Հաճախորդները՝ հյուրանոցում

19/01/2010

ԱԺՄ նախագահ, երբեմնի քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի նշանակումը Հանրային խորհուրդ կոչվող անիմաստ կառույցի նախագահի պաշտոնում շատերի կողմից ընդունվեց կարեկցանքով: Այն իմաստով, որ վերջապես իրականացավ Վազգեն Մանուկյանի վաղեմի ու երեւի միակ երազանքը` նա դարձավ որեւէ բանի նախագահ: Սակայն պարզվում է՝ Վազգեն Մանուկյանի այդ էսթետիկական հաճույքը նաեւ բավական թանկ արժե հարկատուների համար: Անցած տարվա վերջից Հանրային խորհրդի աշխատակազմը «Էրեբունի» հյուրանոցում վարձակալել է մոտ 200 քառակուսի մետր տարածք, որի դիմաց պետությունը, այսինքն` հարկատուները, ամսական պետք է վճարեն առնվազն 2 միլիոն դրամ: Այսինքն` իշխանությունները «հաճախորդների սպասարկման սահմանված կարգի համաձայն» վարձահատույց են լինում նրան: Տվյալ դեպքում, նաեւ հարկատուների հաշվին: Անկախ ամեն ինչից, Վազգեն Մանուկյանի դռան ցուցանակը շատ գեղեցիկ է ստացվել: Ի վերջո, աշխատանքային ժամի ավարտից հետո եւ հանգստյան օրերին «Հանրային խորհուրդ» արտահայտության վրա նա կարող է փակցնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը: