Ղարաբաղում գազիֆիկացման աշխատանքները սկսվել են դեռեւս 1997 թվականից։
Պարզ է, որ պատերազմը մեծ վնասներ է հասցրել նաեւ այս ոլորտին։ Ցանցը
վերականգնելու համար աստիճանաբար իրականացվել են վերանորոգման
աշխատանքներ. եղածը վերականգնելուն զուգահեռ տեղադրվել են նոր գազատարներ,
խողովակներ, համապատասխան սարքեր եւ այլն։
Այժմ Ղարաբաղի շուրջ 40 բնակավայրեր ամբողջությամբ գազիֆիկացված են։
«Արցախգազ» ՊՓԲԸ տնօրեն Մաքսիմ Միրզոյանի հավաստմամբ, տարեվերջին դրանց
թիվը կհասնի 50-ի, ինչի արդյունքում գազից օգտվելու հնարավորություն
կստանա բնակչության 60-70 տոկոսը։ Ամբողջությամբ գազիֆիկացված է
մայրաքաղաք Ստեփանակերտը (այստեղ բնակիչների շուրջ 97 տոկոսը բնական գազ է
օգտագործում), Մարտունի եւ Ասկերան շրջկենտրոնները։ Շուշին գազիֆիկացված է
40 տոկոսով, եւ աշխատանքները դեռ շարունակվում են։
Մ.Միրզոյանի խոսքերով, Մարտունու շրջանում գազիֆիկացված են Թաղավարդ,
Կարմիր շուկա, Շեխեր, Գիշի, Խնուշինակ գյուղերը։ Ճարտար գյուղում սկսված
են գազիֆիկացման նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառումներ են
ձեռնարկվում նաեւ շրջանի Բերդաշեն, Եմիշճան, Աշան, Նոր Շեն, Հացե, Ավդուռ,
Մյուրիշեն գյուղերը բնական գազով ապահովելու համար։ Բերդաշեն գյուղի մի
մասի բնակիչները, ըստ «Արցախգազ» ՊՓԲԸ տնօրենի, այս տարի գազ օգտագործելու
հնարավորություն կունենան։
«Ասկերանի շրջանում առանց գազիֆիկացման մնացել են Կարմիր գյուղ, Սարուշեն,
Սզնեք, Սղնախ, Սարդարաշեն, Դահրավ, Բադարա գյուղերը, իսկ մնացած բոլոր
գյուղերն ապահովված են գազով։ Մարտակերտի շրջանում աշխատանքները նոր ենք
սկսել։ Վանք գյուղի 200 տուն արդեն գազիֆիկացված է, իսկ լրիվությամբ
կավարտենք հոկտեմբերի վերջին։ Նույն ժամանակահատվածում Հադրութի շրջանի
Դրախտիկ եւ Ազոխ գյուղերի մի մասը նույնպես կապահովվի գազով»,- մեր
զրույցի ժամանակ փաստեց պարոն Միրզոյանը։
Գազիֆիկացման աշխատանքներն իրականացվում են տարբեր կազմակերպությունների
կողմից։ Նրանց գործունեությունը վերահսկում է «Արցախգազ» ՊՓԲԸ-ն։
Ընկերության տնօրենի խոսքերով, սկզբից այդ կազմակերպությունները շատ էին,
բայց հետագայում` բարձրորակ աշխատանքներ չկատարելու պատճառով նրանցից
շատերը դուրս են մնացել այդ գործընթացից, թեեւ, այդքանով հանդերձ,
կատարված աշխատանքներում առկա են մի շարք թերություններ։ Օրինակ`
Մարտակերտի շրջանի Ծմակահող եւ Շահմասուր բնակավայրերում կապալառուն
շինմոնտաժային աշխատանքները կատարել է որոշ թերություններով։ «Մեր
ընկերությունն այժմ միջոցներ է ձեռնարկում` կապալառու կազմակերպության
կողմից թերությունները վերացնելու ուղղությամբ, որից հետո, ամենայն
հավանականությամբ, մինչեւ տարեվերջ գյուղը կապահովվի գազով»,- ասաց Մ.
Միրզոյանը։ Նրանից տեղեկացանք, որ ընկերությունը մեծ ուշադրություն է
դարձնում նաեւ աշխատանքների որակին. տեղադրվում են բացառապես նոր
գազախողովակներ, համապատասխան սարքեր։ Դրանց զուգահեռ՝ 2006-ին կավարտվեն
մայրաքաղաքի եւ շրջանների հին գազատարների վերանորոգման աշխատանքները։
Հանրապետության որոշ գյուղերում բնակիչներից շատերը կասկածանքով էին
խոսում` գլխավոր գազատարից մինչեւ բնակարան խողովակների եւ պահանջվող
ծախսերի հաշվարկների մասին։ Նրանց կարծիքով, սխալ հաշվարկների արդյունքում
բնակիչները ստիպված են լինում թանկ վճարել։ «Արցախգազի» տնօրենը չբացառեց
այդ երեւույթը` միաժամանակ հավաստիացնելով, որ համապատասխան բողոքի
դեպքում` տեղում ուսումնասիրություններ են կատարում եւ հարցին տալիս ճիշտ
լուծում։ Նա հպարտությամբ է նշում նաեւ այն մասին, որ սոցիալական սուղ
պայմաններում գազ օգտագործողների 90-95 տոկոսը պահանջվող ժամկետներում
կատարում է մուծումները։
Անդրադառնալով ընկերության եւ ընդհանրապես գազիֆիկացման ոլորտի ծրագրերին,
Մաքսիմ Միրզոյանը տեղեկացրեց, որ 2006-ին ամբողջությամբ կավարտվի
Մարտունու եւ Ասկերանի շրջանների գազիֆիկացումը, գազատարը կհասցվի մինչեւ
Մարտակերտ շրջկենտրոն եւ կնախապատրաստվեն Հադրութը գազով ապահովելու
աշխատանքներին։ «Տարեցտարի կբարձրացվեն նաեւ մեր աշխատողների
աշխատավարձերը, կավելացվեն նաեւ աշխատատեղերը, աստիճանաբար լուծվում են
նաեւ հաշվիչների ապահովման խնդիրները։ Ի դեպ, նշեմ, որ 40 տոկոսով
ավելացել է աշխատողների քանակը։ Ժամանակն է մտածել զարգացման մասին, քանի
որ դրա համար կան լուրջ հիմքեր. բավականին հզորացրել ենք մեր
նյութատեխնիկական բազան, կառուցել ադմինիստրատիվ շենք եւ այլն»,- հավելեց
զրուցակիցս։