Միլորադ Պավիչ «Հովհան Սիրապուլոսի կյանքն ու մահը»

21/01/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Հունաստանի եւ Բուլղարիայի միջակա սահմանում` Սկանտեի մերձակայքում, որտեղ ապրում են այնպիսի չքավոր ընտանիքներ, որ գլխարկն այնտեղ ժառանգաբար մեկից մյուսին է անցնում, մինչ ի մահ մատ են ծծում, իսկ կացինները մանգաղների պես մաշված են լինում, հույն Թեոդոս Սիրապուլոսի կինը ծնեց մի մանչուկ, եւ նրան Հովհան կոչեցին: Քառասուներորդ օրը, երբ բացվում էր նորածնի երրորդ աչքը, որ ճակատին է լինում, նրանց տուն եկավ մի բուլղար վանական` Արեւելյան եկեղեցու հետեւորդ (իսկ այդ եկեղեցուն էին պատկանում նաեւ հենց իրենք), եւ նորածնի սնարին դրեց մի ոսկի, իսկ ծննդկանին տվեց հարսանիքի համար նախապատրաստած օժիտը: Բոլորին նվերներ տալով՝ նստեց օջախի մոտ ու ասաց.

– Քիթն ու ականջներն աճում են մինչ ի մահ, իսկ անունը եւ մորուքը՝ նաեւ դրանից հետո: Ես եկա դնելու նորածնի անունը…

Ծնողներն ասացին, որ Հովհան անունով նրան արդեն կնքել են, սակայն քահանան պատասխանեց, որ դա իրեն չի խանգարում: Նա միայն կգրի իր հետ բերած մատյանում, որ մանչուկը կնքված է եւ ծնողների օրհնությամբ կգրանցվի ոչ թե որպես հույն Հովհան Սիրապուլոս, այլ նոր անունով` բուլղար Հովհան Սիրապուլով: Երեխայի հայրը, ով երբեք դուկատ չէր տեսել եւ միշտ ապրել էր այնտեղ, որտեղ օրական թխում էին տասը հաց, որտեղ խոսում էին երկու լեզվով, իսկ խմում էին միեւնույն թասից, զարմանք կտրեց: Բայց, այդուհանդերձ, առաջարկին չհամաձայնեց:

– Կյանքում,- ասաց նա,- ամեն ինչ կախված է երկու բանից` արյունից եւ մահից,- եւ համաձայնություն չտվեց:

Այսպես Հովհանը դարձավ հույն` սկզբում այծի հասակով, իսկ հետո դարձյալ աճեց ցուպի չափ եւ մինչեւ կամարակապ առաստաղը: Հարկ էր նրան առեւտրական դարձնել, եթե նա ուզում էր կարագով հաց ուտել, իսկ ջրին գինի ավելացնել: Բայց աչքը տեսնում էր, իսկ բերանը կարոտ էր մնում, որովհետեւ մեծերը փոքրերին վազվզուքի մեջ էին պահում եւ երբեք նրանց ձեռքը ածելի եւ փող չէին տալիս: Հովհանն աղքատության պատճառով վաճառում էր իր մազերը, շուկայի հրապարակում կանգնած ցուցադրում էր, թե ինչպես ինքը ճարպկորեն կարողանում է դրանք հանգուցել, եւ երբ մոտենում էին պատվիրատուները, կտրում էր դրանք մինչեւ վերջին փունջը:

Նրա ժպիտն ավելի ու ավելի էր խամրում, մինչեւ որ մի անգամ առավոտյան այն բոլորովին կորավ, եւ այնժամ դարձյալ հայտնվեց նույն բուլղար քահանան եւ ասաց.

– Ուզում ես, որ դո՞ւ քո ճանապարհը գնաս, թե՞ ճանապարհը քեզ տանի: Ընտրում ես առաջինը` գնա, բայց գիտցիր` մինչեւ հասնես, քոռ ու փոշման կմնաս: Կընտրես երկրորդը` կստանաս, ինչպես ասում են, վերցրու` ինչ որ կտան,- եւ դարձյալ դուկատներ առաջարկեց:

Եվ Հովհանն ընդունեց առաջարկը: Դարձավ բուլղարացի, որոնց լեզուն առանց այդ էլ գիտեր, եւ գրանցվեց որպես Հովհան Սիրապուլով:

«Այդ բուլղար քահանան բնավ էլ ուրացող չէ,- մտածում էր նա,- այլ մեր օրինաց մարդ, եւ նրա նմանները, միայն թե հույները, նույնպես երեւի, գնում եւ բուլղարներին գրանցում են իրենց հունական մատյաններում»:

Այսպես Հովհան Սիրապուլովը բուլղար քահանաների օգնությամբ թաքցրեց իր մայրենի լեզուն, ընդունեց բուլղարերենը, մտավ մի ինչ-որ այլ ժամանակի մեջ, որտեղ ջրերն այլ կերպ են հոսում, հարստություն կուտակեց` վաճառելով աղացած միս, ամուսնացավ, երեխաներ ունեցավ, անընդհատ կրելով այլ` բուլղարական անունը եւ այն փոխանցեց իր սերնդին: Հիմա նրանք Սիրապուլովներ էին:

Այդ միջոցին սահմանագծում բուլղարների եւ հույների միջեւ ընդհարում եղավ: Հովհան Սիրապուլովը ժողվեց որդիներին, նրանց առջեւ չորս թուր դրեց ու ասաց.

– Ով հեքիմի աչքեր ունի եւ կարող է ափի թարախապալարին նայել մինչեւ վերքը փակվի, նրան զենք հարկավոր չէ: Բայց ով այդպիսի բան չի կարող անել, պետք է այդ թարախապալարը կտրի, ուրեմն թրերը կոթերից բռնեք, եթե չեք ուզում սայրերից բռնել…

Եվ գնացին նրանք հույների դեմ: Մարտում հույները ծանր վիրավորեցին Հովհան Սիրապուլովին, որդիները նրան տուն բերին ոչխարի քուրքով, որը կապել էին իրենց գոտկատեղերից: Մահվան մահճում Հովհանը կանչեց կնոջն ու երեխաներին եւ կարգադրեց իր մոտ բերել հույն քահանայի` խոստովանանքի համար, պատվիրեց իրեն թաղել հունական գերեզմանատանը եւ խաչի վրա փորագրել իր հունական անունը:

Որդիները զարմացան այդպիսի ցանկությունից, բայց մեռնողին սպանելը ոչ մի իմաստ չուներ, այդ պատճառով էլ նրան միայն հարցրին, թե նա այդ ինչեր է ասում. իսկ նա նրանց հանգիստ պատասխանում է.

– Ավելի լավ է, որ նրանցից մեկը մահանա, քան մերոնցից մեկը:

Այդպես Հովհանի գերեզմանին հայտնվեց նրա առաջին անունը` Հովհան Սիրապուլոս, որ մինչեւ օրս էլ այդպես կա:

Նա ծնվեց ու մեռավ հույն:

Սուրբ Սավայի մահը կամ լուսնի հակառակ կողմը

Ասում են, թե սուրբ Սավան, Նեմանիչների արքայական ցեղի թագաժառանգն ու սերբ պոետը, հոգու փոխարեն լուսին ուներ: Նա զգում էր, թե ինչպես է լուսինն իր մեջ ներկլանում օտար լույսն ու մակընթացություններ եւ տեղատվություններ է հարուցում: Երբ 1235 թվականին սուրբ Սավան մահացավ, նա մոռացավ իր բոլոր բանաստեղծությունները եւ ամենայն տող ցանկացած վարքագրության, որոնք նա երբեւէ գրել էր: Նա գիտեր, որ այդպես պետք է լինի, քանզի այդ ամենը, ինչպես նաեւ իր մարմինը պատկանում է Երկրին: Անցյալում իր աղոթքները, զգացումներն ու բանաստեղծությունները փոխարինում էին նրան: Ուղերձների նման, դրանք առաքվել էին Երկրից այն վայրը, ուր հայտնվել էր հենց ինքը, եւ այդ պատճառով իմաստազրկվել էին: Այստեղ առաքված սեփական խոսքերի փոխարեն՝ այժմ ներկա էր հենց ինքը: Հիմա նա դարձել էր հենց այն, ինչն իր աղոթքի խոսքերն էին կամ բանաստեղծությունները: Եվ հիմա դրանց խոսքերը կարող էին ծառայել միայն այլոց, նրանց, ով մնացել էր երկրի երեսին: Սակայն նա գիտեր ինչ-որ բան եւս` նա գիտեր, որ հոգին լուսին է: Եվ այն ունի անմատչելի կողմ, որը երբեք չես տեսնի այն կողմից, որտեղ գտնվում ես: Ուստի կենալով երկրի վրա, նա երբեք չէր կարող ներքեւից տեսնել իր հոգու այդ անմատչելի կողմը, այնպես, ինչպես իր համար անմատչելի էր եւ Լուսնի մյուս կողմը: Սակայն, բաժանվելով մարմնից եւ Երկրից, իր այդ կողմը հոգին անտեսանելի էր պահում` ճիշտ է, այն տեսանելի էր Երկրից, ուր հոգի այլեւս չկար: Եվ, մտածելով այդպես, նա հանգիստ էր: Նա գիտեր, որ եղել է եւ կլինի միշտ սիրելի իր ծնունդից դարեր առաջ, հավիտյանս հավիտենից ապագայում:

Բայց հիշողության մեջ հանկարծ մի նախադասություն ծագեց: Ավելի ճիշտ, այն հիշողության մեջ չհայտնվեց, քանզի եւ հուշերը, եւ նախազգացումները համարժեք էին, այն չծագեց, այլ պարզապես գոյում էր այստեղ, եւ իր համար պարզ էր, որ ինքը չէ այն հորինել: Եվ նա չէր կարող հորինել, չէ որ այստեղ նա այլեւս չէր մտածում: Այժմ նա ամեն ինչ գիտեր եւ մտածելու կարիք չուներ, ինչպես մի ժամանակ: Այսպիսով, չհորինված նախադասությունն այստեղ էր: Եվ հնչում էր այն այսպես.

«Սոսկ անցյալի մասին կարելի է վստահաբար ասել, որ այն հավերժ է: Իսկ ապագան պիտի դառնա այդպիսին»:

Սակայն դա դեռ ամենը չէր: Նախադասությունը հայտնվեց նրան ոչ լեզվական արտահայտությամբ, ինչպես այն ժամանակ երեւում էր երկրի երեսին: Այն հայտնվեց նրան գազանի տեսքով: Այդ նախադասություն-գազանը ճերմակ մորթ ուներ, եւ երբ հարկ էր քորվել, նա անում էր այդ՝ ուղղելով իր հինգ հայացքներից մեկը դեպի այն կողմը, որտեղ եռուքոր էր զգում: Անցյալ բառն արտահայտվում էր նրա մարմնի վրա մեծ գլխով` աչքը դնչին: Հենց այդ պահին գլուխը բերանից դուրս էր նետում նոր կերած մարդկային ձեռքը, իսկ այդ ձեռքը մարմնավորում էր հավերժ բառը: Ապագա բառին համապատասխանում էր կենդանու պոչը, որի վրա կարելի էր նշմարել երկրորդ, շատ ավելի փոքր եւ սաստիկ գեղեցիկ կանացի գլուխը, որն ասես գլխաշորով, փաթաթված էր սեփական վարսերով եւ այդ պատճառով իսկ խոսելու հնարավորությունից զուրկ էր: Առջեւի երկու մեծ ոտքերը տանում էին կենդանուն մի կողմ մեծ գլխի ետեւից, իսկ ետեւի երկուսը` փոքրերը` հակառակ ուղղությամբ, կանանց գլխիկով տեղակայված պոչի ետեւից: Այս չորս ոտքերը նախադասության մեջ օգտագործված չորս բայերն էին, եւ դրանցից յուրաքանչյուրը յուրովի էր գարշահոտում: Գազանն ուներ հինգ աչք, եւ դրանցից յուրաքանչյուրը նայում էր ըստ իր պատճառի: Չնայած ոչ մի բանի, Սավան, ով իր կյանքում երիտասարդ էր եղել ընդամենը երեք տարի, միանգամից ամեն ինչ հասկացավ:

Դա բառ առ բառ իր սեփական նախադասությունն էր, որը գրել էր մի նամակում 1189 թվականին: Անշուշտ այն ժամանակ նա դեռեւս գազանի տեսք չէր ընդունել, նա գոյում էր այդ նախադասությունների մեջ կալանված լեզվում, այլ ոչ թե մորթե մաշկում:

Սակայն այդ նամակը վաղուց ի վեր այրվել էր, եւ սոսկ մի մարդ, հենց նա, ում այն առաքված էր` ճաղատ, անբեղ եւ անմորուս ու ականջներից ցցված հերափնջերով, որոնք վկայում էին, որ նա իրականում շիկամազ է, այնպես ստացվեց, որ այդ մարդը, միանգամայն պատահաբար, տեսավ նրան, ում տեսնել չի կարելի: Նրան կապկպեցին եւ խնամքով, այնպես, որ չվնասեն աչքերը, կոպերի միջեւ ճիշտ ձեւաչափի անցքեր կտրեցին: Այդ ժամանակից ի վեր նա մշտապես նայում էր, նույնիսկ, երբ աչքերը փակ էին, եւ ննջում էր նա` իր իրականության լույսով պսակված երազի վրա: Այդ պահին, երբ պատիժը իրականացվել էր, մարդն այդ մոռացավ ամեն ինչ, այդ թվում եւ՝ նամակը, նախադասությունը նամակից, եւ այն այդ ժամանակ վերադարձավ նրան, ով կազմել էր այն: Ինչպես վերադառնում է տիեզերքի փոքր մասը` նախադասությունը բանաստեղծի եւ թագաժառանգի համար մեռած էր, քանի դեռ ապրում էր երկրի երեսին, իսկ այժմ, ընդհակառակը, մահացած գտնվեց այնտեղ, քանի երկրի վրա այն այլեւս ոչ ոք չէր հիշում, եւ այն հասավ նրան գազանի տեսքով:

Այսպես սուրբ Սավան սկսեց այստեղ հանդիպման սպասել իր բանաստեղծությունների հետ` միմյանց հաջորդող կենդանիների տեսքով, եւ այսպես նա այժմ գիտեր, որ յուրաքանչյուր գիրք այրի է: Եվ այսպես վերստին վերականգնվում էր աղոթքի պես ինչ-որ բան, դարձյալ ճամփա էին ելնում ուղերձ-բանաստեղծությունները, ճիշտ է, այժմ գազանների տեսքով: Եվ այդ ամենը շարժվում էր հակադիր ուղղությամբ, նա չէր առաքում դրանք, ինչպես առաջ երկրից` տեղի ուղղությամբ, հիմա նա այդ վայրում սպասում էր նրանց երկրից ուղարկված կենդանիների տեսքով: Նա այլեւս չէր ծնում դրանք լեզվում, որպեսզի հետո հանց ուղերձ ուղարկի Երկինք, ոչ, նրա բանաստեղծությունները մահանում էին երկրի երեսին, այն բանի համար, որ դառնան գազանի տեսքով ուղերձ եւ դարձյալ գտնեն նրան, ասես վերջին դատաստանի օրը, եւ լիզեն նրա հուշերը:

Դրա շնորհիվ նա կարողացավ միաժամանակ տեսնել թե տեսանելի եւ թե անտեսանելի կողմերը Լուսնի, որը կրում էր իր մեջ հոգու փոխարեն:

Այսպես ապագան արդեն հավերժ էր, իսկ անցյալը դեռեւս նոր պիտի դառնար այդպիսին:

Շեքսպիրի այգին

Քանի դեռ դուք այնտեղ չեք եղել, ձեզ բնական է թվում, որ Սթրաթվորդն Էյվոնի վրա, Վիլյամ Շեքսպիրի հարազատ քաղաքը, հայտնի դարձավ իր հանրահայտ գրողի շնորհիվ: Սակայն հենց որ դուք այդ քաղաքն եք ընկնում, տեսնում եք նրա կամուրջները, նրա գետը, որն ամենեւին էլ թաց չի թվում եւ երբեք չի ալեծփում, նրա արոտավայրերը, այգիներն ու տները, դուք մեկեն փոխում եք ձեր կարծիքը: Շեքսպիրը դարձավ այն, ինչ պիտի դառնար, քանի որ ծնվել էր հենց այստեղ: Շեքսպիրը փառքի հասավ Սթրաթֆորդի շնորհիվ, այլ ոչ թե ընդհակառակը: Այդպիսի մտքերով եք դուք մտնում «Շեքսպիրի տուն», երկհարկանի հիասքանչ քարե մի շինություն` փայտյա գերաններով, որոնց հիմքն է քարե վիթխարի վառարանի խողովակը:

Եվ առաջինն, ինչ աչք է զարնում, դա 16 եւ 17-րդ դարերի շրջանակի մեջ առնված մի քանի փաստաթղթերն են: Այնտեղ սեւով սպիտակի վրա այցելուին ապացուցվում է, որ օբյեկտը, որում նա գտնվում է, իրոք այն տունն է, որի մասին խոսվում է սեփականության վկայագրերում, առք ու վաճառքի պայմանագրերում եւ նախագծերում, որոնք ջանադրաբար ներկայացնում են թանգարանի կազմակերպիչները։ Փաստաթղթերի մեջ կա նաեւ 1848 թվականին տպագրված մի մեծ հայտարարություն, երբ Շեքսպիրի հարազատ տան վերջին ժառանգորդը մահացավ եւ նրա ունեցվածքը հրապարակայնորեն վաճառքի դրվեց: Հայտարարությունն իր մեջ բովանդակում է նաեւ հաղորդագրություն առ այն, որ աճուրդով կվաճառվի նաեւ Շեքսպիրի տունը: Գնորդների մեջ, ինչպես ասում են այն ժամանակվա վկաները, կար նաեւ մի ամերիկացի բեզնեսմեն, ով պատրաստել էր, եւ այդ մասին նախօրոք հայտնի էր, վիթխարի գումար: Նա տրամադրված էր մինչեւ վերջ կռիվ տալու եւ վճարելու այնքան, որքան կպահանջվի: Թե նրա ինչին էր պետք Շեքսպիրի տունը, այն ժամանակվա լոնդոնյան թերթերն ամենամանրակրկիտ կերպով բացատրում են իրենց ընթերցողներին: Հարուստ ամերիկացին, եթե հավատանք մամուլի հաղորդագրություններին, մտադիր էր տեղնեւտեղը մասնատել Շեքսպիրի հարազատ տունը, նավի վրա բառնալ եւ տեղափոխել Ամերիկա, այնտեղ դարձյալ վերահավաքել եւ վարժեցված գոմշացլերի, կապիկների եւ գաճաճների ուղեկցությամբ ցուցադրել ողջ ամերիկյան մայր ցամաքով մեկ:

Անգլիայի հասարակայնությունը տարակուսեց, հետո հուզվեց, հետո զայրացավ եւ որոշեց քսակը բանալ: Եվ քսակն այն աստիճանի բացեց, որ այն ժամանակ ստեղծված տրեստը գնեց ոչ միայն Էյվոնի վրա Շեքսպիրի հարազատ տունը, այլ նաեւ աշխարհով մեկ Շեքսպիրի ժառանգության հետ կապված ողջ անշարժ եւ շարժական գույքը: Տրեստը Շեքսպիրի տան կողքին հետազոտական կենտրոնի համար մի շինություն կառուցեց եւ մինչեւ այսօր շարունակում է տնօրինել անշարժ գույքն ու Շեքսպիրի ժառանգության հետ կապված այլ ունեցվածքը: Սակայն նրա հետաքրքրությունն այժմ ուղղված է այլ բաների վրա: Նրանք, ում համար տունը պահպանվել էր, նրա համար սկսեցին վտանգ ներկայացնել:

Հաշվարկվեց այն տարին, երբ Շեքսպիրի հարազատ տունը այցելուների ոտքի տակ փոշու վերածվեց, եւ դա՝ չնայած բոլոր վերանորոգումներին եւ շինության պահպանման համար նոր միջոցների օգտագործմանը: Այդ համաղետից մեզ կարծես թե դուրս է բերում մխիթարիչ սլաքը, որը մատնացույց է անում տան ետեւում գտնվող «Շեքսպիրի այգին»: Փոքր-ինչ շվարած դուք իջնում եք փայտյա աստիճաններով եւ գնում եք, գույնզգույն ծաղիկներով լեցուն, այգով, այդ ծիածանում գերակշռում է դեղին գույնը: «Շեքսպիրի այգին»,- մռթմռթում եք դուք շապկի մեջ, եւ մտածում եք, որ այդ անգլիացիք, թերեւս, չափից ավելի են գերտքնել: Ճանապարհն անխուսափելիորեն ձեզ դեպի ելք է բերում (հակառակ շարժում չկա), եւ այդտեղ ձեզ է սպասում հուշանվերներով կրպակը: Գրադարակների վրա շարված է Շեքսպիրի, լուցկու տուփի չափ, երկերի ժողովածուն, դուք կրկին նկատում եք այդ հանելուկային անունը` «Շեքսպիրի այգին»:

Դուք վերցնում եք գիրքն ու բացում եք այն: Բուսաբանական քարտեզ հիշեցնող նկարակույտ եւ բազում լատինական անվանումներ: Եվ այդժամ ամեն ինչ պարզ է դառնում: Անգլիացիները հաշվարկել են ծաղիկների մասին բոլոր հիշատակությունները Շեքսպիրի ստեղծագործություններում: Շեքսպիրի սոնետից, ողբերգությունից կամ կատակերգությունից յուրաքանչյուր ծաղիկ այստեղ բերվում է լատիներեն բուսաբանական տեղեկագրով եւ պատկերով, եւ Շեքսպիրի հարազատ տան ետեւի այգում տնկված են բացառապես այն ծաղիկներն ու բույսերը, որոնք հիշատակված են նրա ստեղծագործություններում: Դուք նայում եք շեքսպիրյան ստեղծագործությունների էջերը զարդարող ծաղիկներին եւ հասկանում եք, որ այդ հավերժական աչքերի, որոնք կարող էին տեսնել այն, ինչ կամենում էին, եւ ստիպված էին նաեւ տեսնել այն, ինչ չէին կամենում, գերակշռող գույնը դեղինն էր: Դավաճանության, խանդի գույնը, ջրի գույնն ալքիմիկոսների մոտ, եւ ով գիտի՝ էլ ինչի:

Փոքր-ինչ շշմած դուք հետեւում եք ուխտագնացների շարանին, որ ուղղվում է դեպի բանաստեղծի կնոջ` տիկին Հեթուեյի տուն: Նրա տունն այստեղից երկու մղոնի վրա է, եւ այնտեղ է տանում, սթրաթֆորդյան այգիների միջով ոլորվող, հետիոտնի հատուկ ճանապարհը: Եվ այդժամ դուք սկսում եք նկատել, որ այգիներում աճում են նույն ծաղիկները, ինչ որ նրա տան ետեւի այն մեծ այգում: Եվ ձեր մեջ նորից հարց է ծագում, թե ով է ում ծնել` այգին Շեքսպիրի՞ն, թե՞ Շեքսպիրն այդ այգուն: Բայց դա վաղաժամ հարց է, քանի որ պատասխանը ձեզ է սպասում անկյունի ետեւում: Այնտեղ այգու գույքերի եւ սերմերի մի փոքրիկ խանութ է կանգնած: Ցուցափեղկի հատուկ տուփում դուք տեսնում եք սերմերով փաթեթների հավաքածու «Շեքսպիրի այգուց»: Բավ է մի կոմպլեկտ գնել, սերմերը շաղ տաք ձեր ծաղկանոցի հողում, եւ դուք կստանաք «Շեքսպիրի այգին» սեփական խմբագրմամբ:

Եվ սերմերն այդ աճում են: Այն էլ ինչպես են աճում: Գործնականորեն ձեր շուրջբոլորը փռվում է վիթխարի, անպարագրելի «Շեքսպիրի այգին»: Գերակշռող դեղին գույնով եւ բազում բույրերով: Բույրերը ձեզ ուղեկցում են մինչեւ տիկին Հեթուեյի տունը, ծղոտե կտուրի տակ փայտե հենքով քարե տունը, որ պատված է մետաղալարե ցանցով, առանց որի թռչունները երկու ամսվա ընթացքում այն կմաքրազարդեին: Եվ այդ, ձեր ուշադրությանը ներկայացվող երկրորդ տան ետեւում, միեւնույն նախազգուշացմամբ առ այն, որ այսինչ թվին ձեր քայլերի ծանրության տակ այն փոշու կվերածվի, դուք կրկին տեսնում եք «Շեքսպիրի այգին» եւ նրա խորքում՝ ելքն առ հուշանվերների փոքրիկ խանութը: Իսկ կողքին՝ ինչ-որ բան, որ մինչեւ հոգու խորքն ապշեցնում է ձեզ: Թրծված կավից մի փոքրիկ խեցաման, եւ դրանում, որպես հուշանվեր, սթրաթֆորդյան մեղրը: Մեղր, որ մեղուները ժողվել են «Շեքսպիրի այգուց», ավելի ճիշտ, բոլոր այն շեքսպիրյան այգիներից, որոնք շրջապատում են մեզ այստեղ եւ արբեցնում են իրենց բույրով:

Եվ ես գնում եմ սթրաթֆորդյան մեղրով մի խեցաման եւ այն տուն եմ բերում: Երբ ես գրում եմ այս տողերը, խեցամանը կեցած է իմ առաջ, ես փոքր-ինչ փորձում եմ դեղին ծաղիկների ալքիմիայից եւ մտածում եմ, որ այժմ ես չեմ խոսում, այժմ իմ գրամեքենայի տկտկոցի տակ խոսում են «Շեքսպիրի այգու» գույները, նրանք բոլոր հնարավոր միջոցներով ազդարարում են իրենց մասին, եւ նրանց համար կարեւոր չէ, թե ով է նրանց ոգեմիջնորդը: Եթե Շեքսպիրը կարող է իր մասին ազդարարել մեղրի միջոցով, ապա, երեւի թե, կարող է նաեւ սովորական գրամեքենայի միջոցով: Սակայն Շեքսպիրի ստեղծագործություններում կան ոչ միայն ծաղիկներ: Այնտեղ, օրինակ, փչում են սարսափելի, մրրկածին քամիները: Եվ կարելի էր նույն սկզբունքով, ինչ որ «Շեքսպիրի այգին», վերակերտել սարսափելի քամիների վարդը, որն ունակ է մի ակնթարթում վերացնել բոլոր շեքսպիրյան այգիները մեզ հետ եւ մեր միջի սթրաթֆորդյան մեղրով հանդերձ:

ԼԵԳԵՆԴ ԿԱՐԱՄՈՒՍԹԱՖԱՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ, երբ դեռ հունաց դպրոցներում ուսուցանվում էին խաբեության տարբեր եղանակները, Աթոն սրբազան լեռը գտնվում էր չարագործ եւ ավազակ Կարամուսթաֆա բեկի իշխանության տակ: Կարամուսթաֆան ասում էր, որ շաբաթվա մի օրը Աստծունն է, իսկ մնացյալ բոլորը պատկանում են իրեն: Նա մի նժույգ ուներ: Ժողովուրդը փսփսում էր, թե կիրակիները նժույգն աղոթում էր եկեղեցու առջեւ: Կարամուսթաֆան միշտ վառարանի մեջ անշեջ կրակ էր պահում, որը նա «Սոֆիա» էր անվանում: Այդ հրով նա այրում էր ամենքին եւ ամենայն ինչ, ինչը որ նրա սրտով չէր: Ժամանակ առ ժամանակ Կարամուսթաֆան Սրբազան լեռ սուրհանդակ էր ուղարկում եւ սպառնում էր այրել Խիլանդարը: Իսկ դա Աթոնի ամենամեծ վանքերից մեկն էր, որին ամենահեշտն էր մոտենալ մայր ցամաքից: Ամեն մի ասպատակությունից առաջ, Կարամուսթաֆայի սպիտակ քերծե շներին լողացնում էին ճերմակեղենի լեղակով: Բեկը կարողանում էր հատել մարդուն պատյանով, ինչպես սրով: Խեղդում էր ոչ թե ձեռքերով, այլ իր երկար յուղոտ հյուսքով: Վաղուց հայտնի էր, որ Կարամուսթաֆան կապի մեջ էր պիղծ ուժերի հետ: Աֆրիկայում նրան մի կապիկ պատահեց, նրանցից, որոնց կարելի է տեսնել կյանքում լոկ մեկ անգամ: Այդ կապիկները ժամանակ առ ժամանակ այցելում էին այն աշխարհը: Բեկը կապիկին պարզեց ձեռքը եւ թույլ տվեց, որ իրեն կծի: Այդ ճամանակից ի վեր Կարամուսթաֆան ամեն առավոտ կանչում էր խոջային եւ պահանջում էր մեկնել կապիկի ատամների թողած նշանը:

– Կյանքի ժամանակը մեզ տրված է պարտքով,- ասում էր Կարամուսթաֆան:

Գիշերները նա լսում էր, թե ինչպես են իր քերծեները քրքջում երազում, իսկ ինքը լալիս էր` սուրը կծոտելով, այն պատճառով, որ սերունդ չուներ: Մի անգամ, երբ վանականները Խիլենդարից նրան հարկ էին բերել, նա հարցրեց, թե արդյո՞ք ճիշտ է, որ իրենց մոտ` վանքում, դեռեւս սերբ արքաների ժամանակներից խաղողի որթ է աճում, որի եզան աչքի պես վիթխարի պտուղները օգնում են ամուլ կանանց: Դրական պատասխան ստանալով՝ Կարամուսթաֆան իր քերծեներից մեկին ուղարկեց նրանց հետ եւ պատվիրեց նրան կերակրել այդ խաղողով, քանզի նրա մոտ շներն էլ էին դադարել բազմանալ…

Վանականներն իրենց հետ վերցրին շան քածին, սակայն պահում էին նրան նավի վրա, քանզի Սրբազան լեռան վրա կարող են կենալ սոսկ նրանք, ում դեմքին մորուս է աճում: Ինը հարյուր օրից նրանք վերադարձան, եւ շան քածը յոթ քոթոթ ծնեց:

Այդ նախանշանից հետո Կարամուսթաֆան խրեց իր սուրը կոճղի մեջ, զգեցավ ապաշխարման հանդերձանքը, ատամներին սեւ ներկ քսեց եւ ուղեւորվեց դեպի Սրբազան լեռան սահմանը: Իր ետեւից, ձիու վրա, փոքրիկ վրանի տակ, տանում էին նրա գլխավոր կնոջը` դատարկ օրորոցը ձեռքին: Վանականները դիմավորեցին նրանց եւ տեղավորեցին խիլենդարյան ծխական համայնքի սահմանի վրա` Սրբազան լեռան հյուսիսային վերջավորությունում: Ամեն առավոտ բեկի կնոջը խաղող էին բերում այն որթից, որն աճում էր Ստեֆան Նեմանիի գերեզմանից քիչ հեռու, հենց խիլենդարյան Ընծայման տաճարի պատի մոտ, որի վրա ողկույզները կապույտ ստվեր էին նետում:

– Եթե տղա ծնվի,- խոստացել էր վանականներին Կարամուսթաֆան,- նա ձեզ ծովից բերանով կրակ կբերի եւ վանքում մոմ կվառի, իսկ այնուհետեւ իր ողջ կյանքում կծառայի ձեզ:

Հույսերն իրականացան: Կարամուսթաֆայի կինն ունեցավ ոչ թե մեկ, այլ երկու տղա: Խոսք չտված` դիմացիր, իսկ թե տվել ես` գոտեպնդվիր: Այնպես էր ստացվում, որ երկու որդիներին էլ պետք է վանականներին տային… Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր հոսեցին։ Բեկը մեկը մյուսի ետեւից երեխաներ էր ունենում: Նա վերադարձավ իր նախկին կյանքին եւ առանց սուրը թափահարելու՝ քայլ չէր անում:

Նրա առաջնեկներն աճում էին եւ մեծ հույսեր էին ներշնչում: Նրանց հանդուգն խիզախությունն առասպել էր դարձել: Սակայն նրանց խելահեղության տակ ծանր հիվանդություն էր պահված: Եղբայրներից մեկը դեռեւս մանկահասակ նկատել էր, որ լսում է մտրակի սուլոցը, բայց հարվածը չի զգում: Մյուսի հետ ահա թե ինչ պատահեց: Երբ նա մի տասնհինգ տարեկան էր, Սալոնիկում ինչ-որ աղջիկ փողոցում թաքուն իր հայելու մեջ հափշտակված նայում էր նրան: Նա այնքան մոտիկից անցավ, որ նրա երկար սեւ վարսերը սրածեցին պատանու այտը: Նա անծանոթուհու վարսերի վրայի արյունը նկատեց, սակայն ոչ մի ցավ չզգաց: Եվ եղբայրները հասկացան, որ զուրկ են ցավի բարեբեր զգայությունից: Նրանք սկսեցին սարսափել միայն մի բանից` առանց վերքերը զգալու մարտում զոհվելուց:

Հենց առաջին մարտում, երբ Կարամուսթաֆան իր հետ էր վերցրել որդիներին, նրանք սարսափելի սպանդ գործեցին: Ձիերին` եղբայրներից յուրաքանչյուրի տակ երիցս փոխում էին: Մարտի ավարտից հետո հորդան փառաբանում էր նրանց կյանքը: Իսկ եղբայրներն առանձնացել էին վրանում եւ սկսել էին միմյանց զննել: Չէ՞ որ նրանք կարող էին հայտնաբերել իրենց վերքերը միայն աչոք կամ շոշափելով: Այդ սարսափելի խուլ պահերը մարտից մինչեւ հաշմության զննումը, այնքան էին նրանց անողոքացրել, որ նրանք մոլեգնել էին իրենց հորից առավել:

Սակայն պատահեց այն, ինչը ոչ ոք չէր կարող ենթադրել: Տասնյոթ տարի անց Կարամուսթաֆան կատարեց իր խոստումը: Հենց որ իր առաջնեկները հասունության հասան, նա նրանց հետ ժամանեց վանքի դարպասների մոտ, որպեսզի նրանց վանական ձեռնադրի:

«Ի՞նչը ստիպեց բեկին այդպես վարվել»,- գուշակում էին վրանների տակ, թուրքական ճամբարներում:

Իսկ վանականները խուցերում այլ բանի համար էին շշնջում առ այն, թե ինչ կլինի, եթե իրենք վանք մտցնեն թուրք զորավարի որդիներին. «Կբացես դռները, ներս կթողնես նրանց, իսկ հետքերը նրանց լուսանի են»:

