Պարտքեր՝ քաղաքապետարանի «ուսերին»

07/09/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորի քաղաքապետարանի թիվ 12 թաղամասային հիմնարկության (նախկինում՝
ԲՇՏ) նախկին աշխատողները, ովքեր 2001թ. աշխատանքից ազատվել են հիմնարկի
լուծարման պատճառաբանությամբ, 2005թ. օգոստոսի դրությամբ չեն ստացել իրենց
աշխատավարձերի պարտքերը: Դեռեւս 2002թ. հունվարին քաղաքապետարանը մի թշվառ
գրությամբ փորձել էր մխիթարել հիմնարկի աշխատակիցներին. «Ձեր խնդրանքն
առայժմ հնարավոր չէ բավարարել», եւ՝ «Առաջին իսկ հնարավորության դեպքում
աշխատավարձերը կվճարվեն»: Երբ հիմնարկի նախկին աշխատակիցները հիշեցնում են
այդ գրության մասին, քաղաքապետարանի ֆինբաժնից հիշատակում են, որ այդ
գրությունը գրել է քաղաքապետարանի նախկին քարտուղարը (որն այժմ կոմունալ
բաժնի պետն է), եւ իրենք պատասխանատվություն չեն կրում նշված գրության
համար: Ի դեպ, 2 ամիս առաջ տեղական հեռուստատեսությամբ հայտարարվեց, թե
առաջիկայում կառավարությունից ստացվող դոտացիոն գումարները պետք է
հատկացվեն թաղամասային հիմնարկությունների պարտքերի մարմանը, բայց փաստը
մնում է փաստ, որ առայսօր այդ պարտքերը չեն վճարվել: Հետաքրքիր է, ինչո՞ւ
մայրաքաղաքի թաղապետարաններում ստուգումներ անցկացնող ԱԺ Վերահսկիչ պալատը
ստուգումներ չի անց կացնում մարզերի համայնքներում (տվյալ դեպքում՝
Վանաձորի քաղաքապետարանում): Իսկ միգուցե ստուգումներ արվում են՝
տվյալները մամուլում չե՞ն հրապարակվում: