Ինժեներ, բիոմեխանիկ Արամ Հաջյանն իր էությամբ հետազոտող է: Մի քանի տարի առաջ թողնելով գիտությունն ու իր ծննդավայր Պրովիդենսը (ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգ), նա որոշեց իր կյանքում նոր էջ բացել: Կալիֆոռնիայի Ստենֆորդ համալսարանում, այնուհետ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Արամը աշխատել է ռոբոտների նախագծման վրա` զուգահեռ ուսումնասիրելով մարդու ու մեխանիզմի համադրության աստիճանները:
Մանուկ հասակում, որպես տուրիստ, իր ծնողների, եղբոր եւ քրոջ հետ նա հաճախ է Հայաստան այցելել: Ընդ որում` նրա ընտանիքի անդամները նույնպես գիտնականներ են` մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ: 2000 թվականին մշտապես տեղափոխվելով Հայաստան, Արամն իր անսպառ էներգիայի կիրառման նոր ոլորտ գտավ. նա սկսեց վերլուծել մարդու վարքագծային մոդելները: Եվ զուգահեռաբար նախաձեռնեց «on line» ռեժիմով աշխատող ինտերնետային խանութի ստեղծումը, որի օգնությամբ հայ արհեստավորների ուժերով ու երեւակայությամբ պատրաստած առարկաները վաճառվում են աշխարհով մեկ: Այժմ Արամ Հաջյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ինժեներության քոլեջի ղեկավարն է, նաեւ Հայաստանի Շախմատի ակադեմիայի ստեղծման նախաձեռնողներից մեկը: Արվեստի, գիտության եւ սպորտի հատման կետում գտնվող խաղի մեջ ամերիկահայ գիտնականն ու վերլուծողը գտել է այն մշակութային նշանները, որոնք խոսում են հայերի ինքնության մասին: Ուղեղների հոսքն ու կարողությունների համակենտրոնացումը ինժեներ Արամ Հաջյանը շատ հետաքրքիր է վերլուծում:
– Կենսաբանական ու ինժեներական աշխարհի կապն ինձ միշտ հետաքրքրել է: Հարվարդում սովորելու տարիներին աշխատել եմ մի նախագծի վրա, որը ռոբոտների ձեռքերի մշակումն ու դիզայնն էր անում: Այսինքն` մենք ուղեղի ու ձեռքի աշխատանքի կապն էինք ուսումնասիրում: Մկանների, նյարդերի աշխատանքը, շարժման դինամիկան օգտագործում էինք ռոբոտաշինության մեջ: Նաեւ հակառակ ուսումնասիրությունն էինք անում. նախագծելով ռոբոտներին` փորձում էինք ավելի լավ հասկանալ բնական աշխարհը: Բնությունը մեզ անընդհատ հանելուկներ է առաջարկում, եւ դրանք հասկանալու համար հաճախ մեզ օգնության են գալիս հենց ռոբոտները, արհեստական մեխանիզմները: Մեր ուսումնասիրությունները շատ կոնկրետ կիրառում ունեին, քանի որ մենք փորձում էինք օգնել կաթված տարած մարդկանց վերականգնել ձեռքերի աշխատանքը: Մարդու օրգանիզմը մի համակարգ է, որը կարող է խափանվել մի փոքրիկ վնասվածքից, ճիշտ այնպես, ինչպես շարժիչն է խափանվում փոքր դետալի փչանալու պատճառով: Եվ ինժեներության ու անատոմիայի միջեւ անցկացվող այդ անալոգիաները կարող են շատ հետաքրքիր արդյունքներ տալ:
– Խորհրդային Միությունը միլիոնավոր ինժեներներ էր պատրաստում, եւ կարծես հիմա էլ Հայաստանում այդ մասնագիտությունը փոքր-ինչ վարկաբեկված է մնում:
– Սովետական տարիներին ինժեներներն իրոք մեծ պահանջարկ ունեին, քանի որ նրանք սիստեմին պետք էին, իսկ հիմա դա չկա: Եվ Հայաստանն, արդեն 20 տարի է, ինչ ամեն բան կամաց-կամաց զրոյից է սկսում:
– Ի՞նչը դրդեց Ձեզ Հայաստան գալ:
– Երբ 1990-ականների վերջին եկա Հայաստան, պատահականորեն հայտնվեցի Շախմատի տանը, որտեղ հանրապետական առաջնությունն էր ընթանում: Ոչ մեկի չէի ճանաչում, բարեկամներ էլ չունեի, պարզապես մտա դահլիճ ու սկսեցի խաղին հետեւել: Կողքիս նստած մարդիկ զրուցում էին, պարտիաներն էին վերլուծում, ես մի բան ասացի, ինձ պատասխանեցին, եւ այդպես շատ արագ մտերմացա դահլիճում հավաքված փոքրաթիվ մարդկանց հետ: Շատ զարմացա, որ հեշտությամբ այդչափ անմիջական շփում ստեղծվեց: Հետագայում արդեն մտերմացա հայ շախմատիստների հետ, եւ երբ նրանք Ամերիկա էին գալիս, իմ տանն էին ապրում: Զուգահեռաբար Հայաստան տեղափոխվելու իմ ցանկությունը ծնվեց:
– Ստացվում է, որ Հայաստան Ձեզ բերեց հենց շախմա՞տը:
– Կարելի է այդպես էլ ասել: Փոքր հասակում շախմատ խաղում էի հայրիկիս հետ, բայց Ամերիկայում շախմատը լայն տարածում չունի: Չես կարող գնալ ու որեւէ դպրոցում շախմատ պարապել, քանի որ դպրոցներն են քիչ: Իսկ, օրինակ, Սովետական Միությունում (նաեւ Սովետական Հայաստանում) 1940-50թթ. սկսած ամեն ինչ արվում էր, որպեսզի շախմատը զարգանա ու տարածվի: Շախմատն ինձ առաջին հերթին ոչ թե որպես խաղ հետաքրքրեց, այլ գրավեց որպես երեւույթ: Չէ՞ որ վերջին 20 տարիների ընթացքում հայ շախմատիստներն անընդհատ հաջողությունների էին հասնում: Եվ ինձ հետաքրքրեց «Ինչո՞ւ» հարցը: Նկատելի էր նաեւ, որ շախմատը փոխեց «role model»-ը` նմանվելու ցանկություն առաջացնող օրինակները: Աշխարհում նման օրինակներ շատ կան, եւ միշտ չէ, որ դրանք դրական են լինում: Ամերիկայում, օրինակ, շատերն ուզում են նմանվել Հոլիվուդյան դերասաններին կամ MTV-ի աստղերին: Եվ 1990-ականներին, երբ Հայաստանում հիմնականում հուսալքված տրամադրություններ էին տիրում, հանկարծ շատ կարեւոր դեր ստացավ հենց շախմատը, շատ երեխաներ երազում էին մեծանալ ու դառնալ աշխարհահռչակ շախմատիստներ: Շախմատը այն հազվադեպ խաղերից է, որը խաղում են ողջ աշխարհում: Ես, օրինակ, չգիտեմ այլ խաղ, որ խաղում են բոլոր ազգերը եւ աշխարհի բոլոր անկյուններում:
– Իսկ թղթախաղե՞րը:
– Բայց ամեն տեղ հո նույն խաղը չե՞ն խաղում: Իսկ շախմատ խաղում են բոլորը, թերեւս միայն մի քանի աֆրիկյան պետություններում չեն խաղում: Ինչեւէ, իմ դիտարկումն այն է, որ Հայաստանում շախմատը իրոք շատ մեծ դեր ունի: Մենք վերլուծություններ անցկացրեցինք ու պարզեցինք, որ նույնիսկ ամենաբարդ տարիներին ոչ մի հայտնի հայ գրոսմայստեր Հայաստանը չէր լքել: Նույն բանը, օրինակ, չէր կարելի ասել երաժշտության կամ էլ թեկուզ գիտության բնագավառների մասին, որտեղից շատ մեծ ուղեղների արտահոսք էր եղել: Սակայն գրոսմայստերին հաջորդող վարպետների շերտը Հայաստանից գրեթե վերացել էր, շատերն իրենց ապագան չէին տեսնում Հայաստանում: Եվ դա շատ մտահոգիչ էր, քանի որ այդ միջին պրոֆեսիոնալ շերտը շախմատային մարզիչներն են կազմում: Իսկ երբ հեռանում են մարզիչները, շախմատային կրթությունը կանգ է առնում: Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ զրուցելու շատ առիթներ եմ ունեցել, նա միշտ ասում էր, որ անընդհատ տարբեր դռներ է թակում, ու փորձում է Հայաստանում Շախմատի ակադեմիա ստեղծել ու հայ շախմատիստների նոր սերունդներ պատրաստել: Եվ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ Շախմատի ակադեմիան սկսեց գործել, ես էլ այդ ակադեմիայի խորհրդի անդամներից մեկը դարձա: Կարող եմ ասել, որ Լպուտյանը` զբաղվելով ակադեմիայով, լուրջ ինքնազոհության գնաց, քանի որ հանուն նոր սերնդի՝ զոհեց իր կարիերան: Իսկ նա աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է:
– Շախմատի բախտը բերել է, քանի որ մեր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Արդյոք ճի՞շտ է, որ հույսը դրվում է միայն պետական աջակցության վրա:
– Այն երկրներում, որտեղ զարգացած տնտեսական բազա ու մասնավոր սեկտորի աջակցություն կա, պետությունը կարող է մասնակցություն չունենալ: Բնավ էլ պետք չէ, որ բրազիլական կառավարությունը գումար ներդնի, ասենք, ֆուտբոլի զարգացման համար, քանի որ այդ գործը շատ լավ անում են հովանավորներն ու մամուլը: Ռոնալդինիոյին հայտնի են դարձնում հեռուստատեսությունն ու «Պեպսի-կոլան»: Բայց, անշուշտ, շախմատը ֆուտբոլի պես հետաքրքրություն չի առաջացնում, եւ շատ քիչ մարդ փող կվճարի, որպեսզի գնա ու 6 ժամ շախմատային պայքար դիտի:
– Դուք շախմատին տրամաբանորեն, նաեւ` գիտականորեն եք մոտենում: Համաձայն չե՞ք, որ մենք սովոր չենք քայլ առ քայլ կառուցել ապագայի բազան ու սովորաբար ավելի էմոցիոնալ ենք մոտենում խնդիրներին: Արդյունքում հաճախ տապալվում ենք:
– Իհարկե, միշտ էլ պետք է վերլուծել այսօրվա վիճակը, որպեսզի հասկանաս, թե ապագայում ինչպես կարելի է համբավ ու հաջողություն ձեռք բերել: Ցանկացած բնագավառում էլ հաջողության հասնելու ու չեմպիոններ պատրաստելու համար փող եւ մշակված մոտեցումներ են հարկավոր: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հիմա չկա ոչ մի համակարգ, որը կարգին ֆինանսավորվում է: Ամենուր փողի պակաս կա: Եվ միգուցե այդ պայմաններում իսկապես առավել կարեւոր է դառնում վերլուծությունը, այլ ոչ թե էմոցիաները: Եվ եթե հիմա Հայաստանը փորձում է, ասենք, բարելավել իր կրթական համակարգը, ապա դրան կարող է անշուշտ օգնել հենց շախմատը, քանի որ այդ խաղը երեխաներին սովորեցնում է կենտրոնանալու արվեստն ու ռազմավարության հիմունքները: Նաեւ դրական օրինակներ է ստեղծում, շախմատային հաղթանակները չեն կարող սուբյեկտիվ ընկալվել, դրանք կան եւ դրանք օբյեկտիվ իրականություն են: Սեւ եւ սպիտակ դաշտում կարող է միայն հաղթանակ կամ միայն պարտություն լինել, արդյունքը ո՛չ կարող ես թաքցնել, ո՛չ էլ պարտության մեջ մեկ ուրիշին մեղադրել: Հիմա Հայաստանում մենք հաճախ շեշտադրում ենք բացասականը` մոռանալով, որ սեփական աշխատանքով հաջողության հասած մարդկանց օրինակները քիչ չեն: Օրինակ, ինձ Հայաստանում ամենից շատ զայրացնում են նմանօրինակ պատճառաբանությունները` դե, ի՞նչ կարող ենք անել, հայի բախտ ունենք, դե այդպես ստացվեց, մենք մեղավոր չենք: Կարծես հիմա բոլորը դժվար հարցերի հեշտ պատասխաններ են փնտրում: Եվ վերլուծելու ու գոնե մի քայլ առաջ գնալու փոխարեն՝ փախչում ենք պատասխանատվությունից` մեղադրելով կառավարությանը կամ ազգի «խասյաթին», բայց ոչ երբեք՝ ինքներս մեզ: Իսկ հպարտանալու օրինակներ մենք ունենք: Ես հիմա խոսում եմ շախմատի մասին, քանի որ լավ ուսումնասիրել եմ այդ բնագավառը, որի հիմքում մաքուր, կոռեկտ պայքարն է, եւ հենց այդ պայքարը կարող է ազգային դիմագիծ դառնալ: Երբ ամռանը Ջերմուկում շախմատի մրցաշար անցկացրեցինք, BBC-ի երկու թղթակից եկան ու «Հայերը աշխարհի ամենախելացի ազգն են» կեսժամանոց ռեպորտաժ պատրաստեցին: Միգուցե այդ վերնագիրը չափազանցություն կթվա, բայց կարծում եմ, որ նման բնորոշումը մեզ չի վնասում: Ինչո՞ւ` ոչ, թող մեր ազգի մասին նման դրական բնորոշումները շատ լինեն: Շախմատը հայերի «մակնիշը» կարող է համարվել, այնպես, ինչպես Բրազիլիայի մակնիշն է ֆուտբոլը, Գերմանիայինը` ավտոմեքենաները, իսկ Ճապոնիայինը՝ էլեկտրոնիկան:
– Իսկ երբ 10 տարի առաջ տեղափոխվեցիք Հայաստան, չէի՞ք մտահոգվում, որ չեք կարողանա լրջորեն զբաղվել գիտությամբ, նաեւ կկորցնեք պարզ կենցաղային հարմարավետությունը:
– Ամեն մարդ ինքն է որոշում` որտեղ աշխատել, ապրել եւ մեծացնել իր երեխաներին: Ես ինքս չեմ սիրում գլոբալ մեկնաբանություններ անել եւ խոսել ազգի մասշտաբի մասին, միեւնույն է, որոշումը անհատն է ընդունում: Ես կայացրել եմ իմ որոշումը: Իհարկե, Հայաստանը ապրելու ամենահեշտ տեղերից չէ, բայց գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ այս աշխարհ եկել ես ոչ միայն ուտել-խմելու ու կոմֆորտի մեջ ապրելու, այլեւ քո հարազատ վայրը գտնելու համար: Կարծում եմ, որ երբ հաղթահարելու բաներ են լինում, մարդն իրեն ավելի հարմարավետ է զգում: Պատկերացրեք, որ բժիշկ եք ու ընկել եք մի մոլորակ, որտեղ բոլորն առողջ են: Դուք աշխատանք չեք ունենա, եւ եթե նույնիսկ ապրելու բոլոր պայմանները լինեն, դուք հաստատ ձեզ լավ չեք զգա, քանի որ պիտանի չեք լինի: Պետք լինելու զգացումը շատ կարեւոր է ներքին հարմարավետության համար: Ես շատ կուզենայի, որ բոլոր հայերն իրենց ապագան տեսնեին Հայաստանում:
– Բայց դա պատրանք է:
– Է, հետո՞ ինչ: Ես հեքիաթներ շատ եմ սիրում: Եվ այդ հեքիաթը գոնե ինձ համար իրականություն եմ դարձրել: Ընդհանրապես մենք հաճախ ենք ծայրահեղ կարծիքներ հայտնում` կամ չափից ավելի տարվում ենք ազգային գաղափարներով, կամ էլ փնովում ենք ազգայինը:
– Իսկ ի՞նչ է ամենամտահոգիչը այսօրվա հայաստանցու հոգեբանության մեջ:
– Այդ գիծը կարող եմ ջայլամի վարքագիծ անվանել: Շատերին թվում է, որ եթե անցյալում դժվար պահեր են եղել, ապա պետք է դրանք անտեսել, աչքերը փակել ու ժպտալով ձեւացնել, որ ամեն ինչ լավ է: Դա է վտանգավորը: Պետք է փորձել օբյեկտիվ լինել ցանկացած պարագայում: Միայն անցյալը ընդունելով եւ «մարսելով»` կարող ենք առաջ գնալ: Եթե դա չենք անում, անվերջ ու անսահման բողոքներ ենք թափում աշխարհի վրա: Իհարկե, ես կուզենամ վաղվա Հայաստանը տեսնել ավելի լավ վիճակում, քան այսօր է: Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ այսօր ավելի լավ է, քան երեկ էր: