Գազը կթանկանա ավելի քան 40%-ով

19/01/2010

Առաջիկա օրերին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի սակագնի թանկացման հայտ է ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այս տարի 26 դոլարով թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարի փոխարեն սահմանելով 180 դոլար: Գործող սակագինը սահմանվել է 2009 ապրիլի 1-ից սկսած: Այս պահին բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է 96 հազար դրամ, ինչը կազմում է 316 դոլար 2009թ. պետբյուջեի հիմքում ընկած 303,69 փոխարժեքով: Իսկ այս տարի «ՀայՌուսգազարդը» այդ 316 դոլարին գումարելու է ՌԴ-ի կողմից բարձրացրած 26 դոլարն իր 20 տոկոս կամ մոտ 5 դոլար ավելացված արժեքի հարկով: Եվ բնակչության համար 1000 խմ գազը կազմելու է 346 դոլար, ինչը 2010-ի բյուջեում ընկած 1 դոլարի դիմաց 386,41 դրամ կուրսով լինելու է 134.000 դրամ: Սակայն գազի սակագնի մեջ մատակարարողի կողմից գնի փոփոխությունից բացի հաշվի է առնվում նաեւ Հայաստանում սպառված գազի տարեկան ծավալը: Անցյալ տարի «ՀայՌուսգազարդը» հանձնաժողովին հայտ ներկայացնելիս կանխատեսում էր տարեկան մոտ 2 մլրդ խմ բնական գազի սպառում: Սակայն տարեկան արդյունքներով այդ թիվը նվազեց մինչեւ 1,6 մլրդ-ի: Սպառված գազի ծավալների մոտ 20%-ի նվազումը նույնպես կհանգեցնի սակագնի բարձրացմանը: Բացի այդ, սակագնի հիմքում ընկած են նաեւ «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որի մեծությունն ընկերության կողմից չի հրապարակվում: Եվ չի բացառվում, որ այդ 134.000 դրամը մի քանի հազարով էլ ավելանա: Ինչ վերաբերում է գազի խոշոր սպառողներին (10 հազ խմ-ից ավելի), ապա նրանց համար սակագնի բարձրացումը մի փոքր ավելի մեղմ կլինի, քանի որ նրանք վճարում են դոլարով: Ներկայումս խոշոր սպառողները վճարում են 1000 խմ դիմաց 215 դոլարին համարժեք դրամ: «ՀայՌուսգազարդը» դրան ավելացնելու է նույն 26 դոլարն՝ իր մոտ 5 դոլար ԱԱՀ-ով: Եվ խոշոր սպառողների համար էլ գազի նվազագույն գինը կազմելու է 245,2 դոլար: Իհարկե, վերը նշված` գազի սպառման ծավալների նվազման ու շահագործման ծախսերի գործոնների արդյունքում, մեծ հավանականությամբ, այս թիվն էլ կբարձրանա: Իսկ «ՀայՌուսգազարդն», իր սովորության համաձայն, հայտի մեջ մի փոքր ավելի մեծ թիվ կնշի, որ հանձնաժողովն էլ, իր սովորության համաձայն, մի փոքր կրճատի այդ գումարը եւ սահմանի ցանկալի սակագինը: Դա են պահանջում «շոուի» ժանրի կանոնները: