդյունքը, երբեմն, կախված է նրանից, թե ինչ ենք տեսնում, այլ ոչ թե` ինչ ենք լսում:

Այն, ինչը մենք անվանում ենք վեցերորդ զգայարան կամ ինտուիցիա, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարմնի լեզուն կարդալու եւ այն խոսքային լեզվի հետ համեմատելու ու ճիշտ վերծանելու ունակություն: Ուժեղ ինտուիցիայով օժտված անձինք բոլորովին անծանոթ մարդկանց մասին «հոտառությամբ» գուշակություն անելիս հասնում են մինչեւ 80 % ճշգրտության: Նրանք անսխալ մեկնաբանում են մարմնի լեզուն, հասնում են մարդու էության խորը իմացության, անշուշտ, ապավինելով նաեւ հավանականության տեսությանը: Շառլատանների եւ բախտախնդիրների կողքին, որոնք շահարկում են մարդկանց, կան, իրոք, տաղանդավոր անհատներ, ինչպես հռչակավոր Վոլֆ Մեսինգն էր, որոնք հասնում են զարմանալի արդյունքների: Վերջինիս ունակություններից օգտվում էր անգամ Ստալինը: Այժմ էլ հավանաբար դեռ կան երեւանցիներ, որոնք հիշում են Մեսինգի ելույթները Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում: Մարդկանց մարմնով սարսուռ էր անցնում, երբ Մետրը հանդիսականների գրպաններում գտնում էր իրեն եւ մյուսներին անհայտ առարկան, կարդում էր նրանց մտքերը: Պատմում են, թե ինչպես մի անգամ Մեսինգի կին օգնականը` ասիստենտը, նրա կամակոր վերաբերմունքի պատճառով իրենից դուրս գալով՝ մտքում հայհոյում է նրան. «Շուն` շան որդի»: Մեսինգը մի պահ սեւեռուն նայում է օգնականին, հետո ասես ամաչելով, կամաց արտասանում. «Շունը դեռ ոչինչ: Բայց շան որդի` երբեք»:

Շատ մեծ մտածողներ են անձի ճանաչման գործում կարեւորել ոչվերբալ հաղորդակցությունը: «Մարդու խոսքից կարելի է տեսնել, թե ինչ անուն է նա ուզում վաստակել, իսկ թե ինչ է նա իրենից իրոք ներկայացնում՝ կարելի է գուշակել միայն նրա միմիկայի, ժեստերի եւ մարմնի շարժումների միջոցով»,- այսպես է ասել գերմանացի մեծանուն դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը: Սակայն տաղանդավոր գրողի կարծիքը բոլորը չէ որ ընդունում են հալած յուղի տեղ, եւ այն վարկածը, թե մարմնի լեզվով հնարավոր է գուշակել մարդու զգացումները` մնում է բաց, եւ հազիվ թե բանավիճող կողմերը երբեւիցե գան ընդհանուր հայտարարի: Այն մասնագետների դիմաց, որոնք խիստ թերհավատորեն են մոտենում միջանձնային հարաբերություններում եւ սոցիալական հոգեբանությունում ոչվերբալ հաղորդակցության հնարավորություններին, կանգնած է այդ տիպի կոնտակտների կողմնակիցների ստվար մի բանակ, որը հանդես է գալիս շիլլերյան դիրքերից: Երկու տարբեր հաղորդակցությունների (ոչվերբալ եւ վերբալ) ճիշտ եւ օպտիմալ համադրումը հիմնականում որոշում է ցանկացած զրույցի, այդ թվում եւ՝ դիվանագիտական զրույցի, ելքը, ինչպես նաեւ՝ հրապարակային ելույթի հաջողությունը: Եթե զրուցակիցը խոսում է վերամբարձ, ժամանակավրեպ, կյանքից կտրված, արհեստական լեզվով, որը ամբողջովին կամ ամենեւին չի համապատասխանում խոսակցության թեմային, նա լավագույն դեպքում առաջացնում է դիմացինի եւ շրջապատի ներողամիտ ժպիտը: Սա` վերբալ խոսքի մասին: Նույնը վերաբերում է ոչվերբալ հաղորդակցությանը: Պատկերացրեք, որ զրուցակիցը անտեղի եւ իմաստազուրկ շարժումներ է անում, թափահարում է ձեռքերն ու ոտքերը, ծամածռում բերանը, ոչ համարժեք հայացքներ գցում շրջապատի վրա: Ընթերցողի հիշողության մեջ, հավանաբար, դեռ թարմ է Հայաստանի նախորդ արտգործնախարար Վ. Օսկանյանի իմաստազուրկ ժեստիկուլյացիան: Հրապարակային ելույթների ժամանակ նրա ձեռքերի շարժումները հրամցնում էին մերթ լվացարարի, մերթ հացթուխի թատերական էտյուդ, ինչը ամենեւին չէր համապատասխանում նախարարի խոսքի բովանդակությանը, վնասում էր նրա իմիջին եւ հեղինակությանը: Մինչդեռ անհրաժեշտ պայման է, որ ոչվերբալ եւ վերբալ լեզուները համապատասխանեն իրար, լրացնեն մեկմեկու, լինեն համահունչ: Պրոֆեսիոնալը քաջատեղյակ է դիվանագիտական արվեստի այս չգրված, բայց կարեւոր օրենքին:

Ոչվերբալ հաղորդակցությունը` դիվանագետի հուշարար

Այժմ կանդրադառնանք ոչվերբալ հաղորդակցության մի քանի հիմնական ձեւերին, որոնք, մեր կարծիքով, ունեն պրակտիկ նշանակություն դիվանագետի գործունեության համար:

Իմ զոնան չմտնես

Հոգեբանները ոչվերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն սերտորեն կապում են մարդու, այսպես կոչված, անձնական չորս զոնաների հետ. ա) 15-45 սմ, մարդու ինտիմ, անձեռնմխելի սեփականություն, որը կարող են խախտել միայն ամենամոտ մարդիկ, բ) 46-122սմ, դիվանագիտական պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների օպտիմալ տարբերակ, գ) 122-360 սմ, անծանոթ կամ ոչ մոտ ծանոթ մարդկանց հաղորդակցություն,

դ) 360 սմ. եւ ավելի, դասախոսությունների եւ հրապարակային ելույթների դեպքում: Ազգությունից ազգություն՝ զոնաների չափերը տատանվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկանդինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար, օրինակ, ընդունելի է «ա» տարբերակը, երբ զոնան կես մետրը չի գերազանցում: Այդ երկրների ներկայացուցիչները չեն սիրում «մոտիկ խոսողներին» («close talker» անգլ.): Իսկ իտալացիների, իսպանացիների, լատինաամերիկացիների, ասիացիների եւ ճապոնացիների զոնան հասնում է մինչեւ 25 սմ: Միջազգային հանդիպումներն ուշադիր դիտողը կարող է ականատես լինել զավեշտական տեսարանի: Ասիացի եւ եվրոպացի դիվանագետների զրույցի ընթացքում առաջինն անընդհատ «գրոհում է», իսկ երկրորդը` «նահանջում»: Թերեւս, սա է պատճառը, որ ամերիկացիները եւ եվրոպացիները ասիացիներին համարում են անտակտ, իսկ վերջիններս առաջիններին` ամբարտավան:

Մարմնի լեզուն խոսքից պերճախո՞ս է

Երեք առաջատար հոգեբաններ` Ռոզ Թեյլորը, Սանդրա Սքոտը եւ Ռոյ Լեյթոնը «Confidence in Just Seven Days» գրքում ցուցադրում են մարդկանց տարբեր դիրքեր արտահայտող հետաքրքրաշարժ պատկերներ, որոնք բավական դիպուկ խոսում են մարմնի լեզվով։

A. Մտորում կամ խորը մտազբաղություն: Տարված է թաքուն մտքերով, քիթը տնկել է, որպեսզի խուսափի տեսողական կոնտակտից:

B. Զբաղեցնում է մեծ տարածություն, կնշանակի՝ առկա է էմոցիաների ուժեղ դրսեւորում: Կամ հրճվանք է ապրում, կամ ծոծրակին ատրճանակ են ուղղել: Ճիշտ բնորոշել կեցվածքը` ելնելով միայն ոչվերբալ հաղորդակցությունից` դյուրին չէ:

C. Թուլացած կամ անփույթ կեցվածք: Ձեռքերը կանթած, չափից ավելի ազատ, հանդուգն:

D. Թաքուն մոտենում է որեւէ մեկին կամ էլ բռնվել է հանցագործության վայրում: Գլուխը շուռ է տվել, մեջքը կքել, ծնկները` ծալել:

E. Բաց ժեստ: Արտահայտում է ուրախություն կամ ինչ-որ բան կիսելու պատրաստակամություն:

F. Հուսահատություն կամ դեպրեսիա: Սաղմի դիրք, երեսը ծածկել է ձեռքերով:

G. Զայրույթ կամ ուժեղ զգացում: Անհրաժեշտ է լրացուցիչ ինֆորմացիա, ինչպես B կետի դեպքում է:

H. Խորամանկ, պչրաբարո, կանացի կեցվածք:

I. Չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, դասական գաղիական` ֆրանսիական ժեստ, երբ թոթվում են ուսերը` ասելով՝ «Թքած», («Je mգen fous» ֆրանս. XVIII դարում հասարակական-քաղաքական հոսանք Ֆրանսիայում, որի մասնակիցները հիմք ընդունելով խորը նիհիլիզմը եւ սկեպտիցիզմը, ստեղծեցին «Ֆուտիստների» դպրոց: XX դարի հիպիներին կարելի է դիտել որպես նրանց ժառանգորդներ):

J. Տհաճություն: Քիթը մի կողմ է դարձրել, ձեռքերը պահում է հեռավորության վրա:

Մարդու կեցվածքը հաճախ պայմանավորված է նրա սոցիալական կարգավիճակով` ստատուսով: Հասարակությունում համեստ տեղ գրավող անձնավորությունը, կարծես թե, ի լուր աշխարհի, ցուցադրում է, որ չափերով ավելի փոքր է, թույլ՝ քան ուրիշները: Նրա շարժումները միշտ զգուշավոր են, մարմինը` կքված, գլուխը` թեքված` մեղավորի նման: Նա, ասես, ամփոփված է ինքն իր չափերի մեջ, եւ որքան ցածր է նրա հիերարխիական աստիճանը, այնքան ավելի սեղմված է, անգամ` պրկված: Եվ, ընդհակառակը, բարձր ստատուս ունեցողի կեցվածքը ուղիղ է, ձիգ, գլուխը` վեր, հայացքը` հպարտ, ուղղված հեռուները: Այս դիրքը, եթե ավելացնելու լինենք տվյալ անձնավորության ձեռքերը` մարմնի նկատմամբ ուղղահայաց դիրքում գտնվելու, մատները` բռունցք կազմելու եւ ժամանակ առ ժամանակ հոնքերի տակից` շրջապատի վրա հայացք գցելու հանգամանքը, կարող ենք ասել, որ գործ ունենք ագրեսիայի պատրաստ կամ սպառնացող մարդու հետ: Հնարավոր է նման դիրքի մի քանի տարբերակ: Ագրեսիան ուղղված է ենթակաների դեմ, որոնք հանձին նրա՝ ունեն փոքր բռնապետ: Կամ, հակառակը, բարձրաստիճան անձնավորությունը ցուցաբերում է լրիվ արհամարհանք եւ անտարբերություն իրենից կախում ունեցողների նկատմամբ:

Իսկ ո՞ր դիրքն է կամ ո՞ր կեցվածքն է դիվանագետի համար օպտիմալ, որոնք հանդիսանում են նրա ողջ էության, մտածելակերպի, պրոֆեսիոնալ մակարդակի բաղադրյալները: Բոլոր երկրների դիվանագիտական դպրոցներում ապագա մասնագետներին, առաջին հերթին, սովորեցնում են լինել զուսպ, շրջահայաց եւ համեստ: Այս հատկանիշներով պետք է պայմանավորվեն նրանց կեցվածքը, ժեստերը, խոսելու եւ արտահայտվելու ձեւերը: Կադրային, պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող դիվանագետին ընդհանուր մասսայից կարելի է տարբերել նրա շարժումների, ցածր ինտենսիվության, կիրթ, հղկված պահվածքի եւ էլեգանտության շնորհիվ: Այս հատկությունները հիմնականում ձեռքբերովի են, որոնք ձեւավորվում են տարիների փորձի եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Որոշակի դեր, անշուշտ, խաղում են նաեւ բնածին գծերը: Սակայն չպետք է մոռանալ, որ դիվանագետի արտաքինը նրա ներաշխարհի, ինտելեկտի եւ զարգացման լրացումն է, դրանց ածանցյալը: Ուժեղ, ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ կարող են պատրաստել այն երկրները, որոնք ունեն ավանդույթներ, համապատասխան համակարգ եւ դպրոց: Այս առումով հայկական դիվանագիտությունը՝ որպես սկսնակ, մեծ եւ դժվարին ուղի ունի անցնելու, մանավանդ որ, բացթողումները եւ սխալներն ակներեւ են:

Շարունակելի