– Դե, այս գործը կարելի է գլուխ բերել,- ձայնեց վանական ավագ աստիճանավորներից մեկը,- թե ինչպես վարվել` հայտնի բան է: Որդիներից մեկին վստահեք բանալիներն ու փողերը, իսկ մյուսին` խաչն ու գիրքը: Առաջինին տնտեսության կառավարիչ կարգեք: Թող վարի առեւտրական գործերը, թող տնօրինի վանքապատկան բարիքը` նախիրները, ջրերը, հողերը: Սակայն խաչը նրա ձեռքը մի տվեք, մի մատուցեք նրան ոչ փառք, ոչ պատիվ, սեղանի շուրջը նստեցրեք ամենավերջին տեղում, անունը նրա հազվադեպ հիշատակեք, լեզուն շաղ տալ մի թույլատրեք, թող նա միշտ ձեր աչքի առաջ լինի, հենց մի բան այն չլինի, կարելի է եւ փոխել… Մյուս որդուն, ընդհակառակը, պատվավոր տեղ սահմանեք, խաչն ու գիրքը թող ձեռքից վայր չդնի: Զօր ու գիշեր փառաբանեք նրան, որպես Սուրբ Գրոց գիտակի: Մատնացույց արեք նրան, որպես մաքրագույնին իր դիտավորություններում, իբրեւ օրինակ այլոց… Սակայն ոչ բանալին եւ ոչ էլ գանձարանը մի վստահեք նրան, ոչ մի իշխանություն մի տվեք: Ամենայնն, ինչ որ անի, թող պահվի ձեզ մոտ: Թող եղբայրները միմյանց նայեն, ինչպես կանգնած ջուրը, որ կհոսեր, եթե հուն ունենար: Եվ քանի դեռ նրանք միմյանց խեթ-խեթ են նայում, կարելի է հանգիստ քնել, իսկ եթե նրանք միավորվեն եւ բանալին խաչի հետ պսակեն եւ պահեն իրենց որպես արենակից եղբայրներ` մեզ կմնա միայն նավի վրա բեռնվել` վերցնելով մեր ավանակներին, որպեսզի ծովում գոնե աղադրած միս անուշ անենք: Այստեղ մենք այլեւս կյանք չենք ունենա,- այսպես մեկնեց վանական ծերունին:

Նշանակված օրը Կարամուսթաֆայի որդիները հայտնվեցին վանքի դարպասների մոտ: Ամեն մեկի վզին սանձ էր, իսկ բերանում` հուր ծովից: Վանականներին համակեցին կասկածները: Պատանիները ծառաների ուղեկցությամբ հանդիսավոր մտան վանք: Ծառաները նրանց ետեւից արծաթե սկուտեղ էին բերում, որի վրա հանգչում էին երկու եղբայրների հյուսքերը` միաձույլ ագուցված: Եվ այդժամ վանահայրը որոշումը փոխեց: Նա Կարամուսթաֆային դիմեց իմաստուն խոսքերով` հատուցելով Աստծունը՝ Աստծուն, իսկ բեկինը՝ բեկին.

– Մենք չենք քեզ որդիներ պարգեւել,- ասաց վանականը,- եւ այդ պատճառով էլ մենք չենք կարող նրանց քեզանից վերցնել: Թող նրանց վերցնի նա, ով քեզ պարգեւել է նրանց` Բարձրյալը…

Պատանիները, վառվող մոմերի ծայրերը կրծելով, կրակը վերադարձրին ծովին: Եվ այդպես էլ նրանք վանական չձեռնադրվեցին…

Պատմում են, որ նրանք երկուսն էլ զոհվեցին Պրուտ գետի ափին, մինչեւ վերջին շունչը լինելով մահացու թշնամիներ: Նրանցից մեկը խազնադար` թուրքական բանակի գանձապահ էր դարձել, իսկ մյուսը` դերվիշ, Ղուրանի լավագույն մեկնիչը:

Տասնչորսերորդ առաքյալը

Երբ արդեն խաչված Քրիստոսին խաչ հանեցին, անապատից մի անծանոթ հայտնվեց, որ բերանքսիվայր ընկավ փոշիների մեջ` նրա ոտքերի մոտ, եւ սկսեց լիզել խաչյալի ոտքերից հոսող արյունը:

– Ո՞վ ես դու,- հարցրեցին նրան Քրիստոսի աշակերտները, որ խմբվել էին խաչի շուրջը:

– Ես նրա տասնչորսերորդ աշակերտն եմ,- պատասխանեց անծանոթը:

– Նախկինում մենք քեզ երբեք չենք տեսել: Որտե՞ղ էիր դու առաջ,- ասացին նրանք:

– Առա՞ջ,- զարմացավ անծանոթը: -Առաջ նա ինձ պետք չէր: Նա իմ ուսուցիչը չէր: Ես եկել եմ ուսանելու ոչ թե այն, թե ինչպես ապրել, այլ այն` ինչպես մահանալ: Ինչն էլ որ ես այժմ անում եմ: