Բավարարել է

19/01/2010

Երեկ Վարչական դատարանը բավարարել է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պատվական Հովակիմյանի հայցը, որով նա վիճարկում էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը: Հիշեցնենք, որ ԸԸՀ-ն թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի ընտրությունների արդյունքներն ամփոփել է` չսպասելով Փաշինյանի վստահված անձի բողոքներին, այն դեպքում, երբ հեռախոսով ԸԸՀ-ի նախագահին Պատվական Հովակիմյանը զգուշացրել է, որ բողոքներ է ներկայացնելու: «Վարչական դատարանն իր որոշմամբ ԸԸՀ-ին պարտադրում է ընդունել եւ քննության առնել Պատվական Հովակիմյանի բողոքը` թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը»,- երեկ ասել է Հայ Ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: ԸԸՀ հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանն էլ «Ա1+»-ին տեղեկացրել է, որ գրություն է ուղարկել Վարչական դատարան եւ պատրաստ է ընդունել եւ քննության առնել Նիկոլ Փաշինյանի վստահված անձի բողոքը. «Այնպես որ, դիմումները կընդունեմ եւ հնարավորինս արագ կքննեմ»: Նա ասել է, թե ԸԸՀ-ն չի սպասել Պատվական Հովակիմյանի դիմումներին եւ ամփոփել է ընտրությունների արդյունքները, քանի որ ընթացքում նրանից դիմումներ ստացել էր. «Մենք ընկալել ենք, որ Պատվական Հովակիմյանն արդեն ներկայացրել է»: