Կամաց-կամաց փոխհատուցում են

19/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերջերս Հայաստանի իշխանությունները Հանրային խորհրդին (ՀԽ) գրասենյակ են հատկացրել: Այն գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի անմիջական հարեւանությամբ: Բավական շքեղ այդ հարկաբաժնում տեղավորված հանրային գրասենյակը զբաղեցնում է 4 խոշոր սենյակներ: Մեկը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աշխատասենյակն է` իր ընդունարանով, մյուսը` աշխատակազմի աշխատասենյակն է: Երկու մեծ սենյակ էլ նախատեսված է ՀԽ-ի հանձնաժողովների համար: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով եւ մոտ 1600 անդամներ: Աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ ՀԽ-ն այդ նոր գրասենյակ է տեղափոխվել անցած տարեվերջին: Ներկայումս գրասենյակում զբաղված են կահույք գնելու եւ տեղավորելու աշխատանքներով: Առայժմ գրասենյակն ունի 2 աշխատող: Երեկ փորձեցինք գրասենյակի ու խորհրդի գործունեության հետ կապված զրուցել Վ. Մանուկյանի հետ, սակայն նա քարտուղարուհու միջոցով փոխանցեց, թե «զբաղված է»:

Եվ չնայած Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահը իշխանությունների հետ համագործակցելուց հետո խուսափում է լրագրողների հետ շփումից, ավելի ուշ մեզ հաջողվեց շատ կարճ հեռախոսազրույց ունենալ նրա հետ: Վ. Մանուկյանն ասաց, թե Հանրային խորհրդում եւս 6 աշխատող ընդունելու համար հաստիքացուցակ է ներկայացվել, որը պետք է հաստատվի: Եվ Հանրային խորհրդի կազմից ձեւականորեն վարձատրվելու են այս 8 աշխատողները միայն: Իր` Վ. Մանուկյանի եւ ՀԽ մյուս անդամների համար վարձատրություն նախատեսված չէ: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանությունները ՀԽ-ի համար նախատեսել են նաեւ բավական կլորիկ գումար, որը խորհրդի անդամները ստանալու են «կատարված ծախսերի փոխհատուցման» անվան տակ: Այնպես որ, Հանրային խորհրդի` հանրությանը հայտնի անդամներն ու նախագահը վարձատրվելու են նաեւ «քյաշ փողով»:

Հիշեցնենք, որ այս կառույցի աշխատանքը պետք է լինի հանրությանը հուզող խնդիրները վերհանելը, իշխանություններին ներկայացնելը եւ դրանց համար լուծումներ առաջարկելը: Սակայն իր ստեղծման օրից ՀԽ-ն մի քանի հարցի հետ կապված ընդամենը իշխանությունների տեսակետը պաշտպանող հայտարարություններ է արել: Եվ պարզ է, որ այսուհետ նույնպես շարունակելու է նույն գործը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո շրջանառության մեջ դրեց ՀԽ ստեղծման գաղափարը, որի նպատակը պետք է լիներ հասարակության ներսում առկա լարվածության մեղմացումը: Հիշեցնենք, որ համաներում հայտարարելու համար ամռանը ՀԽ-ն եւս դիմել էր Ս. Սարգսյանին: Բնականաբար, ՀԽ-ն դա ինքնուրույն չէր արել: Ս. Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ համաներման համար պետք է իրեն առաջարկություն ներկայացնել: ՀԽ-ն երկիմաստ հայտարարություն էր արել նաեւ հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ` հիմնականում պաշտպանելով ՀՀ նախագահի դիրքորոշումը: Այնպես որ, այս կառույցն իրականում ոչ թե ներհասարակական լարվածությունը թուլացնող, այլ իշխանությունների գործունեությունը պաշտպանող, նրան գովերգող հերթական կառույց է: Եվ պատահական չէ, որ այս կառույցի խորհրդում ընտրվել են հիմնականում իշխանությունների հաճախորդ գործիչներն ու արվեստագետները` սկսած Վ. Մանուկյանից, Խոսրով Հարությունյանից մինչեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան: Հանրային խորհրդում նրանք իրենց համար ոչ միայն, իրենց կարծիքով, ներկայանալի զբաղմունք են ձեռք բերել, այլեւ, ինչպես նշեցինք, վարձատրվելու են «քյաշ փողով»:

Երեկ մենք փորձեցինք Վ. Մանուկյանից տեղեկանալ, թե իշխանություններն ամսական որքա՞ն գումար են վճարում ՀԽ գրասենյակը վարձակալելու համար, եւ թե գրասենյակը որքա՞ն տարածք է զբաղեցնում: Ասաց, թե տեղյակ չէ: Սակայն մեր տեղեկություններով, «Էրեբունի պլազա» հյուրանոցում տարածքի վարձակալման գումարը 1 քառակուսի մետրի դիմաց 8-12 հազար դրամ է: ՀԽ-ն զբաղեցնում է մոտ 200 քմ: Եվ մոտավոր հաշվարկներով բյուջեից ՀԽ-ի շքեղ գրասենյակի միայն վարձակալման համար յուրաքանչյուր ամիս վճարվում է մոտ 6000 դոլար: Եվ այդ նույն հարկաբաժնում Վ. Մանուկյանը, հարմարավետ գրասենյակից բացի, վայելում է նաեւ Ռ. Քոչարյանի հարեւանությունը: Հիշեցնենք, որ նախկին նախագահի գրասենյակի համար նույնպես բյուջեից գումար է հատկացվում: Նույն հարկում է գտնվում նաեւ Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչությունը: ՀԽ աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ այդ տարածքում իրենք կգործեն 2 տարի: Մեր տեղեկություններով՝ Վ. Մանուկյանը, սակայն, իշխանություններից Հանրային խորհրդի համար առանձին` սեփական ավելի մեծ տարածք է պահանջել, բայց առայժմ նրա այդ ցանկությունը չի բավարարվել: Խոսակցություններ կան, որ պետք է վերանորոգվի եւ ՀԽ-ին տրվի Սարյան փողոցի սկզբնամասում գտնվող եռահարկ փոքր շենքը, որը պատկանում է Հունաստանի դեսպանատանը: Տարիներ առաջ Հունաստանն այդ շենքը գնել է, որպեսզի իր երկրի դեսպանատունն այդտեղ տեղափոխվի: Սակայն ֆինանսավորում չի հատկացրել, ու եռահարկը մնացել է կիսաքանդ, առանց դուռուլուսամուտի: Շենքի պահակը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ ֆինանսավորվելու եւ վերանորոգվելու հույսեր չկան: Նա նաեւ չբացառեց շենքի հնարավոր վաճառքը: Այսինքն` չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները Հունաստանից ետ գնեն այդ շենքը ու այս անգամ հանձնեն ՀԽ-ին: «Այ, եթե բարեխոսեք, շնորհակալ կլինենք»,- մեր հեռախոսազրույցի ժամանակ պատասխանեց Վ. Մանուկյանը: Հիշեցնենք նաեւ, որ 2008թ. ընտրություններից ու մարտիմեկյան իրադարձություններից հետո քաղաքական կուլիսներում եւ մամուլում խոսակցություններ էին շրջանառվում, թե իշխանությունները Վ. Մանուկյանին մեծ գումար եւ Իսպանիայում ամառանոց են տվել: Հիշեցնենք նաեւ, որ նախընտրական շրջանում Վ. Մանուկյանի ԱԺՄ կուսակցությունը «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հետ բանակցություն էր վարում նախընտրական դաշինք կազմելու համար: Եվ հենց այդ շրջանում էլ իշխանությունները «վերբովկա» են արել Վ. Մանուկյանին: Այդ գործն իր վրա է վերցրել նախկինում՝ ԱԺՄ, ներկայումս՝ ՀՀԿ անդամ եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընտրություններից հետո Վ. Մանուկյանին էին հատկացրել Մոսկովյան-Աբովյան խաչմերուկում գտնվող շենքից բավականին մեծ տարածք, որտեղ նրա դուստրը բացեց «Մոտիվի» հագուստի խանութը: Իսկ Վ. Մանուկյանի իշխանամետ գործունեությունից դժգոհ ԱԺՄ անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, թե իրականում իշխանությունները նրան շատ ավելի մեծ փոխհատուցում են տվել ընտրությունների ժամանակ ու դրանից հետո իրենց հետ համագործակցելու համար: ԱԺՄ-ին մոտ կանգնած շրջանակներում նույնիսկ խոսում են, թե միայն կանխիկ գումարի տեսքով Վ. Մանուկյանը ստացել է 10 մլն դոլար: Մեր զրուցակից ԱԺՄ-ականը, որը, բնականաբար, խնդրեց չհրապարակել իր անունը, նաեւ տեղեկացրեց, որ նախընտրական ու հետընտրական շրջանում, երբ արդեն տեղեկացել են, որ Վ. Մանուկյանը դավաճանել է իրենց ու համագործակցում է իշխանությունների հետ, կուսակցությունում բավական մեծ դժգոհություններ ու վեճեր են եղել: Շատ անդամներ հեռացել են կուսակցությունից: Բայց Վ. Մանուկյանը նրանց այսպես է պատասխանել. «Դուք չեք հասկանում, այդպես է պետք»